Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջերս նման բան լսե՞լ եք, որ ՊԵԿ աշխատանքի ընդունվելուց քեֆ անեն»․ Ռուստամ Բադասյան

Հունվար 11,2024 15:40

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին․ «Դուք ունե՞ք վիճակագրություն, թե 2023 թվականին ՊԵԿ քանի աշխատակից է աչքի ընկել կոռուպցիոն դրսեւորումներով, քանի՞ հոգի է կոռուպցիոն հանցագործության մեջ ներքաշվել։ Ես կուզեմ, որ հանրությունն իմանա, թե ՊԵԿ-ի արժանապատիվ աշխատավարձը որքա՞ն պետք է կազմի, որ իրենք զերծ մնան կոռուպցիոն դրսեւորումներից։ Միջին հաշվով որքա՞ն են վաստակում ՊԵԿ աշխատակիցները»։

Ռուստամ Բադասյանն ասաց, որ կոռուպցիոն հանցագործությունների մասին վիճակագրությունը ձեռքի տակ չունի։ «Եթե չեմ սխալվում, ծառայողական քննություններով 2023 թվականին 8 ծառայողի ենք աշխատանքից ազատել, բայց եթե լինեին կոռուպցիոն հանցանքի մասին տվյալներ, նաեւ հաղորդում պետք է ներկայացնեինք։ Բացի դա, մենք մի քանի անգամ հաղորդագրություններով հրապարակել ենք, որ ՊԵԿ-ը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ ՊԵԿ-ում կոռուպցիոն դրսեւորումների հետ կապված։ Օրինակ՝ տեսախցիկով արձանագրել ենք, որ մաքսային ծառայողը վարորդից գումար է ստանում, եւ դա փաստագրել ենք ու հաղորդում ենք ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե։ Եղել է համագործակցություն իրավապահների հետ, այս վերջերս էլ բավական խոշոր անհանգստացնող երեւույթ ենք հայտնաբերել, հետեւանքները վերացրել ենք, բայց նաեւ հաղորդում ենք ներկայացրել»,- ասաց Բադասյանը։

Գեղամ Նազարյանն ասաց, որ պետք է հստակ բացատրություն տալ հանրությանը, թե ինչո՞ւ են այս նախագծով ուզում բարձրացնել մաքսային եւ հարկային ծառայողների աշխատավարձերը։ «Ես կողմ եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենա արժանապատիվ աշխատավարձ, բայց դուք բավական երկար ժամանակ է՝ արդեն այս համակարգը ղեկավարում եք, ի՞նչ եք կարծում՝ աշխատավարձի չափը կոռուպցիոն հակվածություն ունեցող մարդուն զերծ կպահի՞ կոռուպցիոն դրսեւորումներից։ Երբ հիմնավորման մեջ նշում եք՝ սա թույլ կտա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնել, այստեղ ես մի քիչ թերահավատ եմ, որովհետեւ այս դեպքում մի քիչ հարց է առաջանում, թե այդ մարդուն մենք ի՞նչ փող տանք, որ ինքը կոռուպցիոն ռիսկերի մեջ չմտնի։ Մենք ապրում ենք մի երկրում, բոլորը համարյա իրար ճանաչում են, եւ հարց է առաջանում՝ այս ի՞նչ ոլորտ է, որ հատկապես մաքսային ոլորտում աշխատանքի տեղավորվելու համար բոլորը ցանկանում են ծանոթ գտնել։ Եվ երբ տեղավորվում են, քեֆ են անում»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան Բադասյանն ասաց․ «Վերջերս նման բան լսե՞լ եք, որ ՊԵԿ ընդունվելուց քեֆ անեն։ Ես չեմ ուզում այս նախագիծն ընդունենք որպես աշխատավարձի բարձրացման նախագիծ, սա կատարողականի գնահատման նախագիծ է, որի հիման վրա հնարավոր է ստանալ արդարացի վարձատրություն կատարված աշխատանքի դիմաց։ Բնականաբար, կոռուպցիոն ռիսկերն այնքան շատ են ՊԵԿ-ում, եւ այնպիսի դրսեւորումներ կարող են լինել այնպիսի գումարների չափով, որ պետությունը չի կարող այնքան վարձատրություն ապահովել, որ ասենք՝ միայն այդ վարձատրությամբ կոռուպցիոն երեւույթները բացառում ենք։ Կոռուպցիոն հակում ունեցող աշխատողը պետք է լքի ՊԵԿ-ը, եւ մենք դրա բազմաթիվ օրինակներն ունեն, երբ տարբեր մարդիկ լքել են։ Մեր նպատակն այն չէ, որ կոռուպցիոն հակում ունեցող մարդը մնա համակարգում, ուղղակի մենք իրեն այնքան գումար տանք, որ ասի՝ լավ, կոռուպցիոն սխեմաների մեջ չեմ մտնում»։

Ըստ նրա՝ այս համակարգը լավ կադրերի համար է, ովքեր պատրաստ են լավ աշխատել, արդյունք ստանալ ու բարձր վարձատրվել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031