Տեղեկացրել ենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Վահե Միրզոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ:
Նախքան Արարատում պաշտոնի անցնելը Վահե Միրզոյանն զբաղեցրել է Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը։ Նրան գործընկերները բնութագրում են որպես կարգապահ, ճշտախոս անձնավորության ու մարզում հարգված դատախազի։
Այս նշանակմանը գուցե այդքան ուշադրություն չդարձնեինք, եթե Վահե Միրզոյանի անունը մամուլում չհայտնվեր մի միջադեպի առթիվ, որը տեղի է ունեցել 2021 թվականին Շիրակի մարզի դատախազությունում՝ աշխատակիցների աչքի առաջ։
Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, այդ ժամանակ Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վահե Միրզոյանը իր նկատմամբ անարդար վերաբերմունք դրսևորելու պատճառով սթափեցնող, դաստիարակչական մի թեթև ապտակ էր հասցրել Շիրակի մարզի դատախազի պաշտոնը նոր ստանձնած Գուրգեն Գրիգորյանին։
Կարդացեք նաև
Այժմ Գուրգեն Գրիգորյանը զբաղեցնում է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, փաստորեն նա ակամա դառնում է Վահե Միրզոյանի ենթական, այսինքն այն անձի, որից ժամանակին փորձում էր ազատվել։
Նկատենք, որ Արգիշտի Քյարամյանը ևս աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում՝ մարզի ամենաազդեցիկ դատախազներից մեկի՝ Րաֆֆի Ասլանյանի պաշտոնավարման օրոք։ Նա բնականաբար արտակարգ ճանաչում է իր բոլոր գործընկերներին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ