«Ինչո՞ւ եք կռիվ անում, չեմ հասկանում․․․ դուք նույն երկրի երկու նախարարներ եք, կամ բացատրեք, կամ էլ համապատասխանեցրեք ձեր պատասխանները»,-այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ ԿԳՄՍ նախարարներին՝ որոշման նախագծերից մեկում գրված «5 ամիս» բառի շուրջ ծավալված երկար քննարկման ժամանակ։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացնում էր որոշման նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիր իրականացնել։
«Ուսուցումը կարող է վեց ամիս լինի, ինչի՞ ենք հինգ ամիս գրում»,-հարցրեց Փաշինյանը։ Ի պատասխան Նարեկ Մկրտչյանն ասաց՝ կան կրթական հաստատություններ, որ պարտադիր չէ վեց ամիս լինի։
Փաշինյանն էլ ասաց՝ մեր երաշխավորված ծրագիրը վեց ամիս է, մենք ասում ենք՝ մինչեւ հինգ ամիս։
Կարդացեք նաև
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց՝ մինչեւ վեց ամիս, որը չի ներառում վեց ամիսը, վեց ամսից սկսած կարող է որակավորում տան, արհեստագործական ծրագրերր կան, որ վեց ամիս տեւողության կարող է լինեն, պայմանական՝ հինգ ամիս, քսան օր։
«Հասկանում եմ, ինչո՞ւ եք կռիվ անում, չեմ հասկանում։ Ասում եմ եթե մինչեւ վեց ամիս է, ինչո՞ւ ենք գրել մինչեւ հինգ ամիս։ Հիմա փոխանակ ասեք․․․ կամ տվեք բացատրություն, որ ես դադարեցնեմ այս քննարկումը, կամ ասեք՝ շատ լավ, կդարձնենք վեց ամիս։ Հիմա եւս երեք ժամ կքննարկենք, հինգ ամիս մի օր էլ կա, վեց ամսից մի օր պակաս էլ կա, պարզ հարց եմ տալիս»։
Սոցապ նախարարն էլ փորձեց բացատրել, սակայն Փաշինյանին այդ բացատրությունը չբավարարեց․ «Մի կետ էլ կա՝ եթե գործատուն չէր կարողանում գտնել որեւէ ծրագիր, պետք դիմեինք ԿԳՄՍ, խնդրեինք՝ ասեք կրթական հաստատություն, որովհետեւ գործատուն չգիտի՝ որ տեղ ուղարկի։ Այս ծրագիրը քննարկումների արդյունքում ենք արել, հիմա եթե վեց ամսի պահանջը կա, կարող ենք մինչեւ ստորագրելը․․․»։
Փաշինյանը շարունակեց պահանջել հստակություն մտցնել նախագծում․ «Ես չեմ ասում վեց ամիս ծրագրի պահանջարկ կա։ Ես երկու նախարարի հարց եմ տալիս եւ պատասխանների մեջ գտնում եմ մեկ ամսվա անհամապատասխանություն։ Հիմա կամ դա բացատրեք, ես դադարեցնեմ, կամ էլ համապատասխանեցրեք ձեր պատասխաններն իրար։ Դուք նույն երկրի երկու նախարարներ եք, տարբեր երկրներից չեք։ Ասում եմ՝ մի ամսվա անհամապատասխանություն կա։ Երկու ամիս հետո գալու եք չզեկուցվող հարցերի փաթեթում մի հատ որոշման նախագիծ բերեք, ու առաջարկելու եք հինգ ամիս բառերը փոխարինել վեց ամսի բառերով, որովհետեւ դեպք կա, որ մարդը պետք է վերջում սերտիֆիկատ ստանա, եւ դա իրան պետք է, մարդը հարց կտա՝ ես էսքան ստեղ սովորում եմ, վերջում մի հատ թուղթ տվեք։ Մենք իրեն պիտի ասենք՝ որոշման մեջ գրել ենք հինգ ամիս, դու հինգ ամիս սովորի առանց թղթի, բանի, գնա քո գործերին։ Հետո մարդիկ սոցիալական ցանցերում գրելու են, հարցազրույց են տալու, ուղիղ եթեր են մտնելու եւ այս փաթեթում հայտնվելու մի հատ որոշման նախագիծ։ Ու մենք սրա համար կես ժամ քննարկում ենք»։
Ի վերջո, Նարեկ Մկրտչյանը «հանձնվեց»․ «Կգրենք վեց ամիս»։
Մանրամասն՝ տեսանյութում
Որոշման նախագծով առաջարկվում է աջակցել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ, կարողություններ եւ աշխատանքային փորձ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։
Առաջարկվում է մինչեւ 6 ամիս տեւողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, որի նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով կվճարվի ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամ, կրթաթոշակ` ամսական 50000 դրամ:
Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո գործատուի եւ շահառուի միջեւ առնվազն 3 ամիս ժամկետով կնքվելու է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին կտրամադրվի առավելագույնը ամսական 50000 դրամ, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով։
Գործատուի եւ աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում եւ առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165000 դրամ՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը,
բ․ գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ