ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացության արժանացավ «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ասաց, որ առաջարկում են վերանայել շնորհվող պատվավոր կոչումների շրջանակը։
«Ընդհանուր առմամբ՝ այս պահին գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, արվեստի բնագավառում վաստակավոր արտիստի, վաստակավոր նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի կոչումները։ Միայն մշակութային բնագավառում այսքան կոչումներ ունենք։ Կոչումների մեծ մասը ժամանակավրեպ են եւ առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության ու առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասաբար անդրադարձող»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ըստ Արմենուհի Հարությունյանի՝ առաջադեմ երկրների փորձը ցույց է տալիս, որ պատվավոր կոչումների ինստիտուտ այդ երկրներում առկա չէ։ Եվ մասնագետների խրախուսումը չափելի ու կոնկրետ արդյունքների վրա է հիմնված լինում ու հիմնականում հենվում է ոլորտային մրցանակաբաշխությունների արդյունքի վրա, բայց որեւէ կերպ չի տրվում այդպիսի հնարավորություն՝ մշտապես, մինչեւ կյանքի ավարտն ունենալ ժողովրդական կամ այլ վաստակավոր գործչի կոչում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց․ «Արդյոք սրանով չեք կտրում այն ազգային ավանդույթները, որոնք ձեւավորվել են։ Արդյոք քննարկվե՞լ է ոչ թե վերացնելու, այլ չափանիշներով ավելի հաստացնելու ու ամրապնդելու այս համակարգը։ Ի վերջո, պատվավոր կոչումներով նաեւ որոշակի գնահատական է տրվում անձին իր գործունեության, հանրային ընկալման համար։ Մենք գիտենք բազմաթիվ պատվավոր կոչումների արժանացած անձանց, ովքեր իսկապես մեր մշակույթի, գիտության, արվեստի ոլորտներում ոչ միայն էական դերակատար են եղել, այլ նաեւ ժողովրդական սեր են վայելում։ Ի՞նչ է ստացվում՝ մենք, վերացնելով այս ամենը, ասում ենք՝ հայրենակիցներ, մոռացեք, որ նոր Թորոս Թորամանյաններ կարող են լինել, ի՞նչ ուղերձ ենք տալիս։ Առհասարակ նման վերաբերմունք ցուցաբերել, արդյոք սա նաեւ ուղերձ չէ»։
Արդարադատության փոխնախարարն ասաց, որ սրանք ԽՍՀՄ-ից ժառանգած արտահայտություններ ենք, ազգային ավանդույթ չէ։ Դա ԽՍՀՄ-ից ներմուծել ենք, որպեսզի ցույց տանք, որ որոշ անհատներ՝ արժանի կամ ոչ արժանի, իրենց գործունեության ոլորտում կարողացել են հասնել որոշակի նպատակների։
«Բայց շատ են եղել նաեւ դեպքերը, որ տվյալ անձը որոշակի ժամանակահատվածում աշխատելով այդ մասնագիտական ուղղությամբ հասել է ինչ-որ նպատակների, բայց անմիջապես այս կոչումը ստանալուց հետո դադարեցրել է այդ մասնագիտության վրա իր նպաստը բերել։ Ըստ այդմ՝ չգիտեմ, թե ինչքանով է ինքը շարունակել մնալ ժողովրդական կամ ինչքանով է մնացել վաստակավոր։ Մենք քննարկել ենք հարցը, որ պետք է նոր մշակույթ ձեւավորենք մեզ մոտ։ Առավել նպատակահարմար է անհատին խրախուսելը եւ իր աշխատանքի համար գնահատական տալը՝ այն բանից ելնելով, որ ինքը մասնակցում է որոշակի մրցանակաբաշխությունների, այդ մրցանակաբաշխությունների ժամանակ ներկայացնում է իր աշխատանքը, եւ դա է գնահատվում, ոչ թե իրեն տրվում է ինչ-որ տիտղոս, որը մինչեւ կյանքի վերջ կրում է»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է նախկինում տրված եւ ներկայումս գործող կոչումներին, փոխնախարարն ասաց, որ դրանք շարունակելու են մնալ, որովհետեւ եթե մարդուն մեկ անգամ տրվել է այն, ուրեմն մարդն արժանի է։ Պատվովճարները, որոնք ստանում են կոչում ունեցող անձինք, ըստ Արմենուհի Հարությունյանի, ամսական 40 հազար դրամ են կազմում, դրանք եւս շարունակելու են ստանալ։
Արծվիկ Մինասյանն արձանագրեց, որ հանրային ու ոլորտային քննարկման չի դրվել այս հարցը։ «Ես հարց եմ տալիս՝ ի՞նչ քննարկումներ են եղել։ Ի վերջո, ժողովրդական բառն այսօրվա իշխանությունն ամենաշատն էր օգտագործում՝ ժողովրդական թավշյա, ժողովրդական ձայն, ժողովրդի կարծիք, բա ո՞ւր է ժողովրդի կարծիքը։ Ես հարց եմ տալիս՝ ի՞նչ քննարկումներ են եղել»,- ասաց նա։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այս գործընթացում սուբյեկտիվիզմը բավական մեծ դեր է ունեցել, օրինակ, ԽՍՀՄ ժամանակահատվածում վառ կերպարներ կերտած դերասանուհի Գալյա Նովենցը վաստակավոր արտիստի կոչում ստացել է 2003, իսկ ժողովրդական արտիստի կոչում՝ 2007 թվականին։ Ինչո՞ւ ԽՍՀՄ ժամանակահատվածում նրա վաստակը չի գնահատվել, հարցադրում արեց Վարդանյանը։ «Ուզենք թե չուզենք, սա խորհրդային համակարգի լենինյան-ստալինյան մրցանակների կոնցեպտի զարգացումն ու շարունակականությունն է»,- ասաց Վարդանյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ