JAMnews. Վերջին տարիներին Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ցուցանիշն ավելացել է, արտահանման ծավալները՝ գրեթե կրկնապատկվել: Դա բացատրվում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի արդյունքում Հայաստանի արտահանման ու վերաարտահանման նոր հնարավորություններով։ Վերաարտահանման բաղադրիչի կտրուկ ավելացման համատեքստում խոսվում է նաև Հայաստանի ու հայաստանյան կազմակերպությունների՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ ընկնելու հավանականության և ռիսկերի մասին:
Բոլոր մանրամասները՝ ըստ ոլորտային ցուցանիշների հիման վրա կատարված վերլուծության։ Ներկայացնում ենք նաև պաշտոնական տեսակետներն ու փորձագետների գնահատականը:
Արտահանման ծավալների շեշտակի աճ
2022 թվականին արտաքին ու փոխադարձ առևտրաշրջանառության մոտ 1/3-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը: Այն կազմել է ընդհանուր առևտրաշրջանառության 35.6 %-ը՝ 2021-ի 31.3 -ի դիմաց:
Կարդացեք նաև
2023-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է արտաքին և փոխադարձ առևտրի 34.6 %-ը: Հետաքրքիր է, որ առևտրաշրջանառության մեջ շեշտակիորեն աճել է հատկապես արտահանման ցուցանիշը։ 2022-ին այն կազմել է ընդհանուր ծավալի 45 %-ը՝ 2021-ի 28%-ի և 2020-ի 26%-ի դիմաց:
2023 թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Ռուսաստանին բաժին է ընկնում արտահանման ողջ ծավալի ավելի քան 51%-ը:
ՌԴ-ից ներմուծման ծավալները ևս աճել են, սակայն ոչ այն տեմպով, ինչ արտահանման դեպքում:
Վերջին 10 տարիների կտրվածքով՝ Հայաստանից ՌԴ արտահանման ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է ներմուծման ցուցանիշը: 2023-ի հունվար -հունիսին արտահանվել է 1.694.668.6 հզր, ներմուծվել՝ 1.406.062.7 հզր դոլարի ապրանք:
«Այս պահին մենք դեպի Ռուսաստան ավելի շատ ենք ապրանք արտահանում, քան ներմուծում ենք: Նախորդող տարիներին այսպիսի դինամիկա Հայաստանը երբևէ չի ունեցել»,- նշում է տնտեսագետ Աղասի Թավադյանը»:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը նկատում է՝ ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառության ակտիվացման ու ծավալների ընդլայնման վրա էականորեն ազդել է ռուս-ուկրաինական պատերազմը.
«Պատերազմը նախադրյալներ ստեղծեց Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը ընդլայնելու համար: Դրան զուգահեռ մենք կորցրեցինք Ուկրաինայի հետ առևտրի հնարավորությունը: Այսինքն մի տեղ՝ շահեցինք, մի տեղ՝ կորցրեցինք, բայց ընդհանուր առմամբ շահածն ավելի մեծ է, քան կորցրածը»:
Տնտեսագետ Աղասի Թավադյանի գնահատմամբ՝ ամերիկյան պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկերը Հայաստանի համար բավական ցածր են․
«Ընդհանուր հավանականությունը ցածր եմ գնահատում, սակայն չեմ բացառում, որ առանձին կազմակերպություններ ռազմաարդյունաբերական նշանակության կամ այդ գործունեությանը նպաստող ապրանքներ արտահանելու փորձի դեպքում կարող են հայտնվել սանկցիաների տակ»:
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը վստահեցնում է, որ թե՛ կառավարությունը, թե՛ Հայաստանում Եվրամիության գրասենյակը, և թե՛ գործատուների միությունը քայլեր են ձեռնարկում՝ ամերիկյան պատժամիջոցների տակ տեղական կազմակերպությունների չհայտնվելու համար:
Կառավարության ձեռնարկած կարևորագույն քայլն է համարում 808-Ն որոշման ընդունումը, ԵՄ-ի հետ համատեղ իրազեկման հանդիպումների ու ուսուցման ծրագրերի կազմակերպումը, ինչի արդյունքում արտահանողները տեղեկանում են պատժամիջոցների հետ կապված նրբություններին ու հնարավոր ռիսկերին:
Եզրակացություն
Չնայած դեպի ՌԴ արտահանման ու վերաարտահանման ցուցանիշի կտրուկ աճին, մասնագետները Հայաստանի՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ ընկնելու հավանականությունը գնահատում են ցածր, արտահանման ու վերաարտահանման ցուցանիշի աճը՝ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ընդլայնման բացառիկ հնարավորություն՝ երկրի համար:
Գայանե ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: