Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետության հետևանքները․ հանցագործությունների թռիչքաձև աճեր և ներքին անվտանգության խորացող խնդիրներ

Հունվար 10,2024 21:44

Իհարկե, առաջնային և առանցքային օրակարգ են այս իշխանությունների ձեռամբ՝ մեր երկրի արտաքին անվտանգային խորացող սպառնալիքներն ու դրանց ամենօրյա դրսևորումները․ «խաղաղության» կեղծ փաթեթավորմամբ իրական պատերազմներ՝ անդառնալի կորուստներով, ազգային և պետական շահերի ստորադասում՝ իշխանության նեղ քաղաքական ու անձնական շահերին, նոր պատերազմի ավելացող սպառնալիքներ։

Սակայն պակաս կարևոր չեն նաև ներքին անվտանգության ավելացող խնդիրները և իրական մարտահրավերները։

Հետևողականորեն ձևավորվող և ամրապնդվող ոստիկանապետության դառը պտուղներն իրենց ուշացնել չեն տալիս։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ հինգ տարիներին աննախադեպ, թռիչքաձև ավելացել են հանցագործությունները, հասարակության ներքին անվտանգության ռիսկերը։ Իրավիճակը բնութագրող պաշտոնական վիճակագրության հիմնական ցուցանիշները ներկայացված են ստորև բերված աղյուսակում։ Այդտեղից կարելի է առանձնացնել ահագնացող որոշ միտումներ (խոսուն փաստեր

1 Հանցագործությունների ընդհանուր քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին՝ 2013-2017թթ․ արձանագրվել է 10,6 տոկոս աճ, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներին՝ 2018-2022թթ․ աճը կազմել է 66,8 տոկոս, այսինքն՝ աճի տեմպն ավելացել է շուրջ 6,3 անգամ։ Հրապարակված վերջին տվյալներով՝ բարձր աճը շարունակվել է նաև 2023թ հունվար-նոյեմբեր ամիսներին։

2 Ծանր հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին արձանագրվել է 11,7 տոկոս նվազում, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներին 40 տոկոս աճ։ Նախորդ հինգ տարիների բարձր աճի ցուցանիշն էականորեն ավելացել է 2023թ հունվար-նոյեմբեր ամիսներին։

3 Առանձնապես ծանր հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին ավելացել է 34 դեպքով, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներին ավելացել է 669 դեպքով։

Այսինքն՝ առանձնապես վտանգավոր հանցագործությունների աճն ավելացել է շուրջ 20 անգամ։ 2023թ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս հանցագործությունները կրկնապատկվել են։

4 Սպանությունների ցուցանիշը մինչև 2022թ․ տվյալները համադրելի չեն 2022-2023թթ․ տվյալների հետ՝ հաշվարկի մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված։ Սակայն ահագնացող փաստ է այն, որ 2023թ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպանությունների քանակը ևս կրկնապատկվել է։

5 Հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների քանակը (ներառյալ զենքի գործադրմամբ խուլիգանությունները)․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին ավելացել է 17 տոկոսով, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներին ավելացել է 3,4 անգամ։ 2023թ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պահպանվել է աննախադեպ այս աճի բացասական ցուցանիշը։

6 Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին գրեթե չի փոփոխվել, իսկ իշխանափոխությունից հետո՝ 2018-2022թթաճել է 2,6 անգամ։ 2023թ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 2,3 անգամ՝ դառնալով աննախադեպ անկախացումից հետո արձանագրված տարեկան աճերի ցուցանիշների համեմատ։

7 Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների (ներառյալ՝ անձնական գույքի հափշտակությունները, գողությունները) քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին այս ցուցանիշի աճի տեմպն էապես պակաս է իշխանափոխությունից հետո արձանագրված աճի ցուցանիշից։

8 Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող և իշխանափոխությանը հաջորդող հինգ տարիներին այս ցուցանիշները բավականին մոտ են և ունեցել են նվազման համադրելի միտումներ՝ չնայած նրան, որ օրվա իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարն իբրև իր առաջնահերթություն և հիմնական դևիզ է հռչակել։

Առարկայական և ամփոփ եզրակացությունը մեկն է․ ոստիկանությունը ողջ ներուժով նվիրված է օրվա իշխանական խմբակի իշխանությունն ամեն գնով պահելու գործին՝ որպես միակ մնացած հենարան։

Դրան զուգահեռ և դրանով պայմանավորված մեր երկրում թռիչքաձև աճում են հանցագործությունները՝ ողջ ծավալով և նորանոր բարձրունքներ «նվաճելով»։

 

N Գրանցված հանցագործությունների քանակ* 2013թ հունվար-դեկտեմբեր 2017թ հունվար-դեկտեմբեր 2018թ հունվար-դեկտեմբեր 2022թ հունվար-դեկտեմբեր 2022թ

հունվար-նոյեմբեր

2023թ

հունվար-նոյեմբեր

1. Ընդհանուր հանցագործություններ 18333 20284 22551 37612 33282 35052
2. Ծանր հանցագործություններ 3089 2729 3643 5092 4313 5190
3. Առանձնապես ծանր հանցագործություններ 130 164 224 893 880 1661
4. Մարդու դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ 4727 4868 4799 6565 6124 6462
41 Սպանություն** 48 49 35 604 542 1241
5 Հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ 3121 3650 3511 11861 10418 13531
51 Խուլիգանություն 185 202 234 453 391 532
52 Զենքի գործադրմամբ խուլիգանություն 32 41 53 97 84 86
53 Թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ 1222 1271 877 2268 1904 4265
6 Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ (ներառյալ՝ անձնական գույքի հափշտակությունները, գողությունները) 6475 8102 10112 13902 12142 9507
7 Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ 782 634 1353 898 792 1277

* Աղյուսակում բերված պաշտոնական վիճակագրական աղբյուրների հղումները՝ https://www.armstat.am/file/article/sv_11_23a_530.pdf, https://www.armstat.am/file/article/sv_12_22a_530.pdf, https://www.armstat.am/file/article/sv_12_19a_540.pdf, https://www.armstat.am/file/article/sv_12_18a_550.pdf, https://www.armstat.am/file/article/sv_12_14a_550.pdf։

** Նոր ՔԴՕ կարգավորումներով պայմանավորված 2022 թվականին սպանությունների ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանական որոշակի փոփոխություններ են կատարվել։

 

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031