Այդ հողամասն ամբողջությամբ չէր կարող պատկանել պատասխանող ընկերությանը
Երեւան քաղաքի Բուզանդի 32 տան սեփանակատեր Սուսաննա Այանյանը 2021թ. սպասում է իր հերթական դատական գործընթացի ավարտին: Նա հիմա էլ ապրում է դստեր, երեքամյա թոռնիկի, որդու հետ իր տան բակում տեղադրված վագոնում: Երբեւէ նրա մտքով չէր անցնի, որ 41 տարի իրենց տիրապետության տակ գտնված անշարժ գույքի՝ տան համար կառաջարկեն 31 միլիոն դրամ, 65 քմ.-ի դիմաց: Սուսաննան հայտնում է, որ իր ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը 2021թ. նոյեմբերի 17-ին հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Թուֆենկյան Թրանս Կովկազուս» ՍՊ ընկերության՝ հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին: Հայցադիմումը ընդունվել է դատավոր Գ. Մազմանյանի վարույթ 2022թ. սեպտեմբերի 23-ին:
Պատասխանող «Թուֆենկյան Թրանս Կովկազուս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սուրեն Պետրոսյանը 2022թ. հունվարի 5-ին ներկայացրել է միջնորդություն՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին: Մարտի 28-ի նախնական դատական նիստի ժամանակ հայցվոր կողմը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության վերաբերյալ առարկություն:
Հայցվոր Սուսաննա Այանյանի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը միջնորդության դեմ առարկել էր՝ հայտնելով, որ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետ չի կարող կիրառվել, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հայցային վաղեմությունը չի տարածվում սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզեւ այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277):
Կարդացեք նաև
Նա հայտնել էր, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի վերլուծությանը, մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան հայցային վաղեմության կիրառությունը բացառելու համար անհրաժեշտ է հետեւյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը. 1) հայցվորը պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ տիրապետող, եւ 2) ներկայացված հայցով հայցվորը պետք է պահանջի իր իրավունքի ցանկացած խախտման վերացում, թեկուզեւ այդ խախտումը կապված չի եղել գույքի տիրապետումից զրկելու հետ:
Տվյալ դեպքում, ըստ Ս. Այանյանի, նրա ներկայացուցչի, իրենք հանդիսանում են Երեւան քաղաքի Բուզանդի փողոցի 32/1 տան սեփականատերը, որի 64.5 քմ ներքին մակերեսով շինությունը ծանրաբեռնված է Թուֆենկյան ընկերության սեփականության իրավունքով պատկանող Երեւան քաղաքի Բուզանդի փողոցի 32 հասցեում գտնվող հողամասով, իսկ Այանյանի՝ Երեւան քաղաքի Բուզանդի փողոցի 32/1 տան նկատմամբ իրավունքի պետական գրանցում 2021թ. ՀՀ կադաստրի կոմիտեի 16.02.2021թ. որոշմամբ կասեցվել է այն պատճառով, որ «շինությունով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ պետք է ներկայացվի ընդհանուր սեփականության կամ բաժնային սեփականության իրավունքով պատկանելու իրավահաստատող փաստաթուղթ»։
Այանյանը հանդիսանում է գույքի սեփականատեր եւ ներկայացված հայցով ըստ էության պահանջում է ճանաչել բաժնային սեփականության իրավունքը իր շինության ծանրաբեռնված հողամասի նկատմամբ, որպեսզի իր շինության նկատմամբ կատարվի իրավունքի պետական գրանցում։ Հետեւաբար, ըստ հայցվոր կողմի, այս պահանջի նկատմամբ չի կարող կիրառվել հայցային վաղեմություն, եւ եթե անգամ հայցվորը դեռ 2000թ. վկայակոչված դատական ակտով իմացել է իր իրավունքի խախտման մասին, ապա սույն քաղաքացիական գործով հայցի հարուցման համար հիմք է հանդիսացել ՀՀ կադաստրի կոմիտեի 2021թ. օգոստոսի 16-ի իրավունքի պետական գրանցման կասեցման որոշումը, եւ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է կատարվի այդ ժամանակահատվածից։
Հայցվորի իրավունքը 2008թ. առանց հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման՝ միայն շինության մասով կասեցվել է, քանի որ այդ ժամանակ գործող «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքն որեւէ ձեւով չի արգելել, որպեսզի միայն գրանցվի շինության նկատմամբ իրավունքն առանց հողամասի, մինչդեռ՝ 2012թ. գործող «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ որեւէ շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը կամ հողամասի կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից կառուցված շինության նկատմամբ կառուցապատողի իրավունքը չի կարող գրանցվել, եթե ներկայացված չեն կամ գրանցող մարմնում առկա չեն գրանցումը հայցող իրավատիրոջ` այդ շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ իրավունքի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր:
Անդրադառնալով պատասխանող «Թուֆենկյան Թրանս Կովկազուս» ՍՊ ընկերության՝ այն պնդմանը, որ ամբողջ հողամասը սեփականության իրավունքով պատկանում է իրենց, հայտնեց, որ այդ հողամասն ամբողջությամբ չէր կարող պատկանել պատասխանող ընկերութանը, քանի որ 1991թ. մարտի 15-ին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ հողամասը պետք է պատկաներ Երեւանի Բուզանդի փողոցի 32 հասցեի շինության բոլոր սեփականատերերին, այլ ոչ թե միայն պատասխանող ընկերությանը, այսինքն՝ սույն պարագայում նաեւ առկա է օրենքի խախտմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Պատասխանող Թուֆենկյան ընկերությունը պնդել էր իր միջնորդությունը, հատնել, որ առնվազն 2001թ. մարտից հայցվորը տեղյակ է եղել, որ Երեւանի Կենտրոն համայնքի Բուզանդի փողոց 32 հասցեում գտնվող՝ 693 քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է «Թուֆենկյան Թրանս Կովկազուս» ՍՊԸ-ին, եւ առկա է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2001թ. մարտի 16-ի վճիռը (գործ 2-722-2001թ.): Համաձայն նշված վճռի (քաղաքացիական գործն ըստ հայցի Կենտրոն թաղապետարանի ընդդեմ Սուսաննա Այանյանի՝ բնակարանից վտարելու պահանջի մասին եւ ըստ հակընդդեմ հայցի Սուսաննա Այանյանի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին եւ «Թուֆենկյան Թրանս Կովկազուս» ՍՊԸ-ի 02.03.2000թ. առուծախի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին), Սուսաննա Այանյանի հակընդդեմ հայցը բավարարել է մասնակի՝ 28 քմ սենյակի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով, մնացած մասով մերժել է: Իսկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.05.2001թ. վճռով Կենտրոն թաղապետարանի հայցը բավարարվել է, իսկ Սուսաննա Այանյանի հակընդդեմ հայցն ամբողջությամբ մերժվել է` այն անհիմն լինելու պատճառաբանությամբ: ՀՀ վճռաբեկ դատարանի 15.06.2001թ. որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.05.2001թ. վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ Սուսաննա Այանյանի վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման: Ըստ ընկերության, նույն հասցեի հողամասի կամ դրա որեւէ մասի նկատմամբ հայցվորի սեփականության (այդ թվում՝ բաժնային սեփականության) իրավունքի գրանցում չի կատարվել. «Այսինքն՝ առնվազն նշված վկայականի տրման օրվանից հայցվորը տեղյակ է եղել, որ նշված հասցեի հողամասի նկատմամբ իր որեւէ իրավունք գրանցված չէ, եւ առկա է իր ենթադրյալ իրավունքի (հողամասի համապատասխան մասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքի) ենթադրյալ խախտում»:
Ընկերությունը վկայակոչել էր ՀՀ վճռաբեկ դատարանի 2008թ. փետրվարի 29-ի 3-87(ՎԴ) 2008 որոշումը, որով դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել, որ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների նկատմամբ պետք է կիրառվի հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը: Այսպիսով, հայցվորի ներկայացրած պահանջով հայցային վաղեմության ժամկետը լրացել է դեռեւս 2011թ. սեպտեմբեր ամսին, հետեւաբար, կողմը միջնորդում է այդ հիմքով հայցը մերժել:
Անդրադառնալով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի առարկություններին՝ պատասխանողը հայտնել է, որ ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 16.08.2021թ. որոշմամբ «միգուցե խախտվել է Հայցվորի իրավունքը, սակայն այդ խախտված իրավունքը ոչ թե հողամասի նկատմամբ Հայցվորի բաժնային սեփականության իրավունքն է, այլ 29.07.2021թ. Անշարժ գույքի բաժանման եւ բաժնեմասի նվիրատվության պայմանագրից բխող՝ Բուզանդի 32 հասցեի բնակելի տան 2-րդ հարկի համապատասխան մասի նկատմամբ որպես միակ սեփականատեր գրանցվելու, այսինքն՝ բարենպաստ վարչական ակտ ստանալու իրավունքը: Այանյանն ուներ իր այդ խախտված իրավունքի պաշտպանության իրավական հնարավորություն եւ կարող էր օգտվել այդ հնարավորությունից»: Այսինքն, ըստ պատասխանող կողմի՝ «հայցվորն այն փաստի մասին, որ չի հանդիսանում Բուզանդի 32 հասցեի հողամասի կամ դրա որեւէ մասի սեփականատեր (համասեփականատեր), որ իր իրավունքը պետական գրանցում չի ստացել, իմացել է, ինչպես հաստատում են ներկայացված ապացույցները, նախքան Կադաստրի կոմիտեի՝ 16.08.2021թ. որոշումը ստանալը»:
Գ. Մազմանյանի վճռով մերժվել է հայցը՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:
Այանյանը դիմել է վերաքննիչ դատարան, վերաքննիչ քաղաքացիական դատարանը (Ն. Կարապետյան, Լ. Գրիգորյան, Լ.Հովհաննիսյան կազմով) Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/52206/02/21 քաղաքացիական գործով կայացված 23.09.2022 թվականի վճիռը բեկանել է եւ քաղաքացիական գործն ուղարկել է նույն դատարան նոր քննության։ «Թուֆենկյան Թրանս Կովկազուս» ընկերությունը Վճռաբեկ դատարան էր դիմել՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2023 թվականի ապրիլի 11-ի որոշման դեմ: Վճռաբեկ դատարանը ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է: Հունվարի 30-ին բեկանված գործով դատական հերթական նիստն է:
Այս գործով նախորդ դատարանի՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական վերլուծությունում ուշագրավ մի հարցադրում կա. եթե հայցվորն իր իրավունքի խախտման մասին իմացել է առնվազն 2001թ., հղում կատարելով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.03.2001թ. թիվ 2-722-2001թ. վճռին, ապա ինչպես է, որ հայցադիմումը ներկայացվել է՝ դատարան 21 տարի հետո…
Հիշեցնեմ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքնուրույն է ընտրում իր իրավունքների պաշտպանության եղանակը, որն, ի թիվս այլնի, կարող է իրականացվել իրավունքը ճանաչելով։ Սեփականության իրավունքի ճանաչման հայցը քաղաքացիների սեփականության իրավունքի պաշտպանության նյութաիրավական միջոցներից մեկն է։ Այդ հայցը հնարավորություն է տալիս գույքի իրական սեփականատիրոջը դատական կարգով հաստատել սեփականության իրավունքը, ապահովել իրական սեփականատիրոջ իրավազորությունների ամբողջական իրականացումը։ Սեփականության իրավունքի ճանաչման հայցն ուղղված է որեւէ օբյեկտի նկատմամբ ցանկալի իրավունքի առկայության դատական հաստատմանը:
Հայցային վաղեմությունը խախտված քաղաքացիական իրավունքների պաշտպանության ժամանակահատվածն է։ Այսինքն՝ հայցային վաղեմության կիրառելիության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ անձը դատարան է դիմում իր խախտված իրավունքների վերականգնման պահանջով։ Մինչդեռ, ճանաչման հայցը ոչ թե ներկայացվում է խախտված իրավունքների վերականգնման, այլ գոյություն ունեցող իրավունքը հաստատելու, իրավունքի իրացումն ապահովելու եւ հնարավոր խախտումները բացառելու նպատակով (ընդ որում, որեւէ իրավական նշանակություն այս դեպքում չունի հնարավոր անուղղակի հետեւանքները, որոնք կարող են առաջանալ սեփականության իրավունքի ճանաչման արդյունքում, այլ կերպ ասած՝ այլ անձանց իրավունքների վրա ազդեցության հնարավորությունը)։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ ճանաչման հայցի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետ չի կարող հաշվարկվել, քանի որ ճանաչման հայցի նկատմամբ հայցային վաղեմության ինստիտուտը կիրառելի չէ։
Վերաքննիչ դատարանի իրավական վերլուծության համաձայն. «Սույն գործով ներկայացվել է իրավունքի ճանաչման հայցի տեսակ հանդիսացող սեփականության իրավունքի ճանաչման հայց: Այսպես, Սուսաննա Այանյանի անունից ներկայացված հայցադիմումն ի սկզբանե ուղղված է եղել ոչ թե սեփականության իրավունքի խախտումների վերացմանը, ոչ թե իր սեփականության ապօրինի տիրապետման վերացմանը, այլ դատական կարգով հողամասի նկատմամբ ցանկալի իրավունքի՝ այն է` սեփականության իրավունքի ճանաչմանը: Հայցային վաղեմությունն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում անձը կարող է պաշտպանել իր խախտված իրավունքը, սակայն, ինչպես վերը նշվեց, սույն գործով hայցվորի պահանջն ուղղված է իր սեփականության իրավունքի ամրագրմանը, այլ ոչ թե պատասխանող կողմի ենթադրյալ խախտումների վերացմանը»։
Հետեւաբար, հիմք ընդունելով անձի սեփականության իրավունքի պաշտպանության սկզբունքը, հաշվի առնելով այն, որ սեփականության իրավունքի ճանաչման հայցի նկատմամբ հայցային վաղեմություն չի կարող կիրառվել՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ վերաքննիչ բողոքը հիմնավորված էր:
Բեկանված մասով գործն ուղարկվելով ստորադաս դատարան՝ դատարանը սահմանել է նոր քննության ծավալը:
Մեկ այլ նիստ էլ, այլ դատարանում՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Սուրեն Այանյանին, Մարիաննա Այանյանին եւ Սուսաննա Այանյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երեւան, Փ. Բուզանդի փողոց թիվ 32 բնակելի տուն հասցեի անշարժ գույքի օտարման, որպես իրավական հետեւանքներ Այանյանների սեփականության իրավունքի դադարեցման, անշարժ գույքը «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին հանձնելու պահանջների մասին» նշանակվել է հունվարի 24-ին, նույն վեճի շրջանակներում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.01.2024