Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև ու արժանապատիվ խաղաղությանը, չնայած այդ ուղղությամբ դեռ աշխատանք կա անելու, այսօր կայացած հեռավար ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
«Մի քանի հարց չհաշված` մենք շատ ոգևորված ենք, որ նրանք ունեն երկկողմ հագեցած օրակարգ և քննարկում են իրենց տարաձայնությունները։ Դեռ աշխատանք կա անելու, և մենք պատրաստ ենք աջակցել։ Մենք երկու երկրի հետ էլ լիարժեք հարաբերություններ ունենք՝ տնտեսական, անվտանգային և քաղաքական կապեր և շատ կուզեինք, որ երկուսն էլ օգուտներ քաղեին խաղաղության համաձայնությունից։ Կարծում եմ՝ սա երկու կառավարությունների համար էլ լավ հնարավորություն է՝ ավելին անելու հանուն իրենց ժողովուրդների», – ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։
Օ՛Բրայենը, սակայն, ճեպազրույցում չի անդրադարձել Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման կազմակերպմանը, ինչի մասին պետքարտուղարի Կովկասի հարցերով ավագ խորհրդականի՝ երևանյան այցից հետո խոսել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։
Լուիս Բոնոն, ի դեպ, Երևանից հետո Բաքու չայցելեց. թե ինչու, ամերիկյան ու ադրբեջանական կողմերը պաշտոնապես չեն բացատրել։ Օ՛Բրայենն էլ այսօր այդ մասին չխոսեց։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: