Լրահոս
Օրվա լրահոսը

Stratfor. Հնարավոր է առաջընթաց Հայաստան ու Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ, բայց նոր բախումների կամ պատերազմի վտանգը կմնա

Հունվար 10,2024 23:40

«Ազատություն» ռ/կ. Ամերիկյան հեղինակավոր Stratfor-ի կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր է առաջընթացի հասնեն խաղաղ համաձայնագրի շուրջ, բայց նոր բախումների կամ լայնամասշտաբ պատերազմի վտանգը կշարունակի մնալ առկախ, քանի որ Ադրբեջանը փորձում է պահել ճնշումը Երևանի նկատմամբ։

Ըստ վերլուծական կենտրոնի, բանակցությունների հիմնական խոչընդոտը տարաձայնություններն են տարանցիկ ուղիների, մասնավորապես՝ դրանց կիրառման պայմանների հարցում:

«Հայաստանը կօգտագործի Արևմուտքի հետ խորացող քաղաքական կապերն և այդ ճամբարից ստացվող ռազմական աջակցությունը՝ Բաքվի կոշտ պահանջներին դիմակայելու համար: Բայց, հաշվի առնելով, որ Հայաստանը շատ քիչ լծակներ ունի, Երևանը, հավանաբար, կընդունի Բաքվի պահանջները՝ Հայաստանի հարավով տարանցման և ընդհանուր սահմանի դեմարկացիայի վերաբերյալ», – կանխատեսում է ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերությունը:

Ըստ Stratfor-ի՝ փետրվարի 7-ին նախատեսված արտահերթ ընտրություններում ակնկալվող հաղթանակից հետո նախագահ Ալիևը կշարունակի ամրապնդել ռազմական ներուժը Հայաստանի հետ սահմանների երկայնքով՝ հնարավոր ներխուժման նախապատրաստվելու և խաղաղ բանակցություններում ճնշման հավելյալ լծակներ ձեռք բերելու համար: Ընդ որում, ըստ վերլուծաբանների, «եթե տարվա առաջին վեց ամիսներին զգալի առաջընթաց չգրանցվի, վտանգը, որ Ադրբեջանը կփորձի Հայաստանի հարավից մի զգալի մաս պոկել, կմեծանա ամռանը, երբ լայնածավալ ռազմական գործողության համար պայմաններն օպտիմալ կլինեն»։

Ամերիկյան Stratfor-ը վերլուծել է նաև հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում, արձանագրելով՝ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում իսպառ չի վերանա, չնայած Երևանը գնալով ավելի ու ավելի հաճախ է ազդանշաններ հղում Մոսկվայից հեռանալու մտադրության մասին. – «Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ կազմում, տնտեսությունն էլ սերտորեն կապված է ռուսական տնտեսության հետ»:

Մյուս կողմից, ըստ Stratfor-ի, էական աճ կարձանագրեն Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններն ու առևտրային կապերը։ «Դրանք կհասնեն նոր բարձունքների», – կանխատեսում են ամերիկացի վերլուծաբանները, մանրամասնելով՝ Բաքուն կնպաստի հյուսիս-հարավ ենթակառուցվածքի զարգացմանը, որը կապում է Ռուսաստանն Իրանի հետ:

Չբացառելով Հայաստանի հանդեպ նոր հարձակման հնարավորությունը՝ ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերությունը նշում է. – «Եթե Բաքուն ներխուժի Հայաստան՝ ցամաքային կապ հաստատելու Նախիջևանի հետ, Ադրբեջանն ու Թուրքիան կհայտնվեն Արևմուտքի ճնշման տակ, և չի բացառվում, որ փոխեն արտաքին քաղաքական կողմնորոշումը և թեքվեն Արևմուտքից՝ ավելի սերտ կապեր հաստատելով Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031