«Հիմա ես ձեզ բերեմ թվեր՝ 2021-ին ունեցել ենք բանակում չծառայելու համար հետախուզման մեջ գտնվող 11 հազարից ավելի քաղաքացիներ, նրանց մի մասն օգտվել է համաներումից: Ունենք 359 քաղաքացիներ, որոնք չեն օգտվել համաներումից, ենթակա են եղել դատապարտման: Դատապարտման է ենթարկվել 359-ից 1 քաղաքացի: 2022-ին հայտնաբերվել է 422 քաղաքացի, նրանցից ազատազրկման է դատապարտվել մեկը: Այսինքն, պատժի այն համակարգը եւ այն մոտեցումը, որ բոլորը պետք է ծառայեն կամ դատապարտվեն, փաստացի չի աշխատում, որովհետեւ ինչպե՞ս է ստացվում, որ 779 քաղաքացիներից դատապարտվել են ընդամենը 2-ը: Բոլորը ազատ մեր հանրապետությունում ֆռֆռում են, ոչ գումար են վճարել, ոչ ծառայել են»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ իր հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
Նա ասաց, որ եթե իր նախագիծը չընդունվի, պրակտիկան նույն կերպ կշարունակվի, որովհետեւ 27 տարին լրանալուց հետո դատարանում ասում են՝ զղջացել եմ ու չեն դատապարտվում:
Նախագծով առաջարկվում է նոր քաղաքացիություն ձեռք բերող քաղաքացիների համար շեմ սահմանել 18-45 տարեկան, ինչը հնարավորություն կտա ծառայել մեկ տարի կամ վճարել 2,5 մլն դրամ եւ ազատվել ծառայությունից: ՊՆ-ն գտնում է, որ դա խթան կհանդիսանա, որ մարդիկ հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից կամ երեխաներին դարձնեն այլ երկրի քաղաքացիներ, որ 2,5 մլն դրամով ազատեն բանակից:
Հայկ Սարգսյանի դիտարկմամբ՝ ՀՀ կապույտ անձնագիրը, բացի ճամփորդելուց, այլ հնարավորություններ չի տալիս, որ բոլորը լեղապատառ գան, ուզենան ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, դա հավելյալ ռեսուրս է ու պետք է օգտագործել:
Կարդացեք նաև
Երկարատեւ քննարկումներից, բանավեճից հետո Հայկ Սարգսյանը համաձայնեց 18 տարեկանի փոխարեն 27-ից 45 տարեկան շեմ սահմանել:
ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ այդ պարագայում նույնպես դեմ են, պնդեցին, որ ընդհանրապես ՀՀ քաղաքացիության մասով ձեռնպահ մնա փոփոխություններ անել, որովհետեւ այդ դեպքում էլ 27 տարին լրացած բոլոր անձանց դիտարկում են՝ որպես բանակից խուսափածներ. «Կա անմեղության կանխավարկած, առաջարկում ենք 27 տարին լրացած անձանց չվերաբերվել որպես պոտենցիալ հանցագործի»:
Կառավարության առաջարկը չընդունվեց, Հայկ Սարգսյանի նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ