Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը հունվարի 10-ից 14-ը Զագրեբում ընթացող միջազգային վարկանիշային մրցաշարում նվաճեց հաղթողի տիտղոսը:
Մեր ըմբիշը մեկնարկելով 1/8 եզրափակչից՝ 12:1 հաշվով բացահայտ առավելության է հասել ֆրանսիացու նկատմամբ, ¼ եզրափակչում հաղթել է ամերիկացի Մըք Քեննաին՝ 5:2, այնուհետեւ կիսաեզրափակչում սկզբունքային գոտեմարտում 9:1 հաշվով պայքարից դուրս է թողել պուերտոռիկացի աշխարհի փոխչեմպիոն Սեբաստիան Ռիվերային, որին անցած տարի ցավալիորեն պարտվել էր, ու մտել եզրափակիչ:
Վճռորոշ գոտեմարտում Վազգեն Թեւանյանի մրցակիցը լինելու էր 2022 թվականի աշխարհի չեմպիոն, իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլին: Սակայն վերջինը հրաժարվել է գոտեմարտելուց՝ վնասվածքի պատճառով:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից Aravot.am-ին տեղեկացրին, որ Վազգեն Թեւանյանին, որը Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշ արդեն իսկ ունի, այս մրցաշար գործուղելու որոշում կայացրել է մարզչական շտաբը՝ նկատի ունենալով, որ ըմբիշն անցած տարվա աշխարհի առաջնությունից հետո մրցաշարի չէր մասնակցել եւ այս մրցաշարը Թեւանյանին օգտակար կլինի Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց առաջ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ