Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին պետք է գործընթացները ձգել, մինչեւ աշխարհաքաղաքական իրավիճակը կպարզաջրվի». Ձյունիկ Աղաջանյան

Հունվար 11,2024 17:52

«Ես դեռեւս նախորդ տարի հնչեցրել էի, որ կտեսնենք արեւմտյան հարթակներից Ադրբեջանի տեղաշարժ՝ դեպի ռուսական եւ իրանական ուղղություններ: Այն գլոբալ ծրագրի նպատակներից մեկը, հանուն որի այս ամբողջ ապուրը եփվել է, նաեւ Իրանի դեմ գործողություններ սկսելն էր: Եվ Ալիեւը այդ գործողությունների հանձնառությունը ստանձնելով՝ պայմաններ է դրել, որոնցից մեկն էլ Արցախն ամբողջովին յուրացնելն ու հայաթափելն էր, որի վերաբերյալ արեւմտյան հարթակներից տեսանք հազիվ ծկլթացող հայտարարություններ, հմուտ կերպով էթնիկ զտման հանգամանքը տարրալուծելու եւ հանրային ուշադրությունից հեռացնելու ջանքեր եւ ցեղասպանության մասին բացարձակապես չխոսելու գործողություններ: Սա փաստում է իրենց մեղսակցությանը այս ամբողջ պատմությանը»,-«Հայելի» ակումբում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ խոսելով Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունների մասին:

«Այժմ Ադրբեջանն արդեն պետք է կատարի իր գործողությունները՝ հաշվի առնելով, որ իսրայելա-պաղեստինյան ճակատում վիճակը ծանրացել է, նախատեսված հաղթանակների ծրագիրը, որ ուզում էին կրկնել Արցախի հայաթափման նմանությամբ, չի իրականացել, քանի որ արաբական երկրները դեմ դուրս եկան պաղեստինցիներին Գազայից հանելուն, Գազան դատարկելուն ու յուրացնելուն: Հակամարտությունը մեկընդմիշտ փակելու իսրայելական ջանքերն էլ անհաջողության մատնվեցին: Արաբական կողմի դիմադրության, Արցախում կատարվածի վերլուծության արդյունքում՝ դրան դեմ գնալու արդյունքում իսրայելական ճակատում բարդանում է իրավիճակը: Ըստ տարբեր գնահատականների՝ Իսրայելը վերջին 3 ամիսների ընթացքում 60 մլրդից ավելի տնտեսական կորուստ է ունեցել:

Արեւմտյան բլոկի եւ այդ բլոկի ներքո գործող արբանյակների տնտեսական վիճակի վատթարացումը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների՝ բումերանգով իրենց հարվածելը եւս գնալով էլ ավելի է կաշկանդում արեւմտյան բլոկին: Փաստորեն, իրենց նախատեսած քայլերը չբերեցին ցանկալի արդյունքին՝ կապված թե ուկրաինական ճակատի, թե իսրայելական հատվածի հետ: Նրանց միակ հաջողությունը եղել է այստեղ, երբ Արցախն ամբողջովին յուրացվել է Ադրբեջանի կողմից: Դրան հաջորդող քայլը (Ադրբեջանի կողմից Իրանի դեմ գործողություններ, նոր ճակատ բացում, որ պիտի օգներ թե Ռուսաստանի դեմ քայլերին, թե Իսրայելին, ու Իրանին ներքաշեր այդ ամբողջ խնդրի մեջ) չի ստացվում: Եվ բնական է, որ չի ստացվում, որովհետեւ Ալիեւն ու իր թուրք վարժապետը շատ լավ խաղարկում են արեւմտյան բլոկի համար իրենց կարեւորության տարրը, ու դրա դիմաց փորձում են էլ ավելին քաղել»,-հավելում է Ձյունիկ Աղաջանյանը:

Արտակարգ եւ լիազոր դեսպանն ընդգծում է. «Այստեղ խնդիրը մեր իշխանություններն են, որոնք տուրք տալով արեւմտյան փայլփլուն ժապավեններով փաթեթավորված խոստումներին՝ հանձնեցին հայրենիք, մասնակից դարձան մեր ժողովրդի ցեղասպանությանը 21-րդ դարում… Մենք փաստացի ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմը տվել է այն ամենը, ինչ պիտի տար, եւ չի ստացել ոչինչ: Ու հիմա նրանից փորձում են ստանալ էլ ավելին: Ի դեպ, պատահական չէ, որ հայկական իշխանությունները գնացել են Արցախը հայաթափելու քայլին: Ըստ վերլուծության՝ այս քայլերին գնացել են այն հույսով, որ Արցախը տալու պարագայում դուրս է գալիս միջանցքի հանգամանքը, քանի որ Լաչինի միջանցքը այլեւս չի լինում, եւ այդ զուգահեռման պրոցեսը դադարում է, ադրբեջանցի փախստականների ՝Հայաստան գալու հետ կապված խնդիրը եւս, ըստ իրենց դադարում է, քանի որ արցախահայերի իրավունքների մասին հարց չի լինում: Եվ արդեն զուտ սահմանազատման առումով խնդիրներ չեն առաջանա, որովհետեւ քարտեզներով կգնան եւ սահմանները կգծեն:

Բայց իրենք ոչ ճանաչում են ադրբեջանական քայլերը, ոչ էլ՝ արեւմտյան գործընկերներին: Իսկ արեւմտյան գործընկերները շատ լավ են գործում՝ խոստումներ տալիս, բայց վատ են գործում, երբ խոստումներն իրականություն դարձնելու խնդիր է լինում: Չմոռանանք, որ 2020թ պատերազմից հետո ԵՄ-ն մեր քթի առաջ թափահարեց 2,6 մլրդ եվրո օժանդակության հարցը, որը դեռեւս 2017թ ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրով էր նախատեսված, բայց մինչեւ օրս այդ գումարները չկան: Ստացվում է՝ այդ գումարներն իրենք նախատեսում էին ներդնել այդ միջանցքի, երկաթգծի վերանորոգման եւ իրենց իսկ ցանկությամբ էլեկտրաէներգիայի, կաբելային գծերի եւ այլ հոսքագծերի անցկացման համար, որը իրականություն չի դարձել: Չկա քաղաքական համաձայնություն, չկա գումար:

Եվ հիմա նույն Եվրամիությունը փորձում է բարի հրեշտակի կերպարանքով գումար տալ ու փափուկ հարց դնել արցախահայերի գլխի տակ, որպեսզի հանկարծ չմտածեն այլ երկրներ տեղափոխվելու մասին: Մյուս կողմից, ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են՝ բարդացնելու արցախահայերի կյանքը Հայաստանում»:

Ձյունիկ Աղաջանյանի խոսքով, Ադրբեջանը այսօր ավելի շատ է փորձելու ռուս-իրանական, թուրքական նժարը խաղացնելով՝ դուրս գալ այն հանձնառություններից, որը ստանձնել է գլոբալ ծրագրին մաս կազմելով. «Ալիեւը շատ լավ հասկանում է՝ աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել եւ օր օրի ավելի է փոխվում: Ադրբեջանը հասկանում է, որ հունվարի վերջին, երբ համաձայնում են սահմանազատման հանձնաժողովի հանդիպմանը, ոչինչ չի լինելու: Իրենք փորձելու են դնել իրենց ուռճացված պայմանները, հայկական կողմը փորձելու է այսպես ասած՝ կառուցողական դիրքերից հանդես գալ, եւ բնականաբար համաձայնություն չի լինելու: Իսկ Ադրբեջանին համաձայնություն պետք չէ: Ադրբեջանին այսօր փաստաթուղթ պետք չէ, Ադրբեջանին պետք է գործընթացները ձգել այնքան, մինչեւ աշխարհաքաղաքական իրավիճակը պարզաջրվի, հանձնառություններն էլ դուրս կգան արանքից:

Պատահական չէ, որ նա փետրվարի 7-ին է դրել ընտրությունները: Այնպես որ՝ հունվարի վերջին կանեն հանձնաժողովի նիստը, երկու երկրների ղեկավարների հանդիպում մինչեւ ընտրություններ չեն լինի, ընտրություններից հետո եւս չի լինի, իսկ մինչ այդ, ստանալով ամերիկյան կողմի ինդուլգենցիան՝ ընտրական գործընթացների հետ կապված ընդդիմադիր ուժերին ճնշելու առումով քիչ քննադատության արժանանալու համար, Ադրբեջանը զտում է դաշտը բոլոր արեւմտյան շոշափուկներից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031