Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ին ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերված ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը, շատ խիստ նախնական տեղեկությունների համաձայն, պարտքերի պատճառով է ինքնասպանություն գործել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ, ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։
Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր, 29 տարեկան էր, ամուսնացած, ուներ երկու երեխա՝ որդի և դուստր։
Նա կոչումով ավագ լեյտենանտ էր։
Կարդացեք նաև
Վահան վարչական շրջանի ղեկավար Արշակ Մկրտչյանը Aravot.am-ին ասաց, որ Միքայելը ընտանեկան կամ որեւիցե այլ խնդիրներ չի ունեցել. «Իր հայրը իմ դասընկերն է, տասը տարի հետը սովորել եմ։ Ես այդ ընտանիքին լավ ճանաչում եմ, շատ օրինակելի ընտանիք են, աշխատող, արարող, հաշտ ու համերաշխ: Միգուցե Միքայելի հետ էնպիսի բան է եղել, որ անմիջապես․․․ Ինքը ոչ մեկի հետ չի կիսվել, հազար բան կարող է լինել: Երեկ հոր հետ զրուցել եմ, ասաց՝ բացարձակ ծառայությունից չի դժգոհել»։
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ Նոր տարին ընտանիքի անդամների հե՞տ է դիմավորել, գյուղապետն ասաց՝ հստակ չի կարող ասել, տեղյակ է, որ տոներից առաջ տուն էր եկել, բայց թե արդյոք տոները տանը, թե ծառայության մեջ է իրականացրել, տեղյակ չէ.
«Գյուղում Միքայելի մահվան պատճառը բոլորի համար փակ է: Գյուղացիներից ում խոսեցնես, ինքնասպանության վարկածին չեն կարող հավատալ, որովհետեւ շատ նորմալ ընտանիք են»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ