Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամեն ինչ կանեմ, որ ձեր նախագիծը չընդունվի, բայց եթե ընդունվի, յուրաքանչյուր 1 վերադարձի համար մենք ունենալու ենք 100 հատ գնացող». Հովիկ Աղազարյան

Հունվար 11,2024 14:52

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Հիշեցնենք, որ գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման։ Նրանք որեւէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած։

Նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն՝ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ երկու տարի ծառայելով կամ մեկ տարի ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 2․5 մլն դրամ, կամ 6 ամիս ծառայելով ու վճարելով 5 մլն դրամ, կամ 1 ամիս ծառայելով՝ վճարելով 10 մլն դրամ, կամ միայն վճարելով 15 մլն դրամ՝ առանց ծառայելու:

Հայկ Սարգսյանն ասաց, որ այսօրվա դրությամբ ունենք 5000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ, որոնց 27 տարին լրացել է ու չեն կարող գալ ու անցնել զինծառայության: Առաջարկվում էր, որ տարբերակում մտցվի ու այդ տղաները, որոնք խուսափել են ծառայությունից, 27 տարին լրացել է, 2 տարի ծառայելով՝ չազատվեն պատասխանատվությունից, այլ 30 ամիս ծառայեն: Բայց ի վերջո եկել են նախնական որոշմանը: Ինչպես նշեց հեղինակը, առաջարկ է եղել 1 ամիս ծառայելու դեպքում 10 մլն-ը դարձնել 8 մլն, որ օրենքի շահառուների թիվը մեծ լինի: Այդ տարբերակն ընդունվել է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ տուգանքները պետք է ունենան տրամաբանություն՝ հաշվի առնելով նվազագույն աշխատավարձը, իսկ այն գումարները, որ նախատեսված են՝ 2.5 մլն, 10 մլն եւ այլն, ունե՞ն որեւէ տնտեսական, ֆինանսական հիմնավորում, բազային հիմքը ի՞նչն է: Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ հաշվարկել են 1 պայմանագրային զինծառայողի աշխատավարձի չափով, որովհետեւ չծառայող քաղաքացու փոխարեն պայմանագրային զինծառայողին են վճարելու:

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց. «Ես օրենքի ոգու հետ համաձայն չեմ: Չե՞ք անհանգստանում, որ դուք բացասական վարքագիծ եք մտցնում մեր պատանիների մեջ, բա 12 տարեկան տղայի պապան չի՞ մտածի, որ 15 տարի հետո մի հատ ուրիշ Հայկ Սարգսյան կգա ԱԺ ու նորից նմանատիպ օրենք կընդունի»:

Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, չեմ մտածում, նախ ուրիշ Հայկ Սարգսյանի կարիք չի լինի, ես կլինեմ հաջորդ ԱԺ-ում, եթե մեր ժողովուրդը գտնի, որ արժանի եմ: Օրենքի նպատակն է, որ մեր 5000 քաղաքացիներին հնարավորություն տանք ծառայելու կամ ազատվելու քրեական պատասխանատվությունից»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. «Հայկ Սարգսյանի պատասխանից հասկացա, որ սա «Արի տուն» ծրագրից մի փոքր հատված է»:

Իսկ Հովիկ Աղազարյանն ասաց. «Ես ամեն ինչ կանեմ, որ ձեր նախագիծը չընդունվի, բայց եթե ընդունվի, յուրաքանչյուր 1 վերադարձի համար մենք ունենալու ենք 100 հատ գնացող»:

Նա առաջարկեց արդարության համար օրենքում ընդգրկել բոլորին, ոչ միայն 27 տարին լրացածներին, որ հիմիկվանից մարդիկ իմանան՝ կարող են փող տալ ու որդին 6 ամիս ծառայի, օրինակ, ոչ թե ընկնեն օտար երկրներ, 27 տարին լրանա, նոր գան:

Անդրանիկ Քոչարյանը հորդորեց Աղազարյանին հաշվարկ ներկայացնել՝ որտեղի՞ց է ենթադրում, որ օրենքն ընդունվելու դեպքում այդ արդյունքը կլինի:

Աղազարյանը պատասխանեց. «Ի տարբերություն կառավարության անդամների, մի քիչ էլ նաեւ ձեզ, մենք շարքային քաղաքացիներ ենք, մահկանացուներ եւ ամեն օր շփվում ենք մարդկանց հետ»:

Հայկ Սարգսյանը հիշեցրեց նրան, որ շարքային քաղաքացի չի, պատգամավոր է, ունի գաղտնի տեղեկատվության տիրապետելու իրավունք, որից չի օգտվել ու հիմա սխալ հաշվարկ է ներկայացնում. «Այս օրենքը լինի, թե չլինի, բանակից խուսափողների թիվը չի պակասել, շարունակել է աճել, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031