Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գործով դատական նիստը Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում կրկին հետաձգվեց։
Aravot.am-ի հետ զրույցում Արմինե Ադիբեկյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց․ «Չորս նիստ է տեղի ունեցել, որոնցից երկուսը հետաձգվել են։ Դա արդեն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ինչ-որ հարցեր առաջացնել»։
Հիշեցնենք՝ Արմինե Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։
Դատական նիստն այսօր հետաձգվեց դատախազի հիվանդանալու պատճառով։ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ինքը կասկածի տակ չի դրել դատախազի կողմից հիվանդանալու փաստը, քանի որ իր շրջապատում էլ շատ մարդիկ հիվանդ են, բայց ըստ փաստաբանի՝ դատախազությունը լիարժեք հնարավորություն ուներ մեկ այլ դատախազի գործուղել, ինչպես շատ հաճախ է լինում։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ այս հետաձգումների նպատակը ո՞րն է, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած չեմ կարող ասել, ուղղակի միտում եմ տեսնում ոչ միայն Արմինե Ադիբեկյանի գործով, այլև մյուս բոլոր քաղաքական հետապնդում պարունակող այն գործերով, որոնք ցանկացած ժողովրդավարական արժեքներ կրողի համար խիստ խնդրահարույց են։ Այդ բոլոր դեպքերում ես տեսնում եմ հետապնդումներ մի քանի գործերով ևս, որոնք կամ հրապարակային են, կամ՝ ոչ։ Այդ տեսանկյունից կարծում եմ, որ ինչ-որ միտում այստեղ այնուհանդերձ կա»։
Հիշեցմանը՝ մի քանի անգամ Արմինե Ադիբեկյանն էլ էր նշել, որ այս գործն անհիմն է և ենթակա կարճման, հետևաբար հնարավո՞ր է, որ այս հետաձգումներից հետո ի վերջո գործը կարճվի, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց․ «Դատախազը հնարավորություն ունի հրաժարվել մեղադրանքից․ ես դա կհամարեի արժանապատիվ քայլ։ Բայց վստահ չեմ, որ նման քայլի կդիմեն»։
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 24-ին։ Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ դատարանը հնարավոր սեղմ ժամկետում է նշանակել նիստը՝ հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Լիլիան ԳԱԼՍՏՅԱՆԻ