Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղայական կեցվածքով կարելի է ասել՝ նա խաղաղության չի պատրաստվում, մենք էլ, բայց դա ո՞ւր է տանելու, չեմ էլ ասում՝ նրանք թշնամաբար տրամադրված լինեն, մենք ասենք՝ նրանց սիրում ենք»․ Ստեփան Սաֆարյան

Հունվար 11,2024 18:08

«Այն, որ Ալիևը ղարաբաղյան պատերազմից սկսած իր չակերտավոր հաղթանակը փորձում է օգտագործել ներքին լեգիտիմության համար՝ դա տեսանելի է՝ անկախ նրանից նա այն ժամանակ ընտրություններ հայտարարե՞լ էր, թե՞ ոչ։ Իհարկե, այժմյան նրա ելույթը մեծ մասամբ կապ ունի նախընտրական միջավայրի, իրավիճակի հետ, բայց այնպես չէ, որ Ալիևը նման բաներ չի խոսել նախընտրական շրջանից դուրս»,- Aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առիթով ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։

Ըստ նրա՝ այս կտրվածքով, երբ Ալիևը խոսում է տարածքային ամբողջականության վերականգնման մասին, պիտի նկատի ունենանք նրա նախորդ ելույթները, որոնք վերաբերում էին և′ Տավուշի հատվածին, և′ Սյունիքին․ «Սա մտահոգիչ պիտի համարենք։ Սա ցույց է տալիս, որ Ալիևը բացարձակ մտադրություն չունի որևէ կերպ ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև նրա պատկերացմամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այլ սահմաններ ու իրավիճակ, իրողություն է ենթադրում։ Այդ ամենի վկայությունն է այն, որ նա խոսում է զանգեզուրյան միջանցքի մասին, որովհետև ակնհայտորեն արևմտյան Ադրբեջանի թեզը պատահականորեն շրջանառության մեջ չի դրվել, դրա նպատակը եղել ու մնում է ՀՀ-ի տարածքների նկատմամբ հավակնություններ զարգացնելը։ Այնպես որ, պատերազմն ավարտված չէ։ Իհարկե, Հայաստանը պիտի աչալուրջ լինի այս ամենին և հատկապես միջազգային մեծ խաղացողների միջև տեղի ունեցող ներքին զարգացումներին, որոնք մեր տարածաշրջանում կարող են ստեղծել անվտանգային վակուում և թույլ չտալ Ադրբեջանին ռազմական եղանակով իրականացնել իր հավակնությունները։

Ես վստահ եմ եղել անցյալ տարի, որ Ալիևը խուսափելու է ստորագրել որևէ այսպես կոչված խաղաղության պայմանագիր, որն իրականում ոչ այլ ինչ է, քան միմյանց վրա չհարձակվելու պարտավորություն։ Ալիևի կողմից դա չանելն արդեն նշանակում էր, որ անկախ նրանից, որ ինքը երեկվա ելույթը կունենար, թե՝ ոչ, դա նշանակում էր, որ Ալիևը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների մտադրություններ ունի։ Պարզապես միջազգային իրավիճակը դեռևս այն չէ, և նա չի կարող դա այս պահին իրականացնել։ Բայց դա չի նշանակում, թե նա դեպի այդ նպատակակետը չի շարժվելու»։

Մեր այն հարցին՝ հետևաբար ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների շրջանում որտեղի՞ց այն համոզումը, թե խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, փորձագետը պատասխանեց․ «Ոչ մի իշխանություն, ոչ մի դիվանագետ, եթե անգամ նույնիսկ որևէ խնդրի լուծման հավատում է շատ քիչ հավանականությամբ, միևնույն է իր հրապարակային խոսքում նա չասեմ պարտավորված է, այլ ուղղակի օբյեկտիվորեն անում է ավելի լավատեսական հայտարարություններ և հոռետեսություն չի արտահայտում։ Սա շատ ընդունված պրակտիկա է։ Միայն ՀՀ իշխանությանը բնորոշ չէ։ Այնպես որ, մեղադրել, քննադատել նրանց, թե ինչ-որ լավատեսորեն են արտահայտվում, ճիշտ չէ։ Իհարկե, նրանք փորձելու են, և ի վերջո իշխանության պարտավորությունը պիտի լինի փորձել քաղաքական եղանակներով ամրապնդել անվտանգությունը, լուծել հակամարտությունը և այլն, բայց դա չի նշանակում, թե անվերապահ ինքն էլ հավատում է նրան, ինչն ասվում, խոսվում է։ ՄԽ համանախագահները բոլորը երեսուն տարի լավատեսությամբ էին արտահայտվում, որ շուտով հակամարտությունը կլուծվի, բայց երբ դուրս էին գալիս պաշտոնից, հոդված էին հրապարակում, թե որքան դժվար էր, որքան անիրական էր խնդրի լուծումը և այլն։ Բայց որպես բանակցող նրանք պարտավոր են ուղղակի այդ մթնոլորտը ստեղծել։ Ի վերջո, քաղաքականությունը մշակվում է խոսքով։ Պատկերացնում եք՝ մարդ գնա բանակցությունների և ասի, թե չի հավատում, որ նա անելու է»։

Փաստեցինք՝ Ալիևը նշում է, որ տասնամյակներ շարունակ տարբեր ՀԿ-ներ փորձել են խաղաղասիրական ծրագրեր իրականացնել և ադրբեջանցի երիտասարդներին պատրաստել խաղաղության, բայց ինքը դա թույլ չի տվել, փոխարենը արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ադրբեջանական հանրությունը պատրաստվի վրեժի և հարցրինք՝ սա չի՞ նշանակում, որ ՀՀ-ն էլ իր քաղաքականության հարցում ինչ-ինչ դրույթներ պետք է վերանայի, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց․ «Սա լավագույնս ցույց է տալիս, որ քանի Ադրբեջանում կա Ալիևը, հույսեր փայփայել, որ նա լուծելու է խնդիրները քաղաքական եղանակով, սին են։ Բայց դա չի նշանակում, թե մենք պիտի հրաժարվենք քաղաքական միջոցներից, որովհետև հակառակը, մեր այս իրավիճակն առավել քան պարտավորում է, որպեսզի իրավիճակը կառավարելի մնա, ՀՀ-ի նկատմամբ ոտնձգություն չլինի, և դա անենք քաղաքական մեթոդներով։ Շատ տղայական կեցվածքով կարելի է ասել՝ դե որ նա խաղաղության չի պատրաստվում, մենք էլ։ Հետո՞՝ դա լավ տե՞ղ է տանելու։ Դա չի նշանակում, որ մենք պատրաստ չլինենք պատերազմի, բայց նաև թշնամության քարոզն ինքնին բավականին վտանգավոր է, երբ դա արվում է երկու կողմից։ Ես չեմ ասում՝ չպատրաստվել պատերազմին, նրանք թշնամաբար տրամադրված լինեն, մենք ասենք, որ նրանց սիրում ենք, բացարձակ։

Անկեղծ ասած իշխանության մեջ էլ, եթե խաղաղություն բառ են օգտագործում, երբեմն դա չեմ հասկանում։ Դա չի ասածը, որ մենք պիտի սիրենք թուրքին, հաշտվենք և այլն։ Եթե դա է այդ երկիրը, մեր հարևանը դա է, մենք պետք է հասկանանք, թե ոնց ենք ապրում այդ միջավայրում։ Այդ միջավայրում ապրելու ձևերից մեկը հաստատապես փոխադարձ թշնամանքը չէ, հաստատ ավելի այլ լուծումներ կան․ լինել ադեկվատ, չատել, բայց նաև խնդիրները լուծել՝ այդ թվում նաև արցախցիների վերադարձի և մնացած խնդիրները։

Պիտի հասկանանք՝ քանի Ալիևն է, պետք է պատրաստվել ավելի երկարաժամկետ հեռանկարի, որովհետև Ալիևի օրոք ակնհայտորեն չի լինելու, պիտի հասկանալ, թե ինչպես ենք կառավարում իրավիճակն Ալիևի այս շրջանում, ոնց ենք դիմակայում այդ ամենին և ինչ ենք անում դրանից հետո։ Ադրբեջանի ներսում բան փոխել չենք կարող, բայց դա չի նշանակում, որ չպետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանի վրա աշխատելու տարբերակը, պարզապես Ադրբեջանին զսպելու քաղաքականության գործիքներից միջազգային խոշոր դերակատարներն են և պիտի այդ ուղղությամբ աշխատել, կառավարել վիճակը, թույլ չտալ, որ այն գա պայթյունավտանգ կետի, քանի որ Ալիևը խաղաղ լուծման կողմնակից չէ և հասկանալ՝ ինչ ենք անում երկարաժամկետ հեռանկարում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031