Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեադմիսիոն համագործակցության ընդլայնումը նպաստում է միգրացիայի կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացմանը

Հունվար 10,2024 21:12

Ավստրիայի հետ ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացման գործընթացում է:

Այս գործընթացը և, առհասարակ, երկկողմ ռեադմիսիոն համաձայնագրերի համատեքստում Հայաստանի Հանրապետության կատարողականի բարձր ցուցանիշները կարևոր նախապայման են վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար:

Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համաձայնագրերը խթանում են ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզաների ազատականացման երկխոսությունն ավելի կառուցողական հենքի վրա դնելուն: Սա թույլ է տալիս ընդգծել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը հետ ընդունելու այն անձանց, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում. այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հունվարի 10-ի նիստում նշել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Հանձնաժողովը քննարկել է «ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Դաշնային կառավարության միջեւ «ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«Գործնականում ունեցել ենք միջազգային պայմանագրին բնորոշ ընթացակարգերը. Արդարադատության և Ֆինանսների նախարարությունների կողմից կա դրական դիրքորոշում: Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»,- տեղեկացրել է Ներքին գործերի փոխնախարարը:

Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ նախկինում Հայաստանն ունեցել է երկկողմ ռեադմիսիոն համաձայնագրեր ԵՄ անդամ տարբեր պետությունների հետ, սակայն այդ փաստաթղթերն արդեն չեն գործում, և պետությունները ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակից բխող պարտավորություն ունեն երկկողմ առանձին ռեադմիսիոն համաձայնագրեր կնքելու:

Նա ընդգծել է, որ վերոհիշյալ համաձայնագիրը դրանցից մեկն է:

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը պարզաբանել է, որ նմանատիպ համաձայնագրերը ոչ թե ԵՄ կողմից պարտադրանք են, որ ինչ-որ գործընթաց իրականացվի, այլ՝ երկկողմ հարաբերությունների կանոնակարգմանն ուղղված, փոխհամաձայնեցված պատրաստակամության օրինակ: «Սա թույլ է տալիս հավաստել, որ Հայաստանը պատրաստակամ է ընդունելու իր այն քաղաքացիներին, որոնք ոչ թե օրինական հիմքերով բնակվում են ԵՄ անդամ երկրներում, այլ հակառակը՝ ինքնությունը չպարզված է, չունեն անձնագիր կամ կեղծ փաստաթղթերով հայտնվել են ԵՄ անդամ երկրներում»,-նշել է փոխնախարարը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Օրակարգի շրջանակում քննարկվել է նաև «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ թեև բանակցություններին մասնակցել են նաև ԱՊՀ անդամ մյուս պետությունները, բայց այս պահի դրությամբ համաձայնագիրը կիրառում են Ռուսաստանն ու Բելառուսը:

Հայաստանը կլինի համաձայնագիրը վավերացնող երրորդ պետությունը:

Փոխնախարարը հայտնել է նաև, որ համաձայնագրով նախատեսվող վերապահմամբ՝ եթե ՀՀ-ից հետո ԱՊՀ որեւէ այլ անդամ երկիր միանա համաձայնագրին, ապա այդ պահին Հայաստանը կկարողանա դիտարկել տվյալ երկրի մասով որևէ վերապահում անելու հնարավորության հարցը:

Նշվել է, որ ԱՊՀ-ն ցանկանում է մեկ միասնական համաձայնագիր ունենալ, որի շրջանակում գործընթացները կնույնականացվեն, ու միասնական քաղաքականություն կվարվի:

Օրենքի նախագիծը միաձայն հաստատվել է հանձնաժողովի նիստում:

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031