Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքում կարող են Հնդկաստանի քաղաքացիները մասնակցել ՀՀ-ում ընտրություններին. «Հրապարակ»

Հունվար 11,2024 10:54
Վերջին շրջանում ամենուր կարող ենք տեսնել տարատեսակ աշխատանքներ կատարող հնդիկների։ Հայաստան հնդիկների ակտիվ ներհոսքը բուռն քննարկումների առարկա է դարձել: Մեզ հետաքրքրեց, թե ինչպես են Հնդկաստանի քաղաքացիները Հայաստան ժամանում, որքան կարող են մնալ երկրում, աշխատելու համար թույլտվություն անհրաժե՞շտ է։ Զրուցել ենք «Միգրացիա եւ քաղաքացիություն» իրավաբանական գրասենյակի ղեկավար, Անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի հետ։

– Հնդիկների՝ Հայաստան ժամանումն ու կեցության իրավունքն ինչպե՞ս են կարգավորվում։ 

– Հայաստան մտնելու համար հնդիկներն էլեկտրոնային եղանակով ստանում են մուտքի վիզա։ Վիզային ռեժիմի խնդիրը մի քանի հարցի է բաժանվում օտարերկրացիների համար։ Կան երկրների քաղաքացիներ, որոնք Հայաստան մուտք են գործում առանց մուտքի վիզայի, օրինակ, եվրոպական երկրներից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլն։ Կան երկրներ, որոնց քաղաքացիները Հայաստան մուտք գործելու համար նախօրոք պետք է հրավեր ստանան, որպեսզի դիմեն օտարերկրյա դիվանագիտական ծառայություն մուտք գործելու համար, կան երկրների քաղաքացիներ, որոնք Հայաստան մուտք գործելու համար ստանում են մուտքի վիզան՝ նախապես լրացնելով էլեկտրոնային վիզա ստանալու հայտ։ Ուսումնասիրություն է իրականացվում ԱԱԾ-ի կողմից, հայտը ներկայացվում է հատուկ կայքէջով, որը սպասարկում է արտաքին գործերի նախարարությունը եւ ըստ այդմ, եթե ստանում են էլեկտրոնային վիզա, մուտք են գործում Հայաստան։

– Իսկ դեմոգրաֆիական հնարավոր խնդիրներից խուսափելու համար կա՞ն վերահսկման կամ զսպման մեխանիզմներ։

– Մեխանիզմը կայանում է նրանում, եթե քաղաքացին մուտք է գործել ՀՀ եւ բնակվում է, օրինակ, ապօրինի, չունի համապատասխան կացության կարգավիճակ, չունի մնալու իրավունք, բնականաբար, գործ կհարուցվի արտաքսման վերաբերյալ, եւ նրան կարտաքսեն Հայաստանից։ Օրենսդրությունը սահմանել է համապատասխանության կրիտերիաներ, որոնցով էլ օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստան մուտքը սահմանվում է։ Եթե պետության անվտանգության տեսանկյունից, դեմոգրաֆիական տեսանկյունից վտանգ են տեսնում՝ կատարում են օրենսդրական փոփոխություններ։

– Ո՞ր դեպքում օտարերկրյա քաղաքացին կարող է մասնակցել ՀՀ ընտրություններին եւ ո՞ր ընտրություններին։

– Համապետական ընտրություններին չեն կարող մասնակցել՝ դրա համար պետք է լինեն բացառապես ՀՀ քաղաքացի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել տվյալ համայնքում մեկ տարի հաշվառում ունեցող օտարերկրյա քաղաքացիները։ Օրինակ, Հնդկաստանի քաղաքացին պետք է ունենա կացության կարգավիճակ, հետո կկարողանա հաշվառվել` ըստ բնակության վայրի։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031