Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը վճարովի պրակտիկան է, որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամսով, և երրորդ բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցումն է՝ դրանից հետո վճարովի պրակտիկա և աշխատանքի տեղավորում։
«Առաջին ուղղության դեպքում ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջարկում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այդ ընթացքում գործատուն պետք է որոշի, թե որ ուսումնական հաստատությունում և կրթական կենտրոնում այդ վերապատրաստումը պետք է անցկացվի։ Մենք այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցին տրամադրում ենք 50 հազար դրամ կրթաթոշակ և ևս 50 հազար դրամ՝ուսման վարձը վճարելու համար։ Այնուհետև, երբ կներկայացնի կրթաշրջանը անցնելու վերաբերյալ վկայականը, առնվազն 3 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր գործատուի հետ և երեք ամսվա ընթացքում 50 հազար դրամի չափով կփոխհատուցվեն գործատուի հարկերը։ Ընդ որում, և՛ ուսման վարձը, և՛ կրթաթոշակը մենք տրամադրելու ենք մասնակցած օրերի համար։ Եվ այստեղ մի ֆիլտր կա դրված․ եթե գործատուն աշխատանքային պայմանագիրը չի կնքում կամ մինչև երեք ամիս լրանալը լուծում է պայմանագիրը, ապա ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակցին փոխհատուցում է կրթաթոշակի և ուսման վարձի գումարը։ Երկրորդ բաղադրիչը վերաբերում է վճարովի աշխատանքային փորձի ձեռք բերմանը և պրակտիկային։ Գործատուի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցի միջև կնքվում է 6 ամիս տևողությամբ պայմանագիր, որից երեք ամիսը պարտադիր դիտարկվում է որպես վճարովի աշխատանքային պրակտիկա։ Այսինքն՝ գործատուին ամսական տրամադրելու ենք 165 հազար դրամ՝ շահառուին աշխատավարձի և համապատասխան հարկերը վճարելու համար։ Ընդ որում, հարկերը հանած 120 հազար աշխատավարձ է մնում։ Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է ևս երեք ամիս շահառուին ապահովել աշխատանքով, որի դիմաց գործատուին երեք ամիս շարունակ վճարվում է ամսական առավելագույնը 50 հազար դրամ պարտադիր հարկերը վճարելու համար։ Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև վեց ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային պրակտիկայի ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ վճարված գումարը։ Երրորդ բաղադրիչը միավորում է բոլոր բաղադրիչները. այսինքն՝ մասնագիտական կրթություն, վճարովի աշխատանքային պրակտիկա և աշխատանքի ընդունելու պարտադիր պայման»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:
Ըստ նախարարի՝ ծրագիրն արդեն իսկ գործարկվել է 2016-2020-ի ռազմական գործողություններին մասնակցած զինվորների համար և փորձը ցույց է տվել, որ ծրագրի շահառուների 70 տոկոսից ավելին մնացել է աշխատաշուկայում:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ծրագրին՝ վարչապետը հետաքրքրվել է՝ գործատուն և աշխատողը ինչպե՞ս և որտե՞ղ են հանդիպում, խոսքը լիցենզավորված ուսումնական հաստատությունում մասնագիտական կրթություն ստանալու մասի՞ն է: Ի պատասխան Նարեկ Մկրտչյանը նշել է. «Ամսական կտրվածքով Միասնական սոցիալական ծառայություն են դիմում 300-500 գործատուներ, որոնք ներկայացնում են աշխատատեղերի պայմաններ և աշխատողների անհրաժեշտ հմտությունները: Մենք այդ հայտերն ընդունում ենք և ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատանք չեն ունեցել, ստուգում ենք թե նրանք ինչպիսի հմտություններ ունեն և եթե համապատասխանում են գործատուների ներկայացրած պահանջներին, մենք 2 օրվա ընթացքում իրենց տվյալներն ուղարկում ենք գործատուին և գործատուն ընտրում է այդ պոտենցիալ հավակնորդներին: Գործատուն ինքն է ընտրում, թե որտեղ վերջինս անցնի վերապատրաստում, դա կարող է լինել միջին մասնագիտական հաստատություն, կարող է լինել մասնավոր կրթական կազմակերպություն, որոշ դեպքերում գործատուն հենց իրենց մոտ ունեն կրթական բաղադրիչներ և եթե ինքը գտնում է նպատակահարմար, որ պետք է գնա վերապատրաստվի, ապա մենք և՛ կրթավճարն ենք տալիս, և՛ վարձավճարը»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին պարզաբանել է, որ կա 2 իրավիճակ. առաջինը, երբ ամբողջական որակավորում տվող դասընթացն է, որի ավարտին տրվում է դիպլոմ, երկրորդը՝ որոշակի որակավորում տվող դասընթաց, դա պահանջում է լիցենզիա: «Այս պարագայում պարտադիր է, որ կրթական հաստատությունը լիցենզիա ունենա՝ լինի դա մասնավոր, թե պետական: Եվ ունենք կարճաժամկետ կրթական ծրագրեր ՝ մինչև 6 ամիս տևողությամբ, որոնք պահանջում են ոչ թե լիցենզիա, այլ երաշխավորում»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Ծրագրի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ծրագրի ուսուցման ժամկետ սահմանել առավելագույնը ոչ թե 5 ամիս, ինչպես նախատեսված է, այլ 6 ամիս, քանի որ կան նաև այնպիսի դասընթացներ, որոնք կարող են տևել 6 ամիս:
Կհստակեցվեն խաղային գործունեության կարգավորման ոլորտի իրավահարաբերությունները. կդրվեն մի շարք սահմանափակումներ, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին
Գործադիրը հավանություն է տվել «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման նպատակը խաղային գործունեության կարգավորման ոլորտում իրավահարաբերությունների հստակեցումն է` հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումն է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով, պետական մարմիններին տրամադրվող տեղեկությունների, հաշվետվությունների ներկայացման ձևերի և մեթոդների արդիականացումը, ինչպես նաև մասնակիցների շահերի առավելագույն պաշտպանվածության ապահովումը` շահումով խաղերի կազմակերպման և անցկացման ծրագրային և տեխնիկական միջոցների, խաղի կանոնների և պայմանների նկատմամբ սահմանված պահանջներին և չափանիշներին համապատասխանության մասով վերահսկողության իրականացման միջոցով:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նախագծերի փաթեթով 2 մեծ նպատակ է առանձնացրել. «Առաջին՝ թափանցիկության ապահովումն է. այսինքն՝ խաղային գործունեության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների շրջանառության նկատմամբ հսկողությունը լինի առցանց եղանակով, օնլայն ռեժիմով: Երկրորդ՝ պատասխանատու խաղի կանոնների ներդրումն է: Առաջին նպատակի առումով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին, ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ»:
Ըստ Ռուստամ Բադասյանի՝ սերտիֆիկացման փաստը ստուգվելու է օպերատորի կողմից. «Օպերատորը սահմանում է Կառավարությունը մրցութային կարգով, և բոլոր այդ խաղային արտադրանքները պետք է միացված լինեն մոնիթորինգային կենտրոնին: Մոնիթորինգային կենտրոնում մենք տեղեկություն կունենանք օնլայն ռեժիմով կատարված խաղադրույքի, ստացված շահման և մնացած այլ տեղեկատվության մասին: Հաջորդ կարգավորումը, որը սահմանվել է, այն է, որ արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը ՀՀ տարածքում: Այս մասով ևս մշակված են միջոցառումներ՝ ինչպես պրակտիկայում դա բացառել»:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ հաջորդ նորամուծություններից մեկն այն է, որ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: «Սա նշանակում է, որ որևէ խաղային սարքավորում, երբ սերտիֆիկացվում է, ունի որոշակի ժամանակահատվածում որոշակի համամասնությամբ շահում ապահովելու հնարավորություն: Եթե հիմա հնարավոր չէ դա ստուգել, որովհետև բացակայում է սերտիֆիկացումը և չկա միացում մոնիթորինգային կենտրոնին, ապա օրենքի կարգավորումները ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր կլինի ստուգել»,- ասել է Ռուստամ Բադասյանը:
Նշվել է նաև, որ օրենքով ներդրվող պատասխանատու խաղի միջոցառումների շրջանակում մի շարք սահմանափակումներ են դրվում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին: Ընդ որում՝ խոսքը օնլայն և կենդանի մոլեխաղերի մասին է: «Չեն կարող մասնակցել՝ 21 տարին չլրացած անձինք, պետական բյուջեից ֆինանսավորման կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորմամբ որևէ ծրագրից օգտվող քաղաքացիները, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու են: Դրանք արդեն օրենքում սահմանված են, բայց եթե կառավարությունը հետագայում որոշի որևէ սոցիալական խմբի սահմանափակել, մոնիթորինգային կենտրոնի և միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր է հեշտությամբ դա իրականացնել»,-նշել է Ռուստամ Բադասյանը:
Վարչապետի այն հարցին, թե ինչպես է վերահսկվում, որ ընտանեկան կամ աղքատության նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացին խաղադրույք չկատարի, ՊԵԿ նախագահը պարզաբանել է, որ այն իրականացվելու է միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Ռուստամ Բադասյանի խոսքով, օպերատորը ստուգում է, որ միջազգային լաբորատորիայի կողմից խաղային արտադրանքը լինի սերտիֆիկացված և միացնում է այդ խաղային արտադրանքը մոնիթորինգային կենտրոնին: «Եթե քաղաքացին մոտենում է, օրինակ, խաղատուն, խաղի կազմակերպիչը, այսինքն՝ խաղատան գործունեություն իրականացնողը պարտավոր է նույնականացնել անձին, և երբ էլեկտրոնային համակարգ մուտք է արվում անձի տվյալները, էլեկտրոնային համակարգում կերևա, որ նա կառավարության շահառու է այսինչ ծրագրի շրջանակում: Բնականաբար, մուտքը կարգելվի: Իսկ օնլայն հարթակում, երբ խաղային հաշիվ բացվի, նույնը կիրականացվի օնլայն համակարգի միջոցով»,-ասել է ՊԵԿ նախագահը և հավելել, որ քննարկվել է նաև միջազգային պրակտիկայում առկա ալգորիթմային մի մոտեցում, որի դեպքում ցանկացած անձ՝ անկախ որևէ սոցիալական խմբի շահառու լինելու, կարող է սահմանափակվել:
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն իր հերթին առաջարկել է որոշակի խումբ անձանց սահմանափակման շրջանակում դիտարկել նաև զինծառայողների մասնակցությունը սահմանափակելու հարցը: Վարչապետը նշել է, որ այդ առաջարկությունը կարելի է դիտարկել:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «90 տոկոս շահում» կանոնին և հետաքրքրվել, թե արդյոք դա միջազգային ստանդարտ է և նշանակում է, որ խաղատները կամ օնլայն հարթակները պետք է կատարված խաղադրույքների 90 տոկոսը տարբեր շահումների տեսքով վերադարձնեն մարդկանց: Այս հարցի կապակցությամբ, Ռուստամ Բադասյանը նշել է. «Այո, սա միջազգային պրակտիկայում ընդունված կանոն է, բայց սա վերաբերում է յուրաքանչյուր խաղային արտադրանքին: Եվ շատ կարևոր է նկատի ունենալ, որ այն սահմանափակված է որոշակի ժամանակահատվածի մեջ: Այսինքն՝ անպայման չէ, որ ամեն օր, ինչքան խաղադրույք արվում է, դրա 90 տոկոսը հետշահում դրվի: Դա ծրագրավորվում է համապատասխան խաղային արտադրանքի մեջ, օրինակ, եթե կենդանի խաղ է, խաղային ապարատ է, այդ ծրագրավորումը կատարվում է խաղային ապարատի ներսում, բայց որպեսզի սպառողը խաբված չլինի, սերտիֆիկացվում է լաբորատորիայի կողմից: Եթե ալգորիթմն այնպես է դրված, որ որոշակի ժամանակահատվածում 90 տոկոսը պետք է հետ տրվի խաղացողներին՝ այդ խաղային արտադրանքներից օգտվողներին, դա արդեն ստուգված կլինի և սերտիֆիկացված կլինի, և մենք մոնիտորինգային կենտրոնում դա դիտարկելու հնարավորություն կունենանք»:
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արդեն իսկ սկսել համապատասխան միջոցառումների իրականացումը, որպեսզի համակարգը ժամանակին և պատշաճ սկսի աշխատել:
Նախատեսվում է խրախուսական նորմ՝ 15-օրյա ժամկետում կատարելու դեպքում տուգանքի 70 տոկոսը վճարելու պարագայում պարտավորությունը համարել կատարված
Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում համապատասխան նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու միջոցով կբարձրանա ՀՀ Ոստիկանության իրավասու մարմինների կողմից ընդունած վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկման վարույթի նշանակությունը և դերը՝ միաժամանակ ապահովելով վարչական դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրականացման օբյեկտիվ հնարավորությունը՝ անհարկի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցով։
Ըստ հիմնավորման՝ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված իրավախախտումների հիմքով նշանակված տուգանքի վճարման պարտավորության կամովին կատարումը խրախուսելու գործիքակազմեր: Մասնավորապես, վարչական տույժի ենթարկված քաղաքացու կողմից տուգանքի վճարման պարտավորությունը ժամանակին և պատշաճ կատարելու դեպքում որևէ խրախուսական նորմ կամ պարտավորության կատարումը խթանող օրենսդրական գործիքներ նախատեսված չեն։ Տուգանքի վճարման պարտավորությունը կամովին կատարելը խթանելու գործիքակազմի նախատեսման դեպքում հնարավոր կլինի ինչպես էականորեն նվազեցնել այս խումբ վարչական իրավախախտումների առնչությամբ առկա սոցիալական լարվածությունը, այնպես էլ կրճատել Ոստիկանության, Վարչական դատարանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծանրաբեռնվածությունը։
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմինների կողմից կայացված վարչական ակտերի և դրսևորած գործողությունների և անգործության վերադասության կարգով բողոքարկման/գանգատարկման պահանջ (արտադատական ընթացակարգ), նախքան դատական կարգով դիմելը: ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվել են փոփոխություններ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան իրավասու մարմիններին վերապահելով արձանագրության հիման վրա վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասությունը այն բոլոր վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով, որոնցով ներկայումս համապատասխան մարմինները բացառապես կազմում են արձանագրությունը և հայց են հարուցում վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Բացի այդ, նախագծով կարգավորում է նախատեսվում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերը վարչական ակտի հասցեատիրոջ նշած էլեկտրոնային փոստային հասցեին ուղարկելու վերաբերյալ։ Այս դեպքում որոշման հասցեատիրոջ էլեկտրոնային փոստային հասցեին որոշումն ուղարկելը հավաստվելու է վարչական մարմնի կողմից՝ վարչական մարմնի էլեկտրոնային փոստի համակարգը կառավարողի (սպասարկողի) կողմից ինքնաշխատ եղանակով գեներացված փաստաթղթով: Նշված եղանակով վարչական ակտի հասցեատիրոջը ծանուցելու դեպքում նախատեսվում է նշանակել տուգանքի գումարից երեսուն տոկոսի չափով պակաս տուգանք: Բացի այդ, սույն նախագծով, որ նախատեսվում է խրախուսական նորմ՝ համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական տուգանք նշանակելու մասին որոշումը 15-օրյա ժամկետում կատարելու դեպքում տուգանքի 70 տոկոսը վճարելու պարագայում պարտավորությունը համարել կատարված: Նշված խրախուսական նորմի նախատեսմամբ պայմանավորված՝ տրանսպորտային միջոցների կայանման կանոնների խախտումների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-23-րդ մասերում նախատեսված 0,5 տուգանային միավորը փոխարինել 1 տուգանային միավորով, իսկ 25-րդ և 27-րդ մասերում նախատեսել 0.5 տուգանային միավորի կիրառում։
Ինչպես նշել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, այն դեպքում, երբ քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կապակցությամբ roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս: «Միաժամանակ անցումային դրույթներով նախատեսված է, որ այս պահին արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 տոկոսը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում են կատարված, ընդ որում՝ այս դեպքում կա ժամկետային կանոն, այն է՝ օրենքն ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետը»,– ասել է ՆԳ նախարարը:
Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ պարզաբանել է՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում գրանցվում է, ասում է՝ ինձ այս հասցեով ուղարկեք ծանուցումները, 20 տոկոս զեղչ է ստանում: «Եվ եթե այս պահին կա ժամկետանց վճարման խնդիր, որը Հարկադիր կատարման ծառայությունում է, այդ թվի կեսը վճարում է, զրոյանում է պարտքը»,- ասել է վարչապետը: Նշվել է նաև, որ դրան գումարվում է նաև կատարողական ծախսը:
Վարչապետն ընդգծել է նաև թեմայի վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու անհրաժեշտությունը:
Արմավիրը նոր մարզպետ ունի
Կառավարության որոշմամբ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին՝ իր կատարած աշխատանքի համար:
Նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, շնորհակալ եմ վստահության համար: Աշխատանքը հարազատ մարզում՝ մարզպետի պաշտոնում, կիրականացնեմ մեծ պատասխանատվությամբ»:
Օրենսդրական այլ նախաձեռնություններ
Կառավարությունը հավանություն է տվել «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքին և հարակից օրենքների նախագծերին: Նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարողական վարույթի հետ կապված նորմերը կենտրոնացնել և վարույթը համապարփակ կանոնակարգել «Կատարողական վարույթի մասին» օրենքով՝ դրան առնչվող փոփոխություններ և լրացումներ կատարելով հարակից մի շարք օրենքներում։ Նախագծերի փաթեթի նպատակը միասնական իրավաբանական հասկացությունների կիրառմամբ, առավել համապարփակ և համակարգված, առավել պարզ ընկալելի նպատակներով կարգավորումների սահմանումն է, ինչի արդյունքում ակնկալվում է ապահովել կատարողական վարույթի մասնակիցների առավել արդյունավետ պաշտպանությունը, ինչպես նաև կատարողական վարույթի հետ համակարգային առումով փոխկապված իրավունքի այլ ճյուղերի նպատակների առավել արդյունավետ իրագործումը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև ապահովել կատարողական վարույթի վերաբերյալ օրենսդրության կանխատեսելիությունը, որոշակիությունը՝ նախադրյալներ ստեղծելով նաև օրենքի առավել ճիշտ մեկնաբանման և կիրառման, կատարողական վարույթի հետ կապված վեճերի արդարացի լուծման համար։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նաև դատական ակտերի կատարման հետաձգման, տարաժամկետման, կատարման կարգ կամ եղանակ սահմանելու, դրանք փոփոխելու, ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա, իրավաբանական անձի կանոնադրական/բաժնեհավաք կապիտալում պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու գործընթացները տեղափոխել դատականից դեպի կատարողական վարույթ, ինչի արդյունքում ակնկալվում է նաև ապահովել դատարանների բեռնաթափում զգալի քանակով (տարեկան ընդհուպ մի քանի հազար) հայցադիմումներից և դիմումներից։
Գործադիրը հավանություն է տվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով կատարվող փոփոխության շրջանակում օրենքում օգտագործվող հասկացություններում ուղեղի մահից բացի, սահմանվում է նաև կենսաբանական մահի հասկացությունը, ինչն անհրաժեշտ է որոշ օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման դեպքում: Բացի օրենքով սահմանված կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգաններից ցանկից, ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին տրվում է լիազորություն` սահմանելու մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը: Նախագծով վերանայվել են նաև փոխպատվաստման նպատակով համաձայնություն տված կենդանի դոնորի իրավունքները և ամրագրվել է, որ վերջինս իրավունք ունի օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվել շարունակական (դիսպանսերային) հսկողության մեջ:
Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում գտնվող տարածքները կճանաչվեն հանրության գերակա շահ
Գործադիրն ընդունել է «Հուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 3-ի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Որոշման նպատակն է ապահովել ծրագրի շրջանակում Մ 1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի վերակառուցման աշխատանքների իրականացումը։ Հիշյալ ճանապարհահատվածի վերակառուցման արդյունքում փակվել են ՀՀ Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի միջով անցնող՝ ճանապարհահատվածների երկայնքով գտնվող վարելահողերի, սպասարկման օբյեկտների առկա մուտքերը, ելքերը, ինչի հետևանքով սեփականատերերը զրկվում են իրենց հողամասերն օգտագործելու հնարավորությունից։
Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի երկայնքով գտնվող հողամասերի սեփականատերերի սեփականության իրավունքի իրականացումն և ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ, Ձորակապ, Մարալիկ և Արթիկ համայնքի Հայրենյաց, Լուսակերտ, Հոռոմ բնակավայրերում գտնվող ընդհանուրը 127 հողամասերի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները ճանաչել հանրության գերակա շահ։ Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն առաջարկվում է սահմանել 2024 թ. հուլիսի 31-ը։
Բնակելի 5 տարածք ներկայացվել է նվիրատվության
Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ արդյունքում կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում: Որոշմամբ առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 5 բնակելի տարածքներ՝ 5 ընտանիքների (12 անձիք): Ցանկում ընդգրկվել են Պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Երևան քաղաք, Թբիլիսյան խճուղի 5 (Երևանի պետ. էլեկտրատեխնիկական քոլեջի հանրակացարանային մասնաշենք), Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Կոմերիտմիության 2/1 և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Լոռու մարզ, Արևածագ գյուղի ուսուցչի տուն, 12 փողոց, տուն 1 հասցեների բնակելի տարածքները:
Լոռի մարզի Ստեփանավան համայնքում կկառուցվի ֆուտբոլի մարզադաշտ
Գործադիրն ընդունել է «Գույք նվիրելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված, Լոռու մարզում գտնվող շինությունը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրել Ստեփանավան համայնքին։ Ըստ հիմնավորման՝ ՏԿԵ նախարարին է դիմել Ստեփանավան համայնքի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ համայնքը տասնամյակներ շարունակ չի ունեցել ֆուտբոլի մարզադաշտ և չունի հնարավորություն խոշորացված համայնքի տարածքում զարգացնելու ամենամասսայական սպորտաձևերից մեկը՝ ֆուտբոլը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, կարևորելով խնդրի լուծման անհրաժեշտությունը, ներկայացրել է առաջարկ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին, ներդրումային ծրագրի շրջանակներում Ստեփանավան համայնքում կառուցելու ֆուտբոլի մարզադաշտ:
2024 թ.-ին կշարունակվի ՀԽՍՀ բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը
Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ. հունիսի 30-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև ՀՀ կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` սահմանված կարգով:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ