Aravot.am-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի անունով գրավոր հարցում էր ուղարկել: Խնդրել էինք պատասխանել, թե ինչ հիմքով են իր պաշտոնավարման ժամանակ աշխատանքից ազատվել ավելի քան 10 հոգի: Նաեւ հարցրել էինք՝ ճի՞շտ է, որ կադրային ջարդ է սկսել եւ փորձում է ազատվել հատկապես այն աշխատակիցներից, որոնք չեն կիսում իր տեսակետը:
Իսկ երրորդ հարցն այն էր, թե արդյոք չի՞ բարդույթավորվում, որ իրենից առաջ Մատենադարանի տնօրեններ են եղել այնպիսի անվանի գիտնականներ, ինչպես ակադեմիկոսներ Լեւոն Խաչիկյանը, Սեն Արեւշատյանը, գիտությունների դոկտորներ Հրաչյա Թամրազյանն ու Վահան Տեր-Ղեւոնդյանը:
Պարոն Խզմալյանը գրավոր պատասխանել է մեր հարցմանը, որտեղ նշել է. «Կառույցի առավել արդյունավետ կառավարման նպատակով Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կառուցվածքից հանվել է Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը՝ այն նկատառումով, որ Մատենադարանում ստեղծված են բոլոր պայմանները՝ ձեռագրերի բնօրինակները ցուցադրելու համար, եւ կրկնօրինակներ պատրաստելու անհրաժեշտություն այլեւս չկա: Բոլոր փոփոխություններն իրականացվել են տնօրենին վերապահված լիազորությունների շրջանակում եւ օրենքի տառին համապատասխան»:
Ի դեպ, Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը, որ ստեղծվել էր Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն Հրաչյա Թամրազյանի նախաձեռնությամբ, հաջողությամբ գործել է նախկին տնօրենների պաշտոնավարման ժամանակ:
Կարդացեք նաև
Մատենադարանի ներկայիս տնօրենը հրաժարվել է պատասխանել մեր՝ կադրային ջարդի եւ Մատենադարանի անվանի տնօրենների վերաբերյալ հարցերին՝ պատճառաբանելով, որ դրանք դուրս են Սահմանադրության եւ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի այն հոդվածների տրամաբանությունից, որոնց հղում էինք արել հարցումն ուղարկելիս, ուստի պատասխանելու նպատակահարմարություն չի տեսնում:
Քանի որ Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը լուծարելու հարցը քննարկվել է նաեւ Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդում, որի նախագահը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է, նրան եւս հարցեր ենք ուղարկել, որոնց նախարարության լրատվականից խոստացան պատասխանել օրվա ընթացքում, ինչը կհրապարակենք ստանալուն պես:
Հիշեցնենք, որ Մատենադարանի տնօրենի ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որտեղ 24 անդամի փոխարեն 13 հոգի են, որոնից միայն 2-ն են Մատենադարանի աշխատակից, իսկ մյուսները պետակամն գերատեսչություններից են։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, թատերագետ Արա Խզմալյանն էլ Մատենադարանի տնօրեն ընտրվելու հնարավորություն ստացավ, քանի որ իջեցվեց Մատենադարանի տնօրենին ներկայացվող պահանջների նշաձողը՝ գիտությունների դոկտորից մինչեւ թեկնածու, հանվեց հրապարակված գիտական աշխատանքների ցանկը ներկայացնելու պահանջը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ