Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարելու կամքը․ Վահան Զանոյեան

Հունվար 11,2024 11:43

Այս հոդվածը քննարկում է որոշ հարցեր և քննադատում է Հայաստանի կառավարության գործունեության որոշակի ծրագրեր: Հոդվածում միտումնավոր չի նշվում Հայաստանի որևէ պետական պաշտոնյայի անուն և չի կիրառվում գեթ մեկ նսեմացնող բառ՝ մեկ այլ հոդվածի առաջարկություններին հավատարիմ մնալու համար, որը վերաբերում է գրագետ և հետևանքային հանրաքաղաքական խոսույթ վարելուն:

 

 «Պետք չէ ոչնչացնել թշնամուն։ Պետք է միայն ոչնչացնել նրա պայքարելու կամքը»։

― Սուն Ցզի, մ.թ.ա. 544-496, չինացի գեներալ և ռազմական ստրատեգ, «Պատերազմի արվեստը» գրքի հեղինակ։

 

Հազարավոր զոհերից զատ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ամենաթանկ կորուստը Հայաստանի համար եղել է հանուն արդար դատի պայքար մղելու կամքի կորուստը թե՛ կառավարության, թե՛ հանրության զգալի հատվածի մոտ: Համակեցական հարաբերություններ են ձևավորվել պատերազմից հոգնած, հիասթափված և բարոյալքված հանրության ու պոպուլիստական կառավարության միջև, որը համոզված է, որ Հայաստանի համար առաջ գնալու միակ ճանապարհը թշնամու հետ խաղաղության համաձայնագիր կնքելն է, նույնիսկ Արցախը զիջելու գնով և հետագա քաղաքական ու տարածքային զիջումների գնալու ակնհայտ պատրաստակամությամբ, նույնիսկ եթե դա սպառնում է հայկական պետության լինելիությանը։ Նկատի ունենալով ռազմավարական ազգային տեսլականի և նպատակի բացակայությունը՝ վերոնշյալ երկու պայմանները լրացնում և սատարում են միմյանց

Այս դինամիկան մեծապես բացատրում է ներկայիս կառավարության գոյատևումը, չնայած 2020 թվականի պատերազմի աղետալի կորուստների և դրան հաջորդած Արցախի կորստի։ Կառավարության խաղաղության հռետորաբանությունն այն է, ինչ հանրությունը ցանկանում է լսել: Այն, զուգորդված լինելով վերջին շրջանում ակտիվացած հանրային տեսանելիության բարձրացման և հակակոռուպցիոն արշավի, հուսալի ընդդիմության բացակայության և անկախությունից ի վեր իրար հաջորդած կառավարությունների կողմից քաղաքական իշխանության քրոնիկ մենաշնորհացման և քաղաքական իշխանության չարաշահման մասին վառ հիշողության հետ, հավանաբար որոշ ժամանակ կօգնի պահպանել ձևավորված համակեցական հարաբերությունները: Սակայն այս դինամիկան երկարաժամկետ հեռանկարում կայուն լինել չի կարող:

Ներկայիս իրավիճակը առավել մտահոգիչ է դարձնում այն փաստը, որ Հայաստանի «պայքարելու կամքը», եթե օգտագործենք Սուն Ցզիի տերմինաբանությունը (որը ենթադրում է թշնամու ագրեսիային դիմադրելու և դիմակայելու կամք), կարծես թե անհետացել է «արդարացումների» կակոֆոնիայի մեջ: Վերջիններս ունեն ենթատեքստեր և հետևանքներ, որոնք դուրս են գալիս այն երևույթների շրջանակից, որոնք կոչված են ռացիոնալացնել, մասնավորապես՝ հանրության շրջանում տիրող անտարբերությունը և կառավարության` ժողովրդականություն վայելող որոշ գործունեության ծրագրերը: Այս արդարացումները ներառում են այնպիսի փաստարկումներ, ինչպիսիք են իրատեսական լինելու կոչը, նպատակահարմարությունը, Հայաստանի հարևանների հետ խաղաղություն հաստատելու կարևորությունը, և, որն հավանաբար ամենասարսափելին է, ազգի հավաքական հիշողության և ժառանգության, նրա պատմության, ազգային արժեքների, մշակութային արժեքների, ինքնության, ավանդական արժեքների, պատերազմի հերոսների և նույնիսկ հազարամյակներ շարունակ հայ ազգի կողմից սրբորեն պահպանված խորհրդանիշների դիտումնավոր և համակարգված նվաստացումն ու նսեմացումը:

Պայքարելու կամքը մարում է բնականոն կերպով, երբ այն ամենը, ինչը համարվում էր պայքարի արժանի, ներկայացվում է որպես անկարևոր: Այս իրավիճակում անգամ հայրենասիրությունն է պատկերվում որպես դարն ապրած, հնացած բեռ:

Ադրբեջանը շարունակում է անել այն ամենը, ինչ կարողանում է, իր թշնամանքին դիմակայելու Հայաստանի կամքը թուլացնելու համար. Գրավյալ տարածքներում հայկական ժառանգության համակարգված ոչնչացումը, մշտական սպառնալիքներն ու պնդումները, որ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է, Թուրքիայի հետ զորավարժությունները Հայաստանի սահմաններին, Իսրայելի կողմից զինամթերքի շարունակական մատակարարումը, դիպուկահարների հերթական անպատիժ կրակոցները, որի հետևանքով զոհվում են հայ զինծառայողներ Հայաստանի սահմաններից մի քանի կիլոմետր ներս, միջազգային պահանջների և դատարանների որոշումների անտեսումը, Հայաստանի խաղաղարար նախաձեռնություններին հուսադրող պատասխան տալուց հրաժարվելը, գոնե մասամբ նպատակ ունեն ահաբեկել և սարսափեցնել՝ Հայաստանում պայքարի և հաշվեհարդարի կամքը հավերժական նիրհի մեջ պահելու ակնկալիքով։ Ալիևի ռազմատենչ ելույթները վկայում են նրա բորբոքված երևակայության մասին հայկական «ռևանշիզմի» վերաբերյալ, որը նա ձգտում է մեկընդմիշտ ոչնչացնել:

Ադրբեջանի ռազմավարությունը, որը թեկուզ և չի արդարացվում վարքագծի միջազգային նորմերի տեսանկյունից, պարզ է և բացատրելի, մինչդեռ Հայաստանի ռազմավարության հետևանքները, լինեն դրանք նախատեսված, թե ոչ, մտահոգիչ են և դժվար ընկալելի:

Պարզաբանելու համար նշեմ՝ սա պատերազմ հրահրելու կոչ չէ, ոչ էլ՝ վրեժխնդրության դրդող ազգայնական անխոհեմ ճիչ: Սա պատերազմի պատրաստվելու կոչ է, պատերազմ, որն արդեն իսկ կամա թե ակամա կախված է Հայաստանի գլխին։ Երկիրը պատերազմական իրավիճակում է, երբ իր ինքնիշխան տարածքի ավելի քան 215 քառակուսի կիլոմետրը շարունակում է գրավված մնալ, այդ թվում՝ ռազմավարական տեսանկյունից կարևոր ռազմական դիրքերը, երբ իր 120,000 քաղաքացիները բռնի կերպով տեղահանվել են իրենց պատմական հայրենիքից՝ Արցախից, երբ Ադրբեջանը հանդգնորեն ու անօրինական կերպով պահում է մեծ թվով հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների, և երբ դեռևս ունի տարածքային պահանջներ՝ հիմնված խորհրդային ժամանակաշրջանի խիստ վիճելի քարտեզների վրա, որոնք ուղեկցվում են մոտալուտ պատերազմի մշտական սպառնալիքներով։

Հայաստանի ձգտումը խաղաղության օրակարգի՝ ագրեսիային դիմակայելու կամքի ակնհայտ բացակայության պայմաններում, մեծացնում է նրա խոցելիությունը։ Դաժան բռնապետից խաղաղություն հայցելը, որն ունի իր հետագա նվաճումներն ի ցույց դնելու ցանկություն և քաղաքական անհրաժեշտություն, խելամիտ ռազմավարություն չէ: Պարտադրելու փոխարեն, որպեսզի Ադրբեջանը նստի բանակցային սեղանի շուրջ, այս ռազմավարությունը մեծացնում է ավելի շատ տարածքային և քաղաքական զիջումներ պահանջելու Ալիևի ախորժակը, հատկապես, քանի որ Ադրբեջանը, որին ռազմական և դիվանագիտական աջակցություն են ցուցաբերում Թուրքիան և Իսրայելը, դեռևս չի ենթարկվել պարտադիր զսպումների միջազգային հանրության կողմից՝ իր տարածքային և քաղաքական նպատակներին հասնելու նպատակով ուժ կիրառելու համար։ Այսպիսով, չպետք է զարմանալ այն փաստից, որ Ադրբեջանն անընդհատ փոփոխում է խաղաղության համաձայնագիր կնքելու իր պայմանները։

«Պատրաստվել պատերազմի»՝ նշանակում է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ այնպիսիք, որոնք ժողովրդականություն չեն վայելում, հաջորդ պատերազմին այնքան պատրաստ լինելու համար, որ այն հնարավոր լինի հաղթել դեռևս չսկսված։ Հայաստանի համար դա է արդար ու կենսունակ խաղաղության հասնելու միակ ճանապարհը։

 

Ահա անհրաժեշտ միջոցառումների մասնակի ցանկը.

 

– Ազգային ռեսուրսների առյուծի բաժնի հատկացում պաշտպանությանը։ Սա կարող է առաջացնել ժողովրդականություն չվայելող քայլ կատարելու անհրաժեշտություն, այն է՝ որոշ միջոցներ քաղաքացիական նախագծերից ուղղել դեպի ռազմական ծրագրեր։

– Ազգային, քաղաքացիական և տարածքային պաշտպանական կարողությունների հզորացում՝ հաջորդ սերնդի տեխնոլոգիական պատերազմին պատրաստ լինելու համար:

– Զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավում բոլոր հնարավոր միջոցներով` կազմակերպական կարողությունների հզորացման, արդիականացման, խորացված վերապատրաստումների, հրատապ կարիքներին նկատմամբ ուշադրության մեծացման, սահմանային դիրքերում պայմանների բարելավման:

– Հակառակորդի հավանական ագրեսիայի դեմ ժողովրդի, համախմբում և նախապատրաստում ՝ հոգեբանորեն և ֆիզիկապես:

 

Այս միջոցառումներից և ոչ մեկը չի ձեռնարկվում, համենայն դեպս այն չափով, որը պահանջվում է պատերազմական իրավիճակում գտնվող երկրում:

Վերոնշյալ արդարացումներից բացի, պաշտոնական Երևանի մտածելակերպում նաև վտանգավոր միտում է հայտնվել, ըստ որի պատմությունը ապագա կառուցելու հուսալի ուղեցույց չէ, և որ պատմությունից դասեր քաղել չի կարելի, քանի որ դրանք հաճախ կարող են հակասական լինել: Այս մտածելակերպը[1] տալիս է պատմության որոշ անգնահատելի դասեր անտեսելու պատճառ: Թեև ճիշտ է, որ պատմությունը ճշգրիտ գիտություն չէ, այնուամենայնիվ, կան Հայաստանի այսօրվա վիճակին ուղղակի և անմիջականորեն առնչվող անհերքելի դասեր, որոնք կարելի է հաշվի առնել և որոնք պատմական փաստերի կամայական մեկնաբանությունների տեղիք չեն տալիս: Լուրջ սխալ կլիներ անտեսել այդ դասերը` պատմության գրքերում դրանց ճշգրիտ վերլուծության բացակայության պատճառով:

Այս դասերն այնքան ակնհայտ են և այնքան պարզ, որ դրանց մասին անգամ հիշատակելու կարիք չպետք է լինի։ Եվ այնուամենայնիվ, Հայաստանի իշխանության սխալներից շատերը բխում են դրանք անտեսելուց: Այդ դասերն են.

  • Ցանկացած երկրի համար գրեթե անհնար է պաշտպանել իր սահմանները իր թշնամիների հետ բացառապես խաղաղության համաձայնագիր կնքելով: Ճշմարիտ է հակառակը. Եթե երկիրը սեփական ուժերով պաշտպանում է իր սահմանները, ապա կարող է խաղաղություն ունենալ: Անվտանգությունը կարող է խաղաղություն բերել, սակայն խաղաղությունը չի կարող անվտանգություն ապահովել։
  • Երկու թշնամիներից ավելի ուժեղը, հատկապես՝ ծավալապաշտական հավակնություններ ունեցողը, չի համաձայնի խաղաղության, կամ ստորագրի որևէ փաստաթուղթ, որը սահմանափակում է ուժ կիրառելու իր ընտրանքը։ Իսկ եթե նույնիսկ փաստաթուղթ ստորագրի, ապա չի հարգի դրա պայմանները, քանի դեռ իր թշնամին թույլ է և խոցելի: Սա հավիտենական և համընդհանուր դաս է, որն այսօր անմիջականորեն առնչություն ունի Հայաստանի հետ:
  • Անզիջում թշնամուն միակողմանի և անվերապահ զիջումներ անելը երբեք արդյունք չի տալիս: Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, հավանաբար, ամենակարևոր ռազմավարական սխալն էր, որից կարելի էր խուսափել, եթե այս դասն ըմբռնված լիներ։
  • Լայնորեն ճանաչված արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, ինքնորոշման իրավունքը և այլն, որևէ ազդեցություն չունեն այն պետությունների իրական արտաքին քաղաքականության ձևավորման վրա, որոնք պաշտպանում են դրանք: Այդ գործընթացում կարևորվում են ազգային և պետական շահերը։ «Արժեքները», եթե դրանք համապատասխանում են որդեգրված քաղաքականությանը, կարող են օգտագործվել այս կամ այն գործելակերպն արդարացնելու կամ երկրի բարոյական վարկանիշը բարձրացնելու համար: Բայց քաղաքականության մեջ դրանք որոշիչ դեր չեն խաղում: Լավ օրինակ է Արևմուտքի լռությունը ի դեմս Արցախի էթնիկ զտումների։ Սա թերևս ամենատեղին դասերից մեկն է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքական առաջնորդ պետք է քաղի հայոց պատմությունից:

 

  • Չափից ավելի կախվածությունը մեկ ռազմավարական դաշնակցից, հատկապես եթե դաշինքը միակողմանի է այն առումով, որ դաշնակիցներից մեկը շատ ավելի ուժեղ է, հետապնդում է բազմազան աշխարհառազմավարական շահեր և զգալիորեն ավելի շատ բան ունի դաշինքին տալու, քան դրանից ստանալու, վկայում է վատ արտաքին քաղաքականության մասին։ Այս տեսակ քաղաքականությունը վատն է, անկախ նրանից, թե ով է դաշնակիցը: Հայաստանի համար ԱՄՆ-ից միակողմանի գերկախվածությունը նույնքան անխոհեմ կլինի, որքան Ռուսաստանից միակողմանի գերկախվածությունն էր, թեև ռիսկերն ու կախվածության ձևերը կտարբերվեն։

Ոչ միայն ճիշտ դասեր չեն քաղվել, այլև քաղվել են որոշ սխալ «դասեր» և արվել սխալ եզրահանգումներ, հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած Արցախի էթնիկ զտումների (սեպտեմբերի 19, 2023 թվական) արդյունքներից։ Դրանցից ամենաաղետալին այն պնդումն է, թե Արցախի կորուստն անխուսափելի էր և կանխորոշված։ Դա, հավանաբար, ամենաողորմելի փորձն է արդարացնելու ոչ միայն պատերազմի ժամանակ քաղաքական ղեկավարության ձախողումները, այլև բազում սխալներ, որոնք թույլ են տրվել անկախությունից ի վեր ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի նախկին վարչակարգերի ժամանակ. Այստեղ տրամաբանությունն հետևյալն է. «Եթե մեր կորուստներն անխուսափելի էին, ապա դրանց պատճառը մեր իսկ սխալները լինել չէին կարող»։ Բնականաբար, սրանից կարելի է անել հետևյալ աղետալի հետևությունը. Հայաստանը «վատնել է» երեսուն տարի և հսկայական ազգային ռեսուրսներ՝ փորձելով լուծել Արցախի էապես «անլուծելի» խնդիրը։

Այդ հետևությունը թանկարժեք բաց թողնված հնարավորություն է՝ Հայաստանի ձախողման իրական պատճառները հասկանալու և դրանից ճիշտ դասեր քաղելու համար։ 1994 թվականի Բիշքեկի հրադադարի արձանագրությունից մինչև 2020 թվականի պատերազմի միջև ընկած 26 տարիների ընթացքում Հայաստանի գործած սխալները, որոնք, ըստ էության, հանգում են քրոնիկ ինքնագոհության, պետության շահերի հանցավոր անտեսման և կոռուպցիայի, նկարագրվել են նախորդ հոդվածներում (տե՛ս, օրինակ, այս հոդվածի «Ռեալիզմն ընդդեմ պարտվողականության» բաժինը:)

Սակայն սույն հոդվածի համատեքստում արժե անդրադառնալ երկու կոնկրետ սխալների. Առաջինը Հայաստանի կողմից որպես Ադրբեջանի մաս Արցախի միջազգային ճանաչումը վիճարկելու ձախողումն է, որը չունի վավեր իրավական կամ պատմական հիմքեր, և երկրորդը՝ Հայաստանի կողմից իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի և հատկապես Ռուսաստանի քաղաքական էլիտայի շահերի փոփոխությունը ճիշտ ըմբռնելու անկարողությունն է։

Այս դասերը կարող են անտեղի թվալ հիմա, երբ Արցախը հայաթափված է: Իսկ կարճաժամկետ հեռանկարում, գործնական տեսանկյունից, երևի այդպես էլ կլինի։ Սակայն պատմությունից դասեր քաղելուց հրաժարվելու հետևանքներից մեկն էլ կլինի այն, որ պայքարելու կամքն ավելի կնվազի, քանի որ պայքարելու կամքը գոյատևում և բարգավաճում է ոչ թե վակուումի, այլ պատմական համատեքստի ընձեռած շարունակականության մեջ: Պատմության տված դասերը կարևոր են, նույնիսկ եթե դրանք անմիջապես չեն վերածվում կիրառելի քաղաքականության։

Ի հայտ եկած մեկ այլ վտանգավոր դիրքորոշում էլ այն է, որ կառավարության միակ պատասխանատվությունն այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է՝ իր 29,800 քառակուսի կմ տարածքով։ Համարվում է, որ պետական զինանշանը (տե՛ս 4:30 րոպեից մինչև 5:30 րոպե հատվածը) չի համապատասխանում 1991 թվականին ձևավորված Հայաստանի Հանրապետությանը, և նույնիսկ Արարատ լեռը, որ հազարամյակներ շարունակ եղել է հայոց հոգևոր հայրենիքի անբաժան մաս, այդ 29.800 կմ2 տարածքում այլևս տեղ չունի: Երկրի ղեկավարն այսօր դպրոցականներին սովորեցնում է, որ նրանք, ովքեր ասում են, որ Արարատը մեր ամենաբարձր լեռն է, խոսում են ոչ թե Հայաստանի, այլ մեկ այլ բանի մասին (տե՛ս 4:20 րոպեից մինչև 5:00 րոպե հատվածը):

Այս քաղաքականության խորը հետևանքներն ուղղակիորեն ազդեցություն ունեն արդար դատի համար պայքարելու Հայաստանի կամքի վրա՝ կասկածի տակ դնելով հայոց ազգային ինքնությունը։ Բացի այդ, Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ, այն պաշտոնական բնույթ է հաղորդում 29,800 քառակուսի կիլոմետրում ապրող հայ բնակչության և աշխարհի այլ մասերում ապրող հայերի միջև պառակտումը՝ սեպ խրելով Հայաստանի և հայ ազգի հսկայական ու անգնահատելի ռեսուրսների միջև:

Թեև պետական շահերի անշեղ հետապնդումը կառավարության առաջնահերթ պարտականությունն է, այն չի կարող ո՛չ արդարացնել, ո՛չ էլ չքմեղել ազգային ավելի մեծ նպատակներից հրաժարվելը: Իրականում, եթե կառավարության հիմնական նպատակը լիներ պետության, այլ ոչ թե իր իշխանության շահերի առաջխաղացումը, ապա այն քրտնաջան կաշխատեր ամբողջ աշխարհում Հայ ժողովրդի շահերն ու իրավունքները պաշտպանելու և իր զգալի կարողությունները հայոց պետականության շահերին լծելու համար։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր կառավարություն ունի աշխարհասփյուռ հայկական ժառանգության մասին հոգալու պարտավորություն (որից կարող է նաև անչափելի օգուտ քաղել), լինի դա Երուսաղեմի հայկական թաղամասը, Արցախի հարցում արդարությունը, Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, թե Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի հայկական համայնքները:

Վաղ թե ուշ թե՛ հայ ազգը, թե՛ Հայաստանի կառավարությունը կվերականգնեն իրենց պայքարելու կամքը, բառի ամենալայն առումով, որովհետև ստեղծված իրավիճակը հարիր չէ հայ ազգի էությանը: Դա միակ ճանապարհն է, որով Հայաստանը կարող է հասնել արդար և կայուն խաղաղության, որն այսօր փափագում է հանրությունը։ Բարեբախտաբար, առանձին ոլորտներում մասնավոր հատվածն արդեն իսկ առաջ է տանում այս գործընթացը։ Այսօր Հայաստանում մեծանում է նոր, իրազեկ և հեռատես սերունդ, որը, չընկճվելով տիրող վատ վիճակից, շարունակում է իր նպաստը բերել երկրի զարգացման ու հզորացման գործին։ Նրանց թվում են ինչպես արհեստավարժ անձինք, այնպես էլ քաղաքական մտածողներ։ Նրանք, թերևս, դեռևս մեծ ասելիք չունեն ներքին քաղաքականության և պետական կառավարման մեջ, բայց տեղում իրականությունը փոխելով և օրինակ ծառայելով կարող են ի վերջո բարձրացնել չափանիշները թե՛ լայն հանրության շրջանում, թե՛ կառավարության անդամների շարքերում: Մնում է միայն համոզվել, որ մինչ այս սերունդը կկարողանա ազդեցություն ունենալ, հայրենիքը դեռ կանգուն կլինի և պատրաստ՝ իր առջև ծառացած ահռելի մարտահրավերներին դիմագրավելու նորոգված կամք դրսևորելու:

 

Վահան Զանոյեան

 

[1] Նմանատիպ գաղափար առաջ է քաշել նաև Ժիրայր Լիպարիտյանը 2023 թվականի սեպտեմբերին Հայագիտության և հետազոտությունների ազգային ասոցիացիայում (NAASR) ունեցած դասախոսության ժամանակ, որը, թեև փոքր-ինչ այլ համատեքստում, նույնպես կասկածի տակ է դնում այն գաղափարը, որ հնարավոր է պատմությունից դասեր քաղել: Տե՛ս այս հղման 26:30 րոպեից մինչև 30:30 րոպե հատվածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031