Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հրացանով մարդ» է պետք․․․

Հունվար 11,2024 16:58

«․․․Ովքեր ունեն լրիվ զբաղվածություն և այդ զբաղվածությամբ զբաղվում են․․․» կառավարության նիստի ժամանակ կարդաց նախօրոք գրված տեքստը ԿԳՄՍ նախարարը։ Հզոր և գրագետ տեքստ՝ կրթության նախարարին վայել։ Եվ եթե հաշվի առնենք, որ քննարկում էին գիտությանը վերաբերող հարցեր՝ հավատում ես, որ գիտությունը «ապագա կա»-ի աննախադեպ տրամաբանության մեջ է։ Եվ եթե ավելացնենք «Հաջողության ջենթլմենները» ֆիլմից բերված վարչապետավայել անկապ օրինակը՝ սյուրռեալիստական պատկերը ամբողջանում է։ Ինձ էլ մնում է «հըբը կյանքս իզու՞ր անցավ» ասեմ ու գլխահակ կանգնեմ գիտության մասին գրված հարյուրավոր հոդվածներիս մոխրակույտի մոտ։ Քննարկում են գիտական աստիճանների համար տրվող հավելավճարների կարգը։ Թիվը չի փոխվում, բայց «․․․լրիվ զբաղվածություն և այդ զբաղվածությամբ զբաղվում են․․․» հզոր ազդակով, ինչպես իրենք են ասում, «խնդրում են, որ գիտնականները ավելի լավ աշխատեն»։

Հերթական աննախադեպ սեփական կետից ստարտը։ Կմտածեք, թե անցում եմ անելու իրենց հավելավճարների՞ն։ Բացարձակապես։ «Արա, գիտես ինչ տղա յա՝ սաղ հիմնարկը թալնեց բերեց տուն» կարգախոսով ապրողները քիչ չեն դեռ սովետական ժամանակներից։ Անհույս է ախուրյանցիանոների ու կուրթանեցիմեխակների հետ այդ հարցը քննարկել։ Պարզապես հիշեցի 15 տարի առաջ արված դիտարկում։ Չնայած իմ ընդդիմադիր կեցվածքին և անկառավարելի բնավորությանը՝ ինձ ընդգրկել էին ՀՀ նախագահի վերաստուգիչ հանձնաժողովի կազմում որպես գիտության պետական կոմիտեն ստուգող փորձագետ։ Կազմում կային մարդիկ, ովքեր ստուգում էին հաշվապահությունը։ Հանեցին մի քանի տեղից հավելավճար ստացող գիտնականների ցուցակը՝ օրենքով գիտական աստիճանի համար միայն մեկ տեղից կարելի էր հավելավճար ստանալ։ Առաջին երեք «ռեկորդակիրը», ովքեր հաջողացրել էին 4-5 տեղից հավելավճար ստանալ, իմ ծանոթներն էին։ Սրանք եկել՝ հավելավճարի միջոցով գիտություն են զարգացնում։ Հիմա էդքան գիտեն, էդքան են հասկանում՝ ես ի՞նչ անեմ։

Վարչապետը ակադեմիական քաղաք նախագիծը քննարկելիս ասել էր, որ այնտեղ գտնվող գիտահետազոտական ինստիտուտները պետք է ֆինանսավորվեն միայն պետության կողմից։ Հիմա ես նորի՞ց սկսեմ բացատրել, որ դա ամենանախկինների, սովետական մոտեցում էր։ Ոչ իհարկե, զահլա չունեմ, լսող էլ չկա։ Ո՞վ է սրանց գիտության հիմնահարցերի խորհրդականը՝ չգիտեմ։

Աչքովս ընկավ ԲՈԿ նախկին նախագահ Քեռյանի հարցազրույցը։ Իհարկե ես վախենում եմ նրանից, աշխատելու ժամանակ ինձ գրավոր սաստել էր, բա թե պետական ծառայողի հետ հարգանքով խոսի։ Մի կերպ շտապ օգնությունով ինձ հասցրեցին հիվանդանոց՝ վախից լեղաճաք էի լինելու։ Հիմա մի քիչ հանգստացել եմ ու կասեմ, որ դու էլ ոչինչ չես հասկանում։ Միայն այս անհեթեթ միտքը, որ «․․․աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական պահանջները՝ քանակականի փոխարեն․․․» բավական է, որ ասեմ՝ գնա, էլ մեյդան չգաս։ Պարզագույն ստուգվող քանակական պահանջը վերածեցիք խեղկատակության։ Այսօր ԵՊՀ ռեկտոր աշխատող Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականը չէր բավարարում նույնիսկ այն խղճուկ քանակական պայմաններին, որ կան կանոնակարգում։ Դա ցույց եմ տվել թվերով, նկարներով բազում անգամներ։ ԲՈԿ հավաքարարն էլ կհասկանար՝ այնքան պարզ էր ամեն ինչ։ Սարքեցիք խեղկատակություն, վարկաբեկվեցիք բոլորդ, դեռ արբած պաշտոնի վայելքներից համարձակվում էիք ինձ սաստել։ Պատկերացնում եմ, թե որակական պարամետրը «մեյդան» բերելով՝ ինչ կարգի ապուշությունների ականատես կլինեինք։

Բալիկ ջան, որակական պարամետրը առաջին հերթին պետք է ստուգի պաշտպանության խորհուրդը։ Բայց մի երկրում, որտեղ 8-րդ դասարանի կրթությամբ ստահակը կարող է պաշտպանել թեկնածուական և գիտխորհուրդը չհասկանա, թե ում հետ գործ ունի․․․Դրա համար էլ գործունեության խաբկանք ստեղծելու համար ընկել ես առաջատար կազմակերպության ետևից։ Այ քեզ սխրանք․․

Մի ուրիշ աննախադեպ տխմարություն էլ երիտասարդ գիտնականներին ատենախոսության ղեկավար սարքելու զառանցանք էր։ Որեւէ մի երկրում նման բան տեսե՞լ ես։ Մեռա բացատրելով, որ Հայաստանում ապրող գիտնականների տարեկան մոտ հազար տպագրված հոդվածից՝ ամենաշատը 120-140 հատն է գոնե միջին ու բարձր վարկանիշով ամսագրում։ Ռեալ դրանք մոտ 100 գիտնական են, ճնշող մեծամասնությունը բնական գիտություններից, որոնք կարող են ատենախոսության ղեկավար դառնալ։ Ի՞նչ զառանցանք է մանկական ղեկավարը։ Չնայած դա էլ է եղել մեր գիտության պատմության մեջ՝ ակադեմիան մի պահ «պատանեկան սեկցիա» բացեց։

Մի հիմնական պրոբլեմ ունենք, ոչ միայն գիտության կազմակերպման բնագավառում։ Դա համատարած ստախոսությունն ու դրա հանդեպ եղած հանդուրժողականությունն է։ Ամենալավ օրենքն էլ բեր, եթե այն չկատարելը չի պատժվում՝ ամեն ինչ վերածվում է աննախադեպ զառանցանքի։ Մարդակերներին ինչքան էլ «Ավետարան» հրամցրին՝ մեկ է, վերջում միսիոներին ուտում էին։ Մինչ եկան հրացանով «հոպարները» և մարդակերությունը գրեթե վերացավ․․․

  Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ

 Նախկին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031