Լրահոս
Օրվա լրահոսը

Ռելոկանտների ազդեցությունն առավել մեծ է վարձակալության, քան ՀՀ անշարժ գույքի առքուվաճառքի դեպքում. JAMnews

Հունվար 11,2024 14:20

JAMnews. Ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Հայաստանի տարբեր ոլորտների, այդ թվում տնտեսության վրա կառավարությունն ու փորձագետները տարբեր կերպ են գնահատում: Սակայն համամիտ են այն հարցում, որ տնտեսական աճի որոշակի տոկոսը պայմանավորված է հենց այս հանգամանքով։

Այս լրագրողական հետազոտության շրջանակում փորձ է կատարվել պարզել, թե ինչ ազդեցություն է ունեցել մարդկանց մեծածավալ ներհոսքը հատկապես Հայաստանի անշարժ գույքի առքուվաճառքի ու վարձակալության շուկայի վրա։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցիների զգալի մասը չի դիտարկում Հայաստանը որպես մշտական բնակության վայր և մտադիր է մեկնել այլ երկրներ։ Հետևաբար, բոլոր թե դրական, թե բացասական փոփոխությունները ժամանակավոր են։

Վարձակալության գների աճ

Վարձակալական հիմունքներով Երևանում բնակվող Աննան մեկն է նրանցից, ով իր մաշկի վրա է զգացել Հայաստանում բազմաթիվ ռելոկանտների հայտնվելու հետևանքով առաջացած անհարմարությունները։ 2022 թվականի մարտին, ռուսաստանցիների ակտիվ ներհոսքի ժամանակ բնակարանի տերը նախ կրկնապատկել է ամսավճարի չափը՝ 100.000-ից դարձնելով 200.000 դրամ, ապա ստիպել նրան օր առաջ ազատել բնակարանը:

«Ինձ ընդամենը մեկ շաբաթ ժամանակ տրվեց՝ բնակարանն ազատելու համար: Քանի որ սեփականատիրոջ հետ վարձակալության պայմանագիր չունեի, ստիպված եղա կատարել նրա պահանջը: Արդյունքում ես հայտնվեցի դրսում ու ստիպված էի դիմել բարեկամներիս՝ մի քանի օրով ապաստան տրամադրելու համար։ Հասկանալի է, որ Հայաստան տեղափոխված ռուսներին բնակարանը ավելի բարձր գնով էր հաջողվել հանձնել»,- հիշում է Աննան:

Ռելոկանտների ներհոսքի ազդեցությունը վարձակալության շուկայում

Պաշտոնական տվյալներ այն մասին, թե որքանով են աճել անշարժ գույքի վարձակալության գները Հայաստանում, չկան:

«Կադաստրի կոմիտեն վարձավճարների վերլուծություն չի իրականացնում՝ գրանցված գործարքների նվազ քանակի և կնքված պայմանագրերում անիրատեսական վարձավճարների պատճառով»,- նշում է կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Գուգարացը:

Ընդհանրապես անշարժ գույքի վարձակալության շուկան պետությունը գրեթե չի վերահսկում: Գործող օրենքով` վարձակալությամբ բնակարան տրամադրելու դեպքում սեփականատերը պարտավոր է եկամտային հարկ վճարել՝ գործարքի 10 տոկոսի չափով։ Սեփականատերերի գերակշիռ մասը չի փաստաթղթավորում վարձակալության գործարքը և ոչինչ չի վճարում պետությանը։

Ոլորտի մասնագետները փաստում են՝ ռուս-ուկրաինական պատերազմը շեշտակի ազդել է անշարժ գույքի գների վրա: Ընդ որում, ռելոկանտների ազդեցությունն  առավել մեծ է վարձակալության, քան անշարժ գույքի առքուվաճառքի դեպքում:

«Ռուսների՝ ներհոսքով պայմանավորված մոտ 2-3 անգամ բարձրացան անշարժ գույքի, բնակարանների վարձավճարները: Վերջին 5-6 ամիսներին ռուսների մի մասի երկրից հեռանալու, առաջնային շուկայում բնակարանների վաճառքի ծավալների ու շահավետ առաջարկների  ընդլայնման, պահանջարկի նվազմանը զուգահեռ անշարժ գույքի վարձակալության գները մի փոքր իջան»,- ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Գայանե ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031