Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Հովիկ Աղազարյանին շինթույլտվություն ստանալու համար իբր 23.000 դոլար «կաշառք տված» կինը

Հունվար 11,2024 17:27

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ հունվարի 3-ին ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում: Այս մասին Aravot.am-ին ասաց պատգամավորը:

Նրա պատմելով՝ 2023թ. դեկտեմբերի 25-ին իրեն է զանգահարել Պետական վերահսկողական ծառայությունում աշխատող իր ընկերներից Արման Սմբատյանը և հայտնել, որ իր ծանոթներից Հայկը զանգահարել է իրեն և հայտնել, որ մի կին ասել է, թե Հովիկ Աղազարյանին 23.000 ԱՄՆ դոլար է տվել շինթույլտվություն ստանալուն օժանդակելու համար, իսկ նա գումարը վերցրել է ու չի կատարել:

«Հայկին ես չեմ ճանաչում։ Հայկը զանգահարել է Սմբատյանին ու հայտնել, որ իրեն մի կին ձայնային է ուղարկել ու ասել, որ ինձ 23.000 դոլար կաշառք է տվել: Ես Սմբատյանին խնդրեցի Հայկի ու այդ կնոջ հետ հանդիպում կազմակերպել, տեսնենք՝ ինչի մասին է խոսքը։ Մի քիչ հետո զանգեց, հայտնեց, որ հրաժարվում են: Ես էլ ասացի ՝ դե էդ դեպքում ես հաղորդում եմ տալու իրավապահ մարմիններին, որն էլ արել եմ» ,- պատմեց պատգամավորը:

Պատգամավորը հետաքրքրվել է իր ընկեր Սմբատյանից, թե ով է Հայկը, ի պատասխան՝ պատգամավորի խոսքով, Սմբատյանը նպատակահարմար չի գտել հայտնի՝ ով է, միայն ասել է, որ Հայկը պատգամավորի անվան շուրջ աղմուկ չբարձրանալու, պատգամավորին լավություն անելու համար է հայտնել այդ տեղեկությունը:

«Կնոջ անձը բացահայտված չէ, բայց իմ ենթադրություններն ունեմ՝ որտեղից է այդ ամենը գալիս: Այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ քննությանը խանգարող հանգամանք կհանդիսանա: Բացի այդ, իմը ենթադրություն է, իսկ ենթադրությունը իրավական կատեգորիա չէ, թուլ տանք իրավապահներն աշխատեն»,- ասաց Աղազարյանը:

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ իսկ փողով գործ դասավորելու առաջարկներ հաճա՞խ է ստանում, ասաց՝ հարյուրավոր մարդիկ դիմում են իրեն, իսկ որ փող վերցնի ու գործ դասավորի, չի եղել. «Այն մարդիկ, որոնք գտնում են, որ ես բաներ եմ արել, որը օրենքի շրջանակներում չէ, թող ներկայացնեն իրենց փաստարկները, իսկ եթե ոչ, պետք է պատասխան տան օրենքին համապատասխան ձեւով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031