Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգանքից ելնելով՝ ինձ թույլ չեմ տալիս ձեզ որեւէ ավել բան ասել»․ ՄԻՊ-ը՝ սեւազգեստ մայրերին

Հունվար 11,2024 14:26

Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հինգ ծնողներն այսօր կառավարության շենքի հետնամուտքի մոտ բողոքի ցույց էին անում։

Հիշեցնենք, որ ծնողները երկար տարիներ է՝ պայքարում են բանակում իրենց որդիների սպանության գործերը բացահայտելու համար։ 2018-ից հետո էլ, երբ իշխանություն փոխվեց, ծնողներին նոր պաշտոնյաները խոստացան ուսումնասիրել այդ գործերը։ Երկու տարի առաջ էլ վարչապետի որոշմամբ ստեղծվեց հանձնաժողով, որպեսզի գործերն ուսումնասիրվեն, Փաշինյանն էլ հայտարարել էր՝ եթե ներկայացվեն խախտումներ թույլ տված պաշտոնյաների մասին հավաստի տվյալներ, ապա մեղավորները կպատժվեն։ Այն ժամանակ Աննա Վարդապետյանը նոր էր նշանակվել գլխավոր դատախազ, նրան էր փոխանցվել այս գործերի ուսումնասիրությունը։

Այսօր սակայն ծնողները դժգոհ են այդ հանձնաժողովի աշխատանքից, նրանք պնդում են, որ քննիչները շարունակում են փաստերը կոծկել։

«Վերջապես էդ հարցերին լուծում տվեք, հանցագործին պատժեք, մենք էլ գնանք նստենք մեր տները։ Չեմ ուզում գամ՝ ստեղ կանգնեմ, դուք էլ վատ զգաք, որ ես սենց ջղայնացած խոսում եմ։ Ումի՞ց պահանջեմ, ումի՞ց»,-կառավարության շենքի մոտ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին դիմեց սպանված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։

Ծնողներից մեկն էլ վրդովված ասաց․ «Դատախազն Ազգային ժողովում արցունքներ էր թափում, ասում էր՝ էդ հինգ ծնողների գործերն իմ օժիտն է։ Բա ի՞նչ եղավ էդ օժիտը։ Իմ տղայի դին են բերել Մուրացանի հոսպիտալում ամսի 17-ից 21-ը տաքացրել են, դիակին տաք օդ են տվել, որ ծնողը մտնի տեսնի, որ իբր տղան շնչում, արտաշնչում է; Աննա Վարդապետյանը դա գիտի, կես ժամ ապշած էր, թե ոնց կարելի է հոսպիտալում սարք դնել, որ դիակը տաքացնեն-սառեցնեն։ Բա գնացեք, մտեք հոսպիտալ, տեսեք՝ էդ ինչի են էդ սարքը դրել։ 13 տարի դարձավ, ո՞վ պիտի պատասխան տա իմ երեխայի սպանության համար։ Իմ տղան Հադրութում պետական գաղտնիք էր տեսել, տղուս ասում էին՝ գնա նարկոտիկի գործ արա, չգնաց, կյանքը խլեցին։ Հիմա զինվորները մի կեղտ, որ տեսնում են, ամենքի վզին մի բան են դնում, վերացնում են, որ տուն չգան, բան չպատմեն»։

Ծնողները Անահիտ Մանասյանին հիշեցրեցին նրա հետ հանդիպումը, որի ժամանակ խնդրել են ՄԻՊ-ին՝ այնպես չլինի, որ «պտիչկա» դնեք մեզ ընդունելը․ «Դուք էլ վիրավորվեցիք, ասացիք՝ ամեն ինչ կանեմ։ Ի՞նչ եք արել»։

Մանասյանը ծնողներին կոչ արեց խոսել, իր խոսքով ասած՝ քաղաքավարության շրջանակներում․ «Ես ձեզ հետ հենց այդպես եմ շփվում»։

«Քաղաքավարություն չի մնացել։ Երեք ղեկավար ենք փոխել, գործերը չեն բացահայտվում, մեղավորները չեն պատժվում»,-ասացին ծնողները։

«Ես այնքան հարգանք ունեմ ձեր նկատմամբ, որ ինձ չվերաբերելի հարցերի հետ կապված ես այսքան րոպե մնացի այստեղ»,-ասաց մարդու իրավունքների պաշտպանը։

Ծնողներից մեկն էլ Մանասյանին հարցրեց․ «Կառավարության նիստերին Աննա Վարդապետյանի կողքին եք նստում, մի օր հարցրե՞լ եք՝ էն գործերը, որ ձեզ եմ ուղարկել, բա ի՞նչ եղավ։ Ձեր ընկերուհուն փոխանցեք, որ եզրակացությունը դուք եք հանել, իրեն ասեք՝ տիկին Վարդապետյան, էս զինվորների գործերով, որ դարձար դատախազ, աթոռը վերցրիր ու նստեցիր, էդ գործերին ընթացք տուր, մենակ աթոռով կյանքը չի որոշվում։ Բումերանգը ֆռում է»։

«Ձեր նկատմամբ հարգանքից ելնելով՝ ինձ թույլ չեմ տալիս ավել որեւէ բան ասել։ Այն հարցերը, որոնք ինձ վերաբերելի չեն, չեմ կարող օդից վերցնել ու ինձ վերաբերելի դարձնել»,-ասաց Մանասյանն ու հեռացավ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031