ՀՅԴ ԳՄ անդամ, Ազգային կոմիտեի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գում է.
«Երեք տարի է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին վստահեցնում էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին՝ երեք կարևոր սկզբունքների հիման վրա, որոնք հայկական կողմի համար կարմիր գիծ են.
1) Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.800 ք/կմ,
2) տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն` չսահմանափակելով երկրների սուվերենությունը և իրավազորությունը,
Կարդացեք նաև
3) պետք է ձեւավորվեն պայմանագրի իրագործումը երաշխավորող միջազգային մեխանիզմներ։
Ի պատասխան` Ալիևը երեկ հստակ հայտարարել է.
1) Ադրբեջանի զորքերը որևէ հետ քայլ չեն կատարելու այն տարածքներից, որոնք զբաղեցրել են 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո,
2) միջանցք պետք է լինի, այն պետք է անցնի Մեղրիով և Ադրբեջանից Ադրբեջան մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց ստուգման,
3) Ադրբեջանը չի ընդունում միջազգային երաշխիք ամրագրելու հայկական կողմի պահանջը։
Ավելին` Ալիևը նաև հայտարարել է, որ դեմ է 1970 թ. քարտեզների հիմքով դելիմիտացիա սկսելուն և պահանջում է ՀՀ տարածքում գտնվող 8 գյուղերը։
Փաստացի սա Բաքվի բռնապետի պաշտոնական հրապարակային պատասխանն է մեր պետության կադաստրի վկայական աղերսող Նիկոլ Փաշինյանին։
Սա Բաքվի բռնապետի պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են` Արցախը տանք, որ Հայաստանի Հանրապետությունը փրկենք։
Սա Բաքվի բռնապետի պատասխանն է միջազգային հանրությանը, ովքեր շաբաթը մի քանի անգամ արձանագրում էին «խաղաղության» պայմանագրի շուրջ առաջընթացի մասին։
Իրականում գործընթացի այս փուլում Ադրբեջանը ցանկանում է․
ա) լիգիտիմացնել և անշրջելի դարձնել իր մինչև օրս արձանագրած ձեռքբերումները՝ Արցախի բռնազավթման և ՀՀ տարածքների օկուպացիայի մասով,
բ) որևէ պարտավորություն չստանձնելով` չսահմանափակել իր հետագա գործողությունները։
Այս պարագայում Ադրբեջանի հետ «խաղաղություն» բառը պարունակող վերնագրով պայմանագրի ստորագրումը նշանակում է․
1․ պաշտոնապես ընդունել, որ ՀՀ-ն պատերազմի մեջ է գտնվել Ադրբեջանի հետ,
2․ լեգիտիմացնել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ Ադրբեջանի ձեռքբերումները,
3․ ոչնչացնել Արցախի հայրենակիցների իրավունքների պաշտպանության հնարավորությունները։
Փաստն այն է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա փաստաթուղթը ՀՀ-ին ոչինչ չտվող, նոր զիջումների մասին փաստաթղթի նախագիծ է, որը մեր հասարակությանը ներկայացվում է իբրև խաղաղության պայմանագիր:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու, մեր առաջ կանգնած մարտահրավերները հաղթահարելու, իրական խաղաղության հասնելու մի ճանապարհ կա՝ ազատվել այս ոչ հայկական կառավարությունից,
ձևավորել ազգային իշխանություն, կառուցել նոր որակի ազգային, մրցունակ պետություն, որն ի վիճակի կլինի հաղթահարել ներքին և արտաքին մարտահրավերները»: