2024 թվականը Փաշինյանը սկսեց մարզային այցելություններով։ Բայց այս այցելությունները նման չէին նախկին այցելություններին, երբ նրա աչքին ամեն ինչ կարգին էր, իսկ ավելի ստույգ՝ այդպես ներկայացնում էր։ Այս անգամ բեմականացման մասն առավել արտահայտիչ էր՝ կախիչ պոկելուց մինչև ցնցուղ և զուգարան ստուգելու պատմություն։ Իսկ ինչի «մասին» էր այս ամենը: Կա տեսակետ, որ հետամանորյա այս քայլերով Փաշինյանն առաջին հերթին փորձում էր հանրությանը ցույց տալ, թե ինքը կանգ չի առել ու շարունակում է պայքարել անօրինականությունների դեմ, թե ինքը «ժողվարչապետ» է։ Դրա ֆոնին արդեն մեսիջներ էր ուղարկում, թե ինքը պայքարում է ոչ միայն «նախկինների» չարաշահումների, այլև ներիշխանական ապօրինությունների դեմ։ Մյուս կողմից՝ տպավորություն կա, թե նա զգուշացնում է նաև իր թիմին, որ հանկարծ որևէ մեկը չմտածի, թե Փաշինյանը կորցրել է զգոնությունը։
Ի վերջո, բոլորն էլ տեսնում են, որ կառավարության նիստերում Փաշինյանը իբր խիստ հանձնարարականներ է տալիս, բայց այդպես էլ հետևողական չի լինում դրանց կատարման հարցում։ Ուստի, իր մարզային այցելությունների ժամանակ նա փորձում էր տպավորություն ստեղծել, որ ոչ միայն հետևողական է հանձնարարականների կատարման հարցում, այլև հարկ եղած դեպքում պատժում է։ Սրանք արտաքին շերտերն են: Իրականում այս ամենը պարզունակ բեմականացում էր: Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ իրենց պարտականություններում թերացած պաշտոնյաները ազատվելուց որոշ ժամանակ անց արդեն մեկ այլ պաշտոնի են նշանակվում, որոշ դեպքերում՝ ավելի բարձր դիրքի, քան նախկինում իրենց զբաղեցրածն էր։ Այս ամբողջ պատմության մեջ առաջնային հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք ինչ-որ կախիչի ու ցնցուղի հարցն այդքան կարևոր է ներկա փուլում, որ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը առանձնահատուկ խորանում է այդ թեմայով։
Չէ՞ որ երկրում առկա են բազմաթիվ չլուծված գլոբալ խնդիրներ, այդ թվում՝ անվտանգային։ Ներկա փուլում նույնիսկ մեր պետականության գոյությունն է վտանգի տակ։ Ու հենց Փաշինյանի օրոք, մեղմ ասած, այնպիսի ձախողումներ են եղել, որ մեզ համար ահռելի կորուստների պատճառ են դարձել։ Բայց ինքը՝ Փաշինյանը պատասխանատվության չի ենթարկվել, այնինչ առաջինն ինքը պետք է հեռանար պաշտոնից, քանզի առաջին մեղավորն ու պատասխանատուն է: Բայց վերադառնանք բեմականացմանը: Իհարկե, բոլոր պաշտոնյաներն էլ ազատման ենթակա են, այդ թվում՝ հետամանորյա շոուի արդյունքում ազատվածները:
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։