Մինչ հայ պաշտոնյաները շարունակում են լռել և անարձագանք թողնել Բաքվից եկող իրական սպառնալիքները, խաբել հանրությանը խաղաղության պայմանագրի, դրանով անվտանգություն ապահովելու կեղծ ու սուտ թեզերով, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ իրականացնել կազմակերպված ու հստակ նպատակներ հետապնդող արշավ։ Վերջին շաբաթվա ընթացքում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» թեմայով մի քանի տասնյակի հասնող հոդվածներ, նյութեր ու ռեպորտաժներ են հրապարակվել ադրբեջանական տեղեկատվական տիրույթում, որոնցից մի քանիսը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում։
Այսպես, Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանը «Արևմտյան Ադրբեջանի» հետազոտական կենտրոն է հիմնել, որտեղ նախատեսվում է անցկացնել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանին» առնչվող սիմպոզիումներ, սեմինարներ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ։ Ինչպես տեսնում եք՝ խոսքը պետական մանկավարժական համալսարանի և դրա կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ տարածքային հավակնությունների «գիտական հիմքերի» ստեղծման, այսինքն՝ պատմության հրահանգավորված կեղծման մասին է։
Հունվարի 7-ին ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Արևմտյան Ադրբեջանի գյուղերը», վերնագրով հոդված։ Այդ նյութում անթաքույց տարածքային հավակնություններ են ներկայացվում մայրաքաղաք Երևանի, Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի նկատմամբ։
Ադրբեջանի զբոսաշրջության պետական ծառայությունը չորս օր առաջ մրցույթ է հայտարարել «Արևմտյան Ադրբեջանի» խոհանոցի ներկայացման վերաբերյալ։ Մրցույթի կայքը կառավարական է։
Կարդացեք նաև
Մեկ այլ տեսանյութ էլ հրապարակվել է «BakuTV» հեռուստաընկերության կայքում, որտեղ Երևանը ներկայացվում է որպես «հին ադրբեջանական քաղաք»՝ կրկին հորինվում է պատմություն մեր պետության տարածքային ամբողջականության մասին։
Ակնհայտ է, որ այս ամենը կազմակերպում ու ֆինանսավորում է հենց Ադրբեջան պետությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով։ Սա Հայաստանի դեմ հետագա գործողությունների կազմակերպման պետական ծրագիր է, որը Հայաստանի իշխանությունները փորձում են կոծկել։
Մեր՝ «Զանգ» շարժման բարձրացրած խնդիրները հորինվածք չեն, դրանք իրական սպառնալիքներ են, որոնց այսօրվա իշխանությունը ցանկություն չունի ու ունակ էլ չէ դիմակայելու, ինչի մասին վկայում են ամեն օր մեր աչքի առաջ տեղի ունեցող զարգացումները։
«Զանգ» տելեգրամյան ալիք