ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստը սկսվեց ընդդիմադիրների փնտրտուքով: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ կենտրոնացած էր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի վրա. «Մեկ տարի է՝ մենք իրեն չենք տեսնում»:
Օրակարգում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն էր: ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ նպատակ ունեին օտարերկրյա պետությունների դեսպանների անվտանգությունն ապահովելիս զենքի կանոնները փոփոխել, բայց հաշվի առնելով, որ թեման բազմաշերտ է, դա կդարձնեն առանձին քննարկման առարկա: Հեղինակի հետ կոնսենսուս կա կառավարության հետեւյալ առաջարկի հետ կապված. «Այն անձինք, որոնք պարգեւատրվել են զենքով, բայց նոր օրենքի շրջանակներում չեն օրինականացրել կամ փաստաթղթային հիմնավորումներ ներկայացնել, նախատեսվում է, որ վերցվում է զենքը, մարվում է եւ վերադարձվում է իրեն, որովհետեւ դա իր սեփականությունն է: Նախագծային տարբերակով առաջարկվում էր պարգեւատրումն ուժը կորցրած ճանաչել, բայց հաշվի առնելով, որ պարգեւատրված զենքը անձի սեփականությունն է արդեն, չենք կարող դրա վրա աչք փակել, ճիշտ կլինի ոչ թե առգրավել, այլ մարել զենքը եւ վերադարձնել սեփականատիրոջը: Այսինքն, զենքը դարձնել անպիտան»:
Քննչական կոմիտեի փոխնախագահ Արսեն Այվազյանն ասաց. «Մի փոքր խնդրահարույց հարց ունենք: Այսօր մեր ՔԿ-ն համալրված է «Մակարով» տեսակի եւ «ՏՏ» տեսակի ատրճանակներով, որոնք ըստ փորձագետների՝ համարվում են մարտական ատրճանակներ: Ստացվում է, որ եթե քննիչը ինքնապաշտպանության եւ իր առջեւ դրված այլ խնդիրների ապահովման համար այդ ատրճանակներով զինվի, կրի, դա համարվելու է անթույլատրելի: Այս խնդիրը լուծելու համար առաջարկում ենք բացառություն ամրագրել, որ քննիչները, նաեւ Հակակոռուպցիոնի, իրավունք ունենան մարտական ատրճանակ, մենք ցանկություն չունենք այլ մարտական զենքերով զինվել: Մեր բալանսում ունենք այդ զենքերը, բայց այս նախագծով դա կրել թույլ չեն տալիս: Մենք մասնագետների հետ խոսեցինք, որ «Մակարովը» փոխարինենք «Բայկալով», որը համարվում է ծառայողական զենք, բայց մինչեւ այդ լուծումը գտնենք՝ նոր գնում կատարենք, ամիսներ, տարիներ կտեւեն ու այդ ընթացքում կզրկենք քննիչներին: Գոնե անցումային դրույթներով գրեք, որ մարտական ատրճանակները կրեն այնքան ժամանակ, մինչեւ ծառայողական նոր զենքերի գնումը: Հակառակ դեպքում մենք պիտի արգելենք քննիչներին այդ զենքերը կրել»:
Արփինե Սարգսյանն ասաց, որ այդ դիտարկումները, հաշվի առնելով պրակտիկան, լիովին ընդունելի են, որովհետեւ տարիներ շարունակ այնպիսի զենքեր են գնվել ու կրել, որ ծառայության չափանիշներին չեն համապատասխանում. «Ծառայողական զենքերը խոցման այլ ուժ ունեն, քան մարտական զենքերը, հետեւաբար չի կարող մի գծով բոլոր պետական մարմիններին խոցման միեւնույն ուժը ունեցող զենքերը բաժանել: ՊՆ-ն այլ խնդիրներ է իրականացնում, ՔԿ-ն՝ այլ խնդիր: Ըստ գործառույթի պետք է տարանջատում մտցվի»: Նա առաջարկեց «ՏՏ» տեսակի ատրճանակի մեջ այլ գլխիկով փամփուշտ կիրառել ու խնդիրը լուծել:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ այս քննարկումը սովետական է. «Մեր պարեկները 9, 19 մմ Գլոքներ են կրում, ժողովուրդ ջան: Դա ծառայողական է, 9,18 Մակարովը մարտակա՞ն, էդ ո՞ր տրամաբանությամբ այդպես: Փամփուշտի խոցման ուժը չափվում է, թե ինչքանով է ինքը իր մեջ բարութ կրում: Հիմա եթե «Մակարովը» մարտական է, դա աբսուրդ է, «Մակարովը» ընդհանրապես ինքնապաշտպանության համար էլ չեն օգտագործում, որպես սուվենիր են օգտագործում: «Մակարովը» համարել մարտական՝ աբսուրդ է: Մի բան մտածենք, ամբողջ տարանջատումը հանենք»:
ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ասաց, որ հիմա «Մակարով» տեսակի ատրճանակ չի արտադրվում, արտադրվում է «Բայկալ», որն իր տակտիկատեխնիկական հատկանիշներով նույնն է, բացարձակապես տարբերություն չկա «Մակարովի» եւ «Բայկալի» միջեւ, բայց «Բայկալի» արտադրողը գրել է, որ դա ծառայողական զենք է, «Մակարովի» արտադրողը գրել է, որ դա մարտական զենք է»:
Արմեն Խաչատրյանի խոսքը հաստատելու համար Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մենք վերջերս կրակել ենք «Մակարովից» էլ, «Բայկալից» էլ»:
Արմեն Խաչատրյանը նշեց, որ եթե «Գլոքը» թույլատրել են պարեկներին կրել՝ որպես ծառայողական զենք, այն մի քանի անգամ ավելի մեծ խոցելիություն ունի, քան «Մակարովը»:
Նախագծի հեղինակ Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ մարտական զենքի հարցը միայն ՔԿ-ին չի վերաբերվում, փաստացի բոլոր ուժայիններն այդ խնդրին բախվում են:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ: Այվազյանն արձագանքեց. «Առօրյա կյանքում մեր քննիչները զրկվում են ատրճանակ կրելուց: Իմ ամբողջ խնդիրը հենց սա էր: Մենք ստիպված ենք լինելու գնանք նոր գնումների, իսկ դուք գիտեք՝ ինչ ճանապարհ պետք է անցնեք այդ գնումն իրականացնելու համար»: Անդրանիկ Քոչարյանը հորդորեց ձեւակերպումներն այնպես անել, որ խնդիրներ չլինեն: Հեղինակը մինչեւ լիագումար նիստը խոստացավ փոփոխություններ անել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ