Լրահոս
Օրվա լրահոսը

Հռետորաբանության մեղմացում` հեռահար, վտանգավոր պլաններով

Հունվար 11,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ադրբեջանից վստահեցնում են, թե իբր իրենց «միջանցք պետք չէ», «Իրանի տարածքով էլ կարող են կապվել», մինչդեռ Բաքուն չի հրաժարվում արտատարածքային միջանցքից

Բաքուն կողմ է խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ՝ առանց միջնորդի բանակցություններին, սա տարեվերջին Ադրբեջանի ԱԳ նախարարի արձանագրումն էր, սակայն հայ-ադրբեջանական սահմանին արտգործնախարարների երկկողմ հանդիպում անցկացնելու Բաքվի առաջարկին ի պատասխան հստակ ժամկետներ չնշվեցին։

Կհամաձայնի արդյո՞ք Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ առանց միջնորդների, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն «Ազատություն» ռ/կ-ի հարցին պատասխանել է՝ երբ կլինի կոնկրետ պաշտոնական առաջարկ, հայկական կողմը կմտածի՝ ընդունել, թե ոչ։

Հայտնի է, որ Ջեյհուն Բայրամովի տարեվերջյան հայտարարությունից մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը Երեւանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի 7-րդ տարբերակը: Բայրամովը մի կողմից խոսում էր փաստաթղթում խաղաղության գործընթացին խոչընդոտող դետալների մասին, մյուս կողմից հայտարարում, թե հայկական կողմի դիրքորոշումներում արդեն փոփոխություններ են տեսնում, եւ «կրճատվում է այն կետերի թիվը, որոնց շուրջ կան տարաձայնություններ»: «Առաջին ալիք»-ի եթերում օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ հունվարի 4-ին Երեւանը պատասխանել է ադրբեջանական նշյալ առաջարկներին:

ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ եւս պնդում են, թե խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել: Եթե Հայաստանի իշխանության առումով ամեն ինչ պարզ է, նրանք իսկապես ձգտում են վերջնական խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, ապա Բաքվի քայլերն ու գործողությունները կասկածներ են հարցում, թե արդյո՞ք այդ երկիրն իսկապես ձգտում է խաղաղություն հաստատել Հայաստանի հետ:

Բացի այդ, որքան էլ կողմերը կարեւորեն երկկողմ ձեւաչափով բանակցությունները, պարզ է, որ որեւէ նշանակալի համաձայնության պարագայում, խաղաղության պայմանագրի ստորագրումը չի կարող կայանալ առանց միջնորդների: Հետեւաբար մյուս կարեւոր հարցը հետեւյալն է` Ռուսաստանի՞, թե՞ Արեւմուտքի հովանու ներքո կարող է ստորագրվել նոր փաստաթուղթ:

Պաշտոնական Բաքուն, ակնհայտորեն, խուսափում է Արեւմուտքի, մասնավորապես Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդների ակտիվ ներգրավվածությամբ բանակցություններից: Ալիեւն իրեն «իրավիճակի տեր» է զգում բացառապես Մոսկվայի հովանու ներքո անցկացվող բանակցություններում, եւ հիմա դժգոհ լինելով Արեւմուտքի ակտիվությունից, Բաքուն սկսել է «կարեւորել» երկկողմ բանակցությունների անցկացումը:

Բաքուն հույս ունի մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների եւս մեկ փուլ անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնյաների միջեւ, Էստոնիայի հանրային հեռուստատեսության եթերում անցյալ շաբաթ նշել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, շեշտելով՝ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների բացակայության ֆոնին երկու կողմերն էլ նախագծերի փոխանակումները շարունակում են՝ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր դիտողությունները եւ փոփոխությունները։ «Մենք, եւ ոչ միայն մենք, հուսով ենք, որ Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնելուց հետո, բանակցություններում բեկումնային կետի հասնելու հնարավորությունները շատ ավելի մեծացել են», – նշել է Ամիրբեկովը:

Եթե 2023-ին չէին բացառում մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ապա այժմ դրա ճակատագիրը դեռ անորոշ է` չնայած դրական երանգներով հայտարարություններին։ Պաշտոնական Բաքուն հիմա խոսում է փաստաթղթում «հայերի ռեւանշը բացառող» դրույթի մասին, հստակ չէ սահմանագծման քարտեզը, գումարած այս ամենին` Ադրբեջանը ճանապարհ է պահանջում դեպի Նախիջեւան։

Ամիրբեկովը հարցազրույցում նաեւ ասել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստից բացի, բանակցությունների ընթացքում եւս երկու թեմա է շոշափվում՝ հաղորդակցությունների բացում, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատում, նշելով, որ հաղորդակցությունների բացումը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի անբաժանելի մաս է։

Եթե Բաքուն առաջ է մղում սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծման գաղափարը եւ դրա ներքո բանակցությունների անցկացում, նշանակում է՝ ինչ-որ առումով Ադրբեջանը կարող է նույնիսկ շահագրգռված լինել հայկական կողմի հետ փաստաթուղթ ստորագրել, որպեսզի լեգիտիմացվի Արցախում իրականացված էթնիկ զտումը, սակայն մյուս կողմից շարունակեն ոչ համաձայնեցված մնալ օրինակ` քարտեզների հստակեցման, զորքերի հետքաշման, անկլավների հարցերը:

Եթե առաջիկայում երկկողմ ձեւաչափերով բանակցություններ կայանան, կնշանակի, որ պաշտոնական Բաքվին հաջողվեց Հայաստանին ներքաշել բանակցությունների նոր փուլի մեջ: Մինչդեռ մեր հասարակությանը դեռեւս անհայտ է, թե ՀՀ իշխանությունները, օրինակ, ի վիճակի՞ են խաղաղության պայմանագրում հստակ երաշխիքների ամրագրման հասնել:

«Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներում», – անցյալ շաբաթ գերմանական Berliner Zeitung թերթի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիեւը։ «Ադրբեջանը Հայաստանի հետ բարեխղճորեն բանակցություններ է վարում տարբեր հարթակներում՝ հանուն տարածաշրջանում երկար սպասված խաղաղության։ Մենք իրոք հավատում ենք, որ խաղաղ համաձայնագիր ստորագրելու պատմական հնարավորություն է առկա, եւ մենք չպետք է մսխենք այն», – ասել է Հաջիեւը՝ նշելով, սակայն, որ դեռեւս առկա են մի քանի չլուծված հարցեր։ «Առայժմ բարդ է խոսել պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետների մասին, քանի որ գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա բանակցություններ են անհրաժեշտ», – հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։ «Մենք հանդես ենք գալիս դեպի արդյունք կողմնորոշված բանակցությունների օգտին: Սկզբունքորեն դեմ չենք ազնիվ օժանդակությանը, բայց նախապատվությունը տալիս ենք ուղիղ բանակցություններին: Այսօր խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը տարվում է ուղղակիորեն Բաքվի եւ Երեւանի միջեւ», – նշել է Հաջիեւը:

Հատկանշական է, որ Ալիեւի օգնականը նաեւ ընդգծել է, որ երկու երկրների միջեւ սահմանազատումը «տեխնիկական եւ տեւական գործընթաց է», մինչդեռ խաղաղության պայմանագրի կնքումն առանձին ջանքեր չի պահանջում եւ հիմնված է միջպետական հարաբերություններում միջազգային նորմերի փոխադարձ ընդունման վրա: «Մեր կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը չպետք է դառնա սահմանազատման պատանդը»,- հավելել է նա:

Թվում է, Բաքվի համար նախընտրելի է պաշտոնական Երեւանի հետ նոր փաստաթղթի ստորագրման հասնել, թեկուզ` «սահմանազատումը տեխնիկական եւ տեւական գործընթաց է» պատճառաբանությամբ, սակայն սրանով հանդերձ հայկական կողմի համար իսկապես նոր վտանգներ կարող են առաջանալ, հիմք ընդունելով ադրբեջանական կողմի` առավել կարեւոր հարցերի հստակեցումից խուսափելու ձգտումը:

Ի վերջո, ինչո՞ւ անցած տարեվերջին Բաքուն երեք հանդիպում չեղարկեց, դրանց թվում` Վաշինգտոնում արտգործնախարարների բանակցությունները: Եթե Բաքվի նպատակը նշանակալի առաջընթացի հասնելն էր, ապա Ադրբեջանը չէր խուսափի այդ բանակցություններից, հետեւաբար, հարց է ծագում` ի՞նչ է փոխվել հիմա…

Ի դեպ, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն օրերս լրագրողի դիտարկմանը, թե Ռուսաստանն օտարերկրյա կառավարություններին հորդորել է չմիջամտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, հակադարձել է. «Ոչ, Ռուսաստանը որեւէ ձեւով չի խանգարում մեզ ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել, որոնք, կարծում ենք, անհրաժեշտ են Ադրբեջանին եւ Հայաստանին, եւ մենք կշարունակենք հետամուտ լինել դրանց»: Ե՞րբ է պաշտոնական Վաշինգտոնն ակնկալում հյուրընկալել նախարարներին, Պետքարտուղարության խոսնակը հստակ պատասխան չի տվել։

Իսկ Ալիեւի օգնական Հաջիեւը, նկատենք, կրկին օգտագործել է «միջանցք» տերմինը: Գերմանական թերթին տված հարցազրույցում նա պնդել է, որ այդ բառի մեջ սարսափելի ոչինչ չկա, եւ որ տրանսպորտային կապը Հայաստանին չի զրկում Իրանի հետ սահմանից ու Հայաստանը երկու մասի չի բաժանում։ Միաժամանակ Հաջիեւն ընդգծել է, որ Բաքվի ուզածն առանց մաքսային ու սահմանային հսկողության ճանապարհն է Հայաստանից դեպի Նախիջեւան։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ քաղաքական կամքի առկայության դեպքում միշտ էլ հնարավոր է ընդունելի տարբերակներ գտնել։ «Մենք ուրախ ենք տեսնել այնպիսի մոդելներ, ինչպիսին Կալինինգրադինն է: Մենք նաեւ հրավիրել ենք Համաշխարհային մաքսային կազմակերպությանը՝ մեզ տրամադրելու իրենց փորձը եւ չափանիշները։ Սակայն Ադրբեջանը իր բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չի դնում, ուստի զուգահեռաբար աշխատում ենք այլընտրանքային լուծումների վրա։ Իրանում մեր գործընկերների հետ մենք կառուցում ենք այլընտրանքային ճանապարհ դեպի Նախիջեւան՝ Իրանի տարածքով։ Բայց նաեւ ուզում եմ հասկացնել, որ սա չի նշանակում, թե Հայաստանով երթուղին դուրս է սեղանից», – ասել է Հաջիեւը:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը News.am-ի հետ զրույցում արձագանքելով Հաջիեւին, ասել է, որ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հաստատի, որ Հայաստանով հնարավոր կոմունիկացիաների բացման համար հիմք են ընդունվելու ինքնիշխանության, իրավազորության պահպանման, փոխադարձության ու հավասարության սկզբունքները, որից հետո, ըստ նրա, հնարավոր կլինի արդեն ավելի կոնկրետ մեխանիզմների մասին խոսել։ Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ վարչապետ Փաշինյանը՝ հայտարարելով, որ հնարավոր է՝ պարզեցված ընթացակարգ լինի Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապ ապահովելու համար, Արմեն Գրիգորյանը փաստացի չի բացառել այդ ընթացակարգը, ասելով, թե դա հարցի առավել տեխնիկական մասն է։ «Ապաշրջափակման չորս սկզբունքները համաձայնեցնելուց հետո, հրապարակային դրանց մասին հայտարարելուց հետո արդեն կարող ենք աշխատել նաեւ այդ պարզեցման մեխանիզմների շուրջ», – նշել է Ա. Գրիգորյանը: Անվտանգության խորհրդի քարտուղարը նաեւ ընդգծել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի է ունենալու Հայաստանի սուվերենության եւ իրավասության ներքո, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա։

Թեեւ նկատելի է պաշտոնական Բաքվի հռետորաբանության որոշակի մեղմացում, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները պարտավոր են մաքսիմալ զգույշ լինել ու զգոնությունը չկորցնել: Մի քանի շաբաթ է՝ Ադրբեջանից հետեւողականորեն վստահեցնում են, թե իբր իրենց «այդ միջանցքը պետք չէ», «Իրանի տարածքով էլ կարող են կապվել…»: Մինչդեռ «Զանգեզուրի միջանցքի» հարցը տեղափոխելով «տերմինների» դաշտ, փաստացի, պաշտոնական Բաքուն ամենեւին էլ չի հրաժարվում արտատարածքային միջանցքից: Իսկ սա նշանակում է, որ ստանալով հայկական կողմի ստորագրությունը` Ադրբեջանը կարող է վարվել այնպես, ինչպես իրեն է ձեռնտու, 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթներով սահմանված պահանջների ոտնահարումը Բաքվի կողմից դրա խոսուն վկայությունն են:

«Նախիջեւան անխոչընդոտ ճանապարհ` առանց մաքսային ու սահմանային վերահսկողության», «100 հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձ», սրանք Բաքվի պայմաններն են, ընդ որում՝ դրանք ներկայացվում են որպես ՀՀ-ի կողմից ստանձնած եռակողմ հայտարարության պարտավորություններ: Պաշտոնական Երեւանն, իհարկե, հայտարարում է, թե ճանապարհները պետք է բացվեն ըստ Հայաստանում գործող օրենքների՝ առանց որեւէ արտոնության ու բացառության, սակայն ինչպե՞ս են կողմերն այս հարցերում գալու ընդհանուր հայտարարի:

Երեւանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց, «Ազատության» հետ զրույցում պնդել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը։ «Դրանք այն կարմիր գծերն են, որոնք Հայաստանը չի կարող ուղղակի այդպես զիջել», – հավելել է նա:

Պաշտոնական Անկարան էլ մյուս կողմից շարունակում է Բաքվի պահանջները կրկնել: Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչեւ 2029 թվականը, օրերս նշել է երկրի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ «Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածը, որը սկսվում է Բաքվից մինչեւ Հորադիզ, մոտենում է ավարտին։ Միջանցքի թուրքական հատվածի երկարությունը 224 կմ է։ Ընդհանուր առմամբ, այս միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտեւի հինգ տարի։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,-ասել է նա։

Անկարայի եւ Բաքվի վերջին հայտարարություններին անուղղակիորեն անդրադարձել է պաշտոնական Թեհրանը: Իրանը հստակ դիրքորոշում ունի Հարավային Կովկասում տիրող իրավիճակի եւ տարանցիկ միջանցքների վերաբերյալ, նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ հավելելով. «Մենք մեծ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրներում խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն հաստատելու համար։ Մենք ընդգծում ենք, որ տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ աշխարհաքաղաքական փոփոխությունների եւ երկրների տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնիշխանության խախտման համար»։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 10.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031