Լրահոս
Օրվա լրահոսը

Լինելո՞ւ է, արդյոք, Նոր աշխարհակարգը. մաս 2

Հունվար 11,2024 13:30

Սկիզբը՝ այստեղ:

2.Ինչպե՞ս է Ռուսաստանը փորձում հասնել RUSSAIN PAX-ԻՆ

Այժմ մարտահրավեր է նետված ձեւավորված Pax Americana համակարգին եւ պնդումներ կան, որ այն չի աշխատում եւ անհրաժեշտ է փոխել։ Ովքե՞ր են այդ մարտահրավեր նետողները. առաջին հերթին Ռուսաստանն է, նա հայտարարում է, որ ինքը ոտքի է կանգնում ծնկած վիճակից (Россия встает с колен) եւ բավարարված չէ աշխարհում իրեն հատկացված դերից, ձգտում է տարածքային ընդարձակման եւ աշխարհակարգի գործող կանոնների փոփոխման։ Աշխարհում ավելի մեծ դեր ստանձնելու ձգտում ունի նաեւ Թուրքիան, որը հասկանում է, որ ինքնուրույն չի կարող հասնել իրավիճակի փոփոխության, բայց կցվելով այս կամ այն երկրին, իրավիճակային մարմնաշարժումներով փորձելով առավելագույն օգուտներ քաղել տվյալ պահի աշխարհքաղաքական դասավորությունից։ Դրա համար էլ նա իրեն գցում է պանօսմանիզմից պանիսլամիզմի, այնուհետեւ՝ պանթուրքիզմի մեջ, երբեմն էլ ժողովրդավար ու լիբերալ է հանդես գալիս։ Անհրաժեշտ է նշել, որ այս երկու երկրներն էլ ունեն լրջագույն խնդիրներ ինչպես իրենց երկրի տնտեսական զարգացման հետ կապված, այնպես էլ երկրի ղեկավարության հետ, որոնք չնչին փոփոխություններով իշխում են երկու տասնամյակից ավելի։ Նոր աշխարհակարգի ձեւավորման ձգտումներ ունի նաեւ Իրանը, ով չնայած սանկցիաներին, կարողանում է դինամիկ զարգանալ եւ հույս ունի ավելի լայն դեր ստանձնել նոր աշխարհում։ Ժամանակ առ ժամանակ եղած աշխարհակարգից իրենց դժգոհություններն են հայտնում նաեւ այնպիսի հզոր տերություններ, ինչպես Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան եւ այլք, սակայն սրանք աշխատում են եղածից շատ չդժգոհել եւ շատ դեմ չգնալ, քանի որ գտել են իրենց զարգացման մոդուսը եւ, բնականորեն, խուսափում են անհայտից ու մեծ ռիսկերի չեն դիմում։

Որո՞նք են Նոր աշխարհակարգ ստեղծելու համար հիմնավորումները։

Փոփոխված ուժային բալանս։ Ռուսաստանն իրավամբ պնդում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո անցած տարիներին ինքը հզորացել է, ունի շատ ամուր բանակ, խոշոր տնտեսություն, եւ չի բավարարվելու աշխարհում իրեն հատկացրած երկրորդային դերով։ Իրավամբ, Ռուսաստանի բանակը շատ հզոր է, աշխարհում համարվում է երկրորդ-երրորդը, սակայն այն բավականաչափ հզոր չէ Նոր աշխարհակարգ ձեւավորելու հրամայական ներկայացնելու համար։ Ռուսաստանի համար կարեւոր է միջուկային հզորության մասին հաճախակի հիշատակումը, սակայն վերջինս լինելով Սառը պատերազմի ինստիտուտ եւ կարեւորագույն սպառնալիք, իրականում հանդիսանում է ավելի շուտ ինքնասպանության գործիք, եւ պատահական չէ, որ այս շանտաժը գնալով ավելի հազվադեպ է դառնում։

Ռուսաստանի տնտեսությունը նույնպես վերականգնվել է ԽՍՀՄ փլուզման ժամանակվա քաոսից, սակայն մի կողմից դրանում մեծ դեր է խաղացել նավթի գների աճը, որը խիստ հարափոփոխ կարող է լինել, մյուս կողմից, տեխնոլոգիական առումով այն խիստ ետ է մնում։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն թեեւ մարդուժով համարվում է ՆԱՏՕ-ի երկրորդ խոշորագույն բանակը, սակայն շատ ավելի թույլ է տարբեր ՆԱՏՕ-ական եւ ոչ ՆԱՏՕ-ական բանակներից։ Թուրքիայի հզոր զենքը ճկուն դիվանագիտությունն է, երբ նա օգտագործում է իր շահեկան աշխարհաքաղաքական դիրքը, անդամությունը ՆԱՏՕ-ում, էթնիկ, պատմական ու կրոնական ընդհանրությունները տարբեր հարցեր լուծելուց, սակայն այն բավարար չէ նոր բալանսի մասին հայտարարելու եւ ինքնուրույն նոր աշխարհակարգի ձեւավորման հայտ ներկայացնելու համար։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա նրա հիմնական խնդիրը միջազգային շրջափակումը ճեղքելն է եւ ռեգիոնալ գերիշխանություն ստանալը։

Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ մանավանդ վերջին շրջանում Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում՝ ցուցադրելու, որ աշխարհում փոփոխված բալանսը միայն իր շրջապատում, միայն Եվրասիայում չէ, այլեւ ողջ երկրագնդի վրա։ Այս նպատակին են ծառայում ռուսական Վագների օգնությամբ վերջին մեկ տարում աֆրիկական բազմաթիվ երկրներում իրականացված հեղաշրջումները, այստեղ ձեւավորված նոր իշխանությունների լարվածությունը արեւմտյան երկրների եւ իրենց հարեւանների հետ։ Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Վենեսուելա-Գայանա լարվածության մեջ նույնպես ռուսական հետք կա։ Իհարկե, Ռուսաստանը փորձում է ակտիվ դեր խաղալ նաեւ ավանդական հակամարտության օջախներում՝ հեռավորարեւելյան-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Մերձավոր Արեւելքում, ինչն իրեն երբեմն հաջողվում է, երբեմն՝ ոչ։

Իրականում, չնայած ներկայացվող լայն քարտեզին, Նոր աշխարհակարգի ձեւավորման մասին հայտարարությունները շատ դեպքերում կոսմետիկ են կամ արհեստական, այլ դեպքերում էլ շատ չեն տարբերվում նախորդ շրջանների, այդ թվում անգամ՝ Սառը պատերազմի շրջանի երեւույթներից, եւ հիմնականում մնում են որպես իր հարեւանների նկատմամբ ռուսական էքսպանսիոնիզմի արդարացում։

Աշխարհակարգի ներկա ինստիտուտների «մաշվածությունը»

Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում ցուցադրելու, որ ներկա աշխարհակարգի ինստիտուտները՝ ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն այլեւս իրենց ներկա տեսքով չեն աշխատում եւ անհրաժեշտ է դրանց վերափոխումը ուժերի նոր բալանսին համապատասխան։ Մասնավորապես, շատ է խոսվում ՄԱԿ ԱԽ-ում նոր երկրների ընդգրկման մասին։ Իրավամբ, ՄԱԿ-ի համակարգը Սառը պատերազմի ավարտից հետո այլեւս արդյունավետ չէ, եւ պատահական չէ, որ Միացյալ Նահանգներն այս կառույցին այլեւս չի տալիս մեծ նշանակություն։ Անցած տարիներին անվտանգության ինստիտուտները նա համալրել է ընդլայնվող ՆԱՏՕ-ով եւ ԵՄ-ով, սակայն միշտ իրեն է վերապահել հիմնական որոշումների միանձնյա ընդունելու վերապահումը, այնպես, որ ՄԱԿ-ի դերի նվազումը ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ նրա դաշնակիցները որոշիչ ու ողբերգական չեն ընդունում։

Փորձ է արվում կրկին վերականգնել Սառը պատերազմի մյուս կարեւորագույն ինստիտուտի՝ միջուկային զսպման նշանակությունը, սակայն այս զենքի առանձնահատկությունների պատճառով այն քննարկումներից այն կողմի չի կարող անցնել։

Իհարկե, Ռուսաստանը նաեւ կատաղի պայքար է մղում ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ընդլայնման դեմ, բացի իր ավանդական ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, առաջ է մղում նոր կառույցներ, ինչպես ՇՕՍ-ը եւ ԲՌԻԿՍ-ը։ Թուրքիան նորից փորձում է ակտիվացնել թյուրքական երկրների միասնականության կառույցը, անգամ արդեն այստեղ է ընդգրկում Հունգարիային։ Կրկին, չնայած լուրջ աշխատանքին, այս կազմակերպությունների հիման վրա Նոր աշխարհակարգի ճարտարապետությունը կառուցելը լուրջ փորձության չի դիմանում։

Կրկնենք, Pax Americana-ի համակարգում միջազգային կառույցներին չի տրվում որոշիչ նշանակություն, եւ նման փորձերն ավելի շատ պրոպագանդիստական նշանակություն ունեն։

Նոր կանոնները

Նախորդ շրջաններում Ռուսաստանը մշակեց եւ աշխարհին մատուցեց կոմունիզմի գաղափարախոսությունը, որը ուներ կառուցողական միֆ եւ ունիվերսալ բնույթ։ Իսկ այժմ նոր աշխարհակարգի կառուցման ջանքերի թվում Ռուսաստանը հիմնականում փորձում է մերժել եւ վարկաբեկել խաղաղության գործող կանոնները եւ կրկին առաջադրել իրենը։ Նոր կանոններ կառուցելու հարցում Ռուսաստանը շատ էլ առաջ չի գնացել, եւ նոր կանոններ առաջադրելու փոխարեն՝ հիմնականում հարվածում է  արեւմտյան արժեքներին։

Իր գործողություններով Ռուսաստանը վարկաբեկում է մեկ հարյուրամյակից ավելի գործող այնպիսի կանոնը, ինչպես ազգերի ինքնորոշման իրավունքն է։ Հենց սրա միջոցով է նա արդարացնում իր էքսպանսիան Վրաստանում (Աբխազիա եւ Հարավային Օսեթիա), սրա միջոցով է Մոսկվան իրեն կցում Ղրիմը։

Խոշոր հարձակումների տակ է ժողովրդավարության կանոնը։ Ռուսական պրոպագանդան անընդհատ ցուցադրում է, որ այն արդյունավետ միջոց չէ, որ ամենուր խախտվում են ժողովրդավարական ինստիտուտները, եւ շատ դեպքերում նա արդարացի է։ Սակայն երբեք էլ չի հայտարարվել, թե աշխարհում ամենուր է գործում ժողովրդավարությունը, համարվում է, որ ժողովրդավարական են աշխարհի 200 պետություններից միայն շուրջ 25-ը։ Միաժամանակ, ակնհայտ է, որ կանտյան «ժողովրդավարական խաղաղության» երեւույթը երբեք չի խախտվել, այսինքն՝ ժողովրդավարական պետությունները երբեք իրար դեմ չեն պատերազմում։

Մարդու իրավունքների կանոնի նվաստացման համար Ռուսաստանը թիրախավորել է այնպիսի մարգինալ խնդիր, ինչպես ԼԳԲՏ համայնքի դեմ պայքարն է։ Հենց այս համատեքստում է Մոսկվան փորձում առաջ քաշել իր արժեքային համակարգը, որը կոչում է «ավանդական արժեքներ»։

Ավանդական արժեքների համակարգը ձեւավորվում է ինտուիտիվ մակարդակով, եւ կարծում ենք, որ այն չի էլ կարող նոր աշխարհակարգ ձեւավորող սկզբունքների տեսք ստանալ։ Այստեղ են մտնում ընտանեկան արժեքները՝ չնայած Ռուսաստանում բավականին թույլ ընտանիքի ինստիտուտին եւ մեծ թվով ամուսնալուծություններին, այս համակարգի մաս է Ռուսաստանի պատմության՝ այդ թվում նաեւ ԽՍՀՄ պատմության, իդեալականացումը։ Ավանդական արժեքների մեջ են մտնում ռուսական «ավանդական տարածքների» եւ «ավանդական ազդեցության գոտիների» նկատմամբ էքսկլյուզիվ իրավունքների հայտարարումը։ Փորձեր են արվում այստեղ մտցնել նաեւ քրիստոնեության ռուսական ընկալումը՝ ուղղափառութունը, սակայն այդ փորձերը մի կողմից այնպիսին են, որ մերժում են քրիստոնեական հիմնական արժեքը՝ մարդու իրավունքները, մյուս կողմից էլ բավական զգույշ են, որպեսզի չվանեն մուսուլմաններին եւ մյուս այլադավաններին։

Եղած արժեքները մերժելու հարցում ռուսական պրոպագանդան հասնում է այնպիսի ծայրահեղությունների, ինչպես «կանաչ օրակարգի» մերժումն է՝ մի կողմից այն հարվածում է Ռուսաստանի հիմնական հարստությանը՝ նավթին, մյուս կողմից ակնհայտ հակաարեւմտյան օրակարգ է, մերժվում է անգամ 5G կապի համակարգը։ Ամեն դեպքում, «ավանդական արժեքներ» ասածը մի էկլետիկ խառնուրդ է, որը որեւէ կերպ հնարավոր չէ համարել ունիվերսալ եւ հիմք ընդունել որպես նոր աշխարհակարգի գործունեության կանոն։

Կարեւորագույն նոր կանոնը, որն իր գործողություններով առաջարկում է Ռուսաստանը, դա ուժի միջոցով միջազգային հարաբերությունների կարգավորումն է։ Բազմիցս Ռուսաստանը ինչպես ինքն է տարածքներ զավթել ու այն համարել իրենը, այնպես էլ քաջալերել է այլոց, օրինակ՝ Ադրբեջանի կողմից, տարածքների զավթումը։ Ուժի միջոցով աշխարհակարգի կանոն հաստատելը որեւէ կերպ չի կարող աշխատել, քանի որ ցանկացած աշխարհակարգի իմաստը հենց ուժի մերժումն է եւ խաղաղության պահպանումը։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031