Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը նախարարից ցնցուղի արժեքը պարզելու փոխարեն նախ պետք է հարցներ՝ իսկ ինչո՞ւ այդպես էլ դասագրքերը դպրոց չմտան. Սերոբ Խաչատրյան. «Ազատություն»

Հունվար 11,2024 12:34

«Ազատություն». Ուսումնական տարվա կեսն անցել է, իսկ մի շարք դպրոցներ այդպես էլ նոր դասագրքի երես չտեսան։ Մասնավորապես 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում աշակերտներն ու ուսուցիչներն արդեն կես տարի առանց ուսումնական ձեռնարկի են կրթվում և կրթում։

«Ի՞նչ է մտածում երեխան, երբ որ տեսնում է, որ կախիչը պոկվում է: Դա դեռ ոչինչ, որովհետև բոլորիս տներում էլ կարող են լինել ինչ-որ պոկվող, փչացող բաներ, դա նորմալ է: Ի՞նչ է մտածում 2-րդ դասարանի աշակերտը, երբ որ տեսնում է՝ դասագիրք չկա». – կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատի ունի վարչապետ Փաշինյանի այցը մարզային դպրոցներ, որտեղ նա ստուգում էր կախիչների ամրությունն ու ցնցուղների որակը։

Մինչդեռ Խաչատրյանի համոզմամբ՝ վարչապետը կրթության նախարարից ցնցուղի արժեքը պարզելու փոխարեն նախ պետք է հարցներ՝ իսկ ինչո՞ւ այդպես էլ դասագրքերը դպրոց չմտան։

«Եվ սա լրջագույն խնդիր է, որովհետև նման բան վերջին 20 տարիներում տեղի չէր ունեցել, և միշտ դասագրքերի մրցույթը մրցակցային էր լինում՝ մեկ, երկու, երեք դիմորդներ էին լինում: Այս անգամ չդիմելու պատճառներից գլխավորը թերևս այն էր, որ ժամանակը շատ կարճ էր, և շատ մարդիկ չեն հասցրել, և երկրորդը՝ ֆինանսավորումը նվազել էր: Եվ արդյունքում՝ մոտ 10 դասագիրք ունենք՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների, որոնցից այս տարի չի էլ լինի դասագիրք, այսինքն՝ պետք էլ չի սպասել, դրանք լավագույն դեպքում կլինեն սեպտեմբեր ամսին», – նշեց կրթության փորձագետը:

Դպրոցներում ներդրված պետական նոր չափորոշիչները ենթադրում են նաև նոր դասագրքեր։ Ուսումնական տարվա սկզբին հայտնի դարձավ, սակայն, որ նախարարության հայտարարած մրցույթին որոշ դասագրքերի դեպքում ոչ ոք հայտ չի ներկայացրել, մի մասը չի համապատասխանել պահանջներին, իսկ հաստատված ու տպարան ուղարկվածներից շատ ձեռնարկներ էլ, այդ թվում՝ թեժ քննարկումների պատճառ դարձած 7-րդ դասարանի պատմության դասագիրքը, դպրոց մտան ուշացումով:

Ոչ ոք սրա համար չպատժվեց, ոչ ոք աշխատանքից չազատվեց, շեշտում է կրթության փորձագետը, պնդելով՝ մրցույթի ձախողումը նաև պետական պաշտոնյաների թերացումն է. ողջամիտ ժամկետ ու պայմաններ չէին սահմանվել:

Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031