Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորս էլ ռեւանշիստներ ենք…

Հունվար 11,2024 20:25

1.Մինչ թուրք-ադրբեջանական դաշինքը, պետական բարձրագոյն պաշտօնեաների մակարդակով, յստակ թւական են նշում՝ «Զանգեզուրի միջանցք»-ի կառուցման համար, Հայաստանում հանրային կոչւող հեռուստաընկերութիւնը «բարձր հրահանգներին» անսալով՝ Ամանորեան աւանդական ուղերձի եթեր չի տրամադրում Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Այսպիսով, ահա, հերթական հարւածն են փորձել իջեցնել Հայ Առաքելական Եկեղեցուն, որպէս հայոց ազգային դիմագծի պահպանման ծանրակշիռ կառոյցի։

Ինչպէ՞ս մեկնաբանել «իւրայինների» այս քայլը, եթէ ոչ հայատեաց թշնամիների հետ համատեղ՝ հայկական ազգային ուժերի, եւ ալիեւի կողմից բազմիցս բարձրաձայնւած՝ «ռեւանշիստների» վերադարձը կանխելու հերթական փորձ։

  1. Հայոց Եկեղեցու դէմ սրբապիղծների հերթական հարւածն, անշուշտ, համարժէք պատասխան ստացաւ թէ՛ հայրենի, եւ թէ՛ սփիւռքեան կառոյցների կողմից, որով Հ1-ը թէ՛ դատապարտւեց, եւ թէ՛ բոյկոտի ենթարկւեց։

Ո՞ւր են, սակայն, հասարակական ու ժողովրդական ընդվզումները…։

  1. Քաղաքական փորձագիտական շրջանակների եւ հոգեբան-վերլուծաբանների ճշգրիտ կարծիքների համաձայն՝ հասարակական լայն խաւերն ու մէկ խօսքով՝ յետպատերազմեան ժողովուրդը ըստ ամենայնի հիասթափւած-յուսալքւած է բոլորից եւ առաջին հերթին իշխանութիւններից, ապա՝ ընդդիմութիւնից…։

Համաձայն նոյն գնահատականների՝ ժողովուրդը դարձել է անտարբեր, յատկապէս քաղաքականութեան նկատմամբ, իսկ լաւագոյն դէպքում՝ նոր ու վստահելի լիդեր-փրկիչի է սպասում…։

  1. Ինչքան էլ որ իրական երեւոյթներ են վերոգրեալները, այնքան էլ, ու դեռ առաւել, իրական է նոյնպէս այն վտանգը, որն սպառնալու է արդէն ՀՀ-ին, եւ առաջին հերթին՝ հողային ամբողջականութեանը, հետեւաբար եւ՝ բուն պետականութեանը։

Տւեալ դէպքում, ահա, նոյն հայրենի հասարակայնութեանն ու «քաղաքականութեամբ չզբաղւող» անտարբեր ժողովրդին տասնապատիկ աւելի ծանրակշիռ հիասթափութիւն ու յուսալքում է սպասւում՝ անորոշ եւ ըստ էութեան անարժանապատիւ ապագայի հաշւին…։

  1. Այնպէս որ՝ այժմ հայատեաց ու Հայաստանն «արեւմտեան ադրբեջան» համարող ալիեւը կենտրոնացած է լոկ առաջիկայ արտահերթ ընտրութիւններում եւս փառաւո՜ր յաղթանակի վրայ, որից յետոյ՝ միջազգային հանրութեան առջեւ աւելի «լեգիտիմ» պահւածքով՝ խօսելու է Հայաստանի հետ «խաղաղութեան պայմանագրի» շուտափոյթ կնքման մասին։ Ա՛յն Հայաստանի, որն ըստ նոյն ալիեւի՝ պէտք է հաշտւի «Զանգեզուրի միջանցք»-ի հետ, պէտք է ընդունի ադրբեջանցի հարիւրհազարաւոր փախստականների «հայաստանեան անկլաւներ» վերադարձն ու դրանց բնակութեան ու ապրուստի ապահովութեան երաշխաւորումը՝ միջազգային (ասել է թէ՝ թուրքական) դիտորդների վերահսկողութեան ներքոյ։ Ա՛յն Հայաստանի, որն ալիեւը, ինչպէսեւ իր թուրք եղբայրները, համարում են ադրբեջանական համայնքների պատմական բնօրրան՝ «արեւմտեան ադրբեջան»…։

Ահաւասիկ, ի՞նչ հիասթափութի՜ւն ու ի՞նչ անտարբերութի՜ւն…։

  1. Յարգելի ընթերցող, Հայրենի մեր երկրի վերջին տարիների քաոսային իրավիճակների մասին շատ է խօսւել, գրւել ու բողոքարկւել ինչպէս հայաստանեան, այնպէս էլ՝ սփիւռքեան հասարակա-քաղաքական հարթակներում։

Ներկայիս ու նաեւ տեսանելի ու մօտալուտ գերքաոսային իրավիճակներն կանխելու համար անհրաժեշտ է ու գերկարեւոր՝ համախումբ եւ հուժկու պայքարի շղթայազերծումը։

Բովանդակ հայութեան վստահութիւնն վայելող Հայոց Առաքելական Եկեղեցու զոյգ գահակալները ի դէմս՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի, բազմիցս հանդէս են եկել առանձին կոչերով, յորդորներով ու այլեւայլ նախաձեռնութիւններով, ի բարօրութիւն հայ ժողովրդի ու Հայաստան աշխարհի։ Արդէն ժամանակն է, չասելու համար ուշացած, որ վերոնշեալ բոլոր կոչ-յորդոր-նախաձեռնութիւնները ի մի բերւեն մէկ ու միասնական հարթութեան մէջ, որպէսզի ժողովրդի մտայնութեան ու համոզումների առկայծման խթան հանդիսանան։ Եւ այստեղ բնաւ առարկելի չի կարող լինել աշխարհագրօրէն միմեանցից հեռու երկու միաբանութիւնների միջեւ համահունչ ու անմիջական գործակցութիւնը։ Քանզի այստեղ լոկ, ասենք, ինչ-որ Հայաստանեան թեմերին առնչւող վարչա-եկեղեցական խնդրի վերահասութեան հարցը չէ, որին Կիլիկիոյ թեմերը օրինաչափօրէն պիտի չմիջամտեն։

Այստեղ դրւած է համազգային ու համահայկական ամբողջական քաոսի ու ներուժ ու ներգործուն վտանգների դիմագրաւման ու դրանք յաղթականօրէն շրջանցելու հիմնահարց։ Արդէն իսկ ճաշակեցինք եւ ունենք նոյն մակարդակի աղէտ՝ հայրենի ԱՐՑԱԽԻ կորստեան տեսքով։

  1. Նոյն համոզմամբ ու նոյն օրինաչափութիւններով, համախումբ ու հուժկու պայքարի գեր-պատասխանատու որոշման ու կեցւածքի որդեգրման հարկադրանքի առջեւ են կանգնած Հայաստանեան հասարակա-քաղաքական, մտաւորական, գիտա-կրթական, մշակութային եւ երիտ-ուսանողական ողջ միաւորները։

Ձերբազատւել է հարկաւոր՝ անձնական, ինչպէսեւ չկայացած կուսակցական ամբիցիաներից, որպէսզի տւեալ համախումբ պայքարը ձեւ ու բովանդակութիւն ստանայ միասնական ընդդիմութեան համագործակցութեամբ, որին էլ ի տես՝ նոյն անտարբեր ու հիասթափւած ժողովուրդը կը միանայ ու կօժանդակի ծովածաւալ շարքերով։

Ի վերջոյ նոյն ցաքուցրիւ ընդդիմադիրները պէտք է գիտակցեն պահի լրջութիւնը։ Սա ի վերջոյ ինչ-որ հանրապետական ընտրական մրցակցութիւն կամ դրանով իշխանութեան գալու ընթացիկ իրադարձութիւն չէ, որտեղ իւրաքանչիւրը առաջնորդւում է իր սեփական քաղաքական ամբիցիաներով։

Սա հայրենիքի լինել-չլինելու խնդիր է, որի հանդէպ իւրաքանչիւր հայ պարտաւոր է ամէն գնով զգօն լինել ու անմնացորդ յանձնառութիւն ցուցաբերել, այլապէս արժանանալու է յետնորդ սերունդների անջնջելի նզովքին ու անվերջանալի նախատինքին։

Իսկ եթէ յանուն Հայրենիքի ու յանուն ազգի բարձրագոյն արժէքների պահպանման տարւող պայքարը նոյն ազգի ու Հայրենիքի թշնամու կողմից որակւում է ռեւանշիզմ, ուրեմն բոլորս էլ ռեւանշիստներ ենք…

 

Դերենիկ Մելիքյան

Պատմական գիտութիւնների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031