Մեկ օրում ՀՀ զինված ուժերում երկու զինծառայողների մահվան դեպք է գրանցվել, լուրեր կան, որ բանակում խաղամոլություն է տարածված։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն այս հարցով դիմեցին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Նա ասաց, որ բանակում զինծառայողների մահվան կամ սպանության պատճառները կարող են տարբեր լինել․ «Ես այս խնդիրը դիտարկում եմ ոչ միայն այս երկու դեպքերի, այլ բոլոր հնարավոր դեպքերի համատեքստում։ Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ ես չափազանց մտահոգիչ եւ դատապարտելի եմ գնահատում նշված իրավիճակը»։
Պաշտպանի խոսքով՝ կարեւոր է, որ պետությունը պատշաճ ու ամբողջական գործիքակազմ կիրառի՝ նախ այս գործերի քննությունը պատշաճ մակարդակով իրականացվի, նաեւ պետությունը պետք է ունենա այս երեւույթների կանարգելմանն ուղղված պատշաճ կառուցակարգեր։
«Եթե բանակում շարունակվում են նման մտահոգիչ եւ խիստ դատապարտելի դեպքերը, նշանակում է, որ մենք՝ որպես պետություն, դեռ չենք կարողացել ամբողջական կառուցակարգեր եւ գործիքակազմեր ունենալ։ Դա է պատճառը, որ ես որպես ՄԻՊ, զորամասեր եւ տարբեր հաստատություններ եմ այցելում»,-ասաց Մանասյանը։
Հարցին՝ արդյոք զինվորները խնդիրների մասին այդ շփումների ժամանակ ՄԻՊ-ին հայտնել են, Մանասյանը պատասխանեց․ «Զորամասերում այդ շփումների ժամանակ ավելի շատ ես եմ կարողանում միմյանց փոխկապակցված հարցերի միջոցով հասկանալ, թե ինչ խնդիրներ կարող են լինել։ Սովորաբար զորամասերում շատ խնդիրների մասին մեզ չեն տեղեկացրել։ Խնդիրները վերաբերում են առաջին հերթին ոչ կանոնադրային հարաբերությունների առկայությանը, այդ թվում՝ ենթամշակույթին վերաբերող»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ