2023թ․ դեկտեմբերի 14-ից 2024թ․ հունվարի 15-ը, Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում, Փարիզի քաղաքապետարանի և «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպության կողմից համատեղ կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդես, որի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկարներ են։
Ցուցահանդեսի պաշտոնական բացման իր խոսքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին և «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպությանը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին մշտապես լինելու համար և նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումն այդ համերաշխություն հերթական դրսևորումն է։ Հայաստանի դեսպանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելուց հետո, այժմ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում վերացնելու այնտեղ հայկական բազմահազարամյա ներկայության հետքերը, որոնց խոսուն ապացույցներն են ցուցադրվող լուսանկարներում պատկերված եկեղեցիները, կոթողներն ու հուշարձանները։ Այս համատեքստում նա առանձնահատուկ կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման և պահպանման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրումը։
Ցուցահանդեսի բացման ներկա էին և խոսքով հանդես եկան նաև Փարիզի փոխքաղաքապետեր Առնո Նգաչան և Կարին Ռոլանը, «l’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպության նախագահ Ժան-Իվ Տոլոն,նույն կազմակերպության գլխավոր տնօրեն, Գերաշնորհ Պասկալ Գոլնիշը, ինչպես նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն