Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեքիջյանն ինձ ոգեշնչեց հանդես գալ Ազնավուրի ռեպերտուարով»

Հունվար 11,2024 12:30

Հարցազրույց լիբանանցի երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր Ղասսան Յամմինի հետ

– Հարգարժան Ղասսան, գիտենք, որ դուք բազմաթիվ մրցանակների արժանացած արվեստագետ եք, նշենք մեկ-երկուսը՝ «Լիբանանի Մայրի» եւ նախագահի շքանշանների ասպետ, Ֆրանսիայի արվեստի, գիտության եւ գրականության պատվո ոսկե մեդալակիր եւ այլն։ Լիբանանի տարբեր շրջաններում գործող ձեր անունը կրող արվեստի դպրոցների ցանցի հիմնադիր եւ գլխավոր տնօրենն եք, MTV-ով հեռարձակվող ամենշաբաթյա Musical շոուի պրոդյուսեր եւ հաղորդավար, եվրոպական երկրներում հանդես եք գալիս համերգներով սիմֆոնիկ եւ կամերային նվագախմբերի ընկերակցությամբ։ Եվ մեզ համար ամենակարեւորը՝ Ամանորի շեմին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հայ հանդիսատեսը հիացավ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Pour toi Armenie» խորագրով կայացած համերգում ազնավուրյան երգերի ձեր կատարումով։ Գիտենք, որ չնայած առաջին անգամ եք Հայաստանում, բայց յուրահատուկ ջերմ ու էմոցիոնալ կապ ունեք հայերի հետ, ինչն էլ կուզեինք բացահայտենք այս զրույցում։

– Կատարել Ազնավուրի երգերը Երեւանում, ինձ համար երազանք էր։ Կարող ես ամբողջ աշխարհում երգել Ազնավուր, բայց ներկայացնել շանսոնյեի սիրված երգերը հայրենիքում՝ մի ուրիշ համ ու հոտ ունի։ Ինչ ինձ հիշում եմ՝ 2-3 տարեկանից, մեր տանն ամեն օր հնչում էր Ազնավուր, ունեինք նրա բոլոր ձայնասկավառակները…

Փարիզի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ինձ համար անակնկալ ընկերս հարցրեց՝ կցանկանա՞մ հանդիպել Շառլ Ազնավուրին։ Ես ինձ կորցրի (ժպտում է- Ս. Դ.), բնականաբար, ուրախությանս չափ չկար, դա այն էր, ինչ ես երազում էի։ Ասեմ, որ շանսոնյեն իր համաշխարհային շրջագայությունն ամեն տարի սկսում էր Փարիզի կոնգրեսների պալատում համերգով։ Իհարկե, առաջին անգամ շանսոնյեի հետ հանդիպումը ետնաբեմում ու նրա հետ զրույցը հետագայում ինձ համար դարձավ ավանդույթ. Պարզ է, չէ՞, ամեն տարի ես ներկա էի լինում Կոնգրեսների պալատում նրա համերգին, հետո զրուցում էինք… Նա շատ էր սիրում Լիբանանը եւ մեր երգարվեստի դիվա Ֆեյրուզի մեծ ֆանատն էր։ Մոռացա նշել, որ Ազնավուրի հետ հանդիպումների ժամանակ ես դեռ չէի երգում, հանդես էի գալիս որպես դաշնակահար եւ կոմպոզիտոր։ Իսկ առաջին անգամ նրա մահվան նախօրեին եմ հեռուստատեսությամբ հանդես եկել իր երգով։

MTV-ով հեռարձակվող ամենշաբաթյա Musical շոուի շրջանակներում տարեկան 4-5 հաղորդում եմ նվիրում հայկական երաժշտությանն ու հայազգի կատարողներին։

– Հաճելի է լսել, որ նաեւ նման գործունեություն եք ծավալում, ինչից կարելի է եզրակացնել, որ հայերի հետ ձեր կապը սերտ է, ամուր։

– Այո, հայերի հետ իմ կապը շա՜տ ամուր է։ Երաժշտության ասպարեզում առաջին քայլերս արել եմ միայն հայ ուսուցիչների ուղեկցությամբ։ Դաշնամուրի եւ կոմպոզիցիայի իմ ուսուցիչներն էին Ստեփան Էմիյանը, Պողոս Ջելալյանը, Հակոբ Ասլանյանը։ Ավելի ուշ, երբ սկսեցի ձայնս մշակել, վոկալիս ուսուցիչն էր հիասքանչ Արաքս Չեքիջյանը, ով մաեստրո Հովհաննես Չեքիջյանի զարմուհին է։ Հենց նա ոգեշնչեց հանդես գալ Ազնավուրի ռեպերտուարով, ասելով, թե մեր ձայները նման են եւ իմ առջեւ մեծ դուռ կբացվի։ Անկասկած, հավերժ շնորհակալ եմ նրան խորհուրդների համար, նա հիասքանչ անձնավորություն է եւ ես շատ ոգեւորված եմ, որ Արաքս Չեքիջյանը ներկա էր երեւանյան համերգիս։

Արաքս Չեքիջյանի հետ

– Ազնավուրյան երգերով հավանաբար հանդես եք եկել տարբեր նվագախմբերի հետ…

– Իհարկե՝ այո, բայց հիացմունքս եմ ուզում արտահայտել մաեստրո Երվանդ Երզնկյանի իսկապես բարձր պրոֆեսիոնալիզմի, նրա ղեկավարած Հայաստանի ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների մասին։ Փորձերի առաջին իսկ րոպեներից այնպիսի փոխըմբռնում էր, կարծես երկար տարիներ միմյանց հետ համագործակցել էինք։ Վստահ եմ, որ Հայաստանում իմ առաջին համերգին շատ շուտով կհետեւեն երկրորդը, երրորդը… Հիացած եմ նաեւ ձեր երիտասարդ երգչուհիների՝ Սյուզաննա Մելքոնյանի ու Նաիրա Մանուչարյանի արվեստով։

Անշուշտ, շնորհակալությունս եմ ուզում հայտնել  երեւանյան առաջին համերգիս կազմակերպչին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին եւ տնօրեն Նորայր Նազարյանին։

– Շնորհակալ ենք զրույցի համար, եւ մինչ հաջորդ հանդիպում։

– Կասկած չունեմ, որ այն շատ չի ուշանա։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարների հավաքածուն՝ Ղասսան Յամմինը երեւանյան համերգից։

«Առավոտ» օրաթերթ
10.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031