Օրերս Aravot.am-ին հայտնի էր դարձել, որ մենինգոկոկային վարակի պատճառով Երևանում 54-ամյա կին է մահացել, իսկ նրա հետ անմիջական կոնտակտավորները հետազոտվել ու պատվաստվել են:
Ինչպես տեղեկանում ենք ԵՊԲՀ-ի նորությունների բաժնից (05.01.24 թ․) , մեր երկրում 2019-2023թթ. ժամանակահատվածում արձարագրվել է մենինգոկոկային վարակի 20 դեպք, այդ թվում՝ 13-ը՝ մինչև 18 տարեկաների շրջանում, 7-ը` իգական սեռի շրջանում: Թեև այս տվյալները հուշում են հիվանդության՝ մեր երկրում հազվադեպ լինելու մասին, սակայն, հաշվի առնելով վերջերս արձանագրված մահվան դեպքն ու վարակի լրջությունը, արժե ավելի ուշադիր լինել վարակի տարածումը կանխարգելելու և ախտանշաններն ի հայտ գալուն պես անհապաղ բժշկական միջամտության դիմելու հարցում։
Ի՞նչ է մենինգոկոկային վարակը
Մենինգոկոկային վարակը բակտերիալ լրջագույն վարակ է, որը կարող է հանգեցնել օրգանների ծանր վնասվածքների ու մահվան։
Վարակի հարուցիչը Neisseria meningitidis բակտերիան է՝ մենինգոկոկը, որը կարող է ախտահարել ուղեղաթաղանթներն ու արյունը։
Ինչպե՞ս է փոխանցվում մենինգոկոկային վարակը
Հիվանդությունը վարակիչ է և փոխանցվում է մարդուց մարդուն օդակաթիլային մեխանիզմով՝ լորձի միջոցով՝ հազալիս, փռշտալիս, համբուրվելիս, ինչպես նաև սննդի և խմելու պարագաները համատեղ օգտագործելիս։ Մենինգոկոկային վարակի հարուցիչը երկար ժամանակ չի կարող ապրել մարդու մարմնից դուրս՝ մակերեսների վրա, ուստի այն հիմնականում փոխանցվում է սերտ շփումների դեպքում։
Կարդացեք նաև
Ովքե՞ր են գտնվում խոցելի խմբում
Մենինգոկոկային վարակի նկատմամբ առավել խոցելի են նորածինները, երեխաներն ու դեռահասները, փայծաղ չունեցող կամ փայծաղի վնասվածքներ ունեցող անձինք, մանգաղաձև բջջային սակավարյունությամբ տառապող մարդիկ, փակ հաստատություններում ապրող մարդիկ, մենինգոկոկային վարակ ունեցողների հետ կոնտակտավորները և այլն։
Որո՞նք են մենինգոկոկային վարակի ախտանշանները
Մենինգոկոկային վարակի մասին վկայող ախտանշանները բազմաթիվ են, և դրանց առկայությունը անհապաղ բժշկական օգնության դիմելու ցուցում է․ մենինգոկոկային վարակի մասին են խոսում՝
- բարձր ջերմությունը,
- գլխացավը,
- պարանոցի մկանների կարկամությունը (այս ախտանշանը կապվում է նաև մենինգիտի հետ),
- լուսավախությունը,
- սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը,
- մանուշակագույն-կարմրավուն հանգուցիկային ցանը կամ արյունազեղումներն ու կապտուկները, որոնք բավականին մեծ տարածք են ընդգրկում:
Վարակը կարող է նաև այսպիսի դրսևորումներ ունենալ՝
- ախորժակի կորուստ,
- շփոթվածություն, գրգռվածություն,
- քնկոտություն,
- մկանային ցավեր, հոդացավեր,
- քայլելու, ուղղահայաց դիրքում գտնվելու հետ կապված դժվարություններ։
Նորածինների շրջանում ախտանշանները կարող են արտահայտվել սննդից (կաթից) հրաժարումով, լացով, անհանգստությամբ, ծայրահեղ թուլությամբ, քնկոտությամբ։
Ո՞րն է մենինգոկոկային վարակի ու մենինգիտի տարբերությունը
Մենինգոկոկային վարակի հարուցիչը կոնկրետ տեսակի բակտերիան է։ Մենինգիտը մենինգեալ թաղանթների՝ ուղեղաթաղանթների բորբոքումը սահմանող տերմինն է։ Մենինգիտը կարող է առաջանալ ինչպես մենինգոկոկային վարակի դեպքում, այնպես էլ այլ պատճառներով։
Հիվանդության ախտորոշումը և բուժումը
Մենինգոկոկային վարակի ախտորոշումը բավականին բարդ է, քանի որ նախանշանները կարող են նմանվել այլ հիվանդության, օրինակ՝ գրիպի ախտանշաններին։ Հիվանդության ախտորոշման համար կարող է արյան նմուշառման, ողնուղեղային հեղուկի անալիզի կարիք առաջանալ։
Մենինգոկոկային վարակը բուժվում է հակաբիոտիկներով, և չափազանց կարևոր է բուժումը հնարավորինս շուտ սկսելը։
Զուգահեռ կարող է առաջանալ թթվածնային թերապիայի, ցածր զարկերակային ճնշման կարգավորման, անգամ վիրահատական միջամտության անհրաժեշտություն։
Մենինգոկոկային վարակի հետ կապված բարդությունները
Վարակի հետևանքները, ցավոք, կարող են շատ ծանր լինել անգամ հակաբիոտիկներով բուժման դեպքում։ 10-15 % դեպքերում վարակը կարող է հանգեցնել մահվան և 20-50 % դեպքերում առողջության համար լրջագույն հետևանքներ առաջացնել՝ խլություն, վերջույթների կորուստ, նյարդերի, երիկամների կամ գլխուղեղի վնասվածքներ։
Կանխարգելումը
Մենինգոկոկային վարակի կանխարգելման արդյունավետ միջոց է համարվում պատվաստումը։ ԱՄՆ-ի հիվանդություների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և ԱՀԿ-ի առաջարկությամբ մենինգոգոկային պատվաստումը կատարվում է սկսած 2 ամսական հասակից:
Հայաստանի Հանրապետությունում 2016թ. մենինգակոկային վարակի դեմ պատվաստումները ներդրվել են ազգային օրացույցում և նախատեսված են նախազորակոչային տարիքի անձանց համար:
Վարակի կանխարգելման համար արդյունավետ է նաև հետազդակային հակաբիոտիկականխարգելումը, իմունականխարգելումը կոնտակտավոր անձանց շրջանում:
Վարակի կանխարգելմանը միտված քայլերից են փակ հաստատություններում մարդկանց կուտակումների սահմանափակումը, տարածքի հաճախակի օդափոխությունն ու խոնավ մաքրումը։
Ինչպես մենինգոկոկային, այնպես էլ այլ վարակներից խուսափելու համար իրականացվող կարևոր քայլերից է նաև ձեռքերը պարբերաբար օճառով լվանալը, անմաքուր ձեռքերով բերանին, աչքերին ու քթին չդիպչելը։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Cleveland Clinic, ԵՊԲՀ, ԱՀԿ