Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճ և երկկողմանի հարաբերությունների զարգացում. Սուրեն Պարսյան

Հունվար 10,2024 18:28

Հայաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը ունեն հազարամյակներ դիվանագիտական, քաղաքական և տնտեսական հարաբերություններ և անխախտելի սահման, որը հանդիսացել է տարածաշրջանի կայունության և բարգավաճման կարևոր գործոններից մեկը։ Անշուշտ, երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները և նախագծերը մշտապես բարելավման կարիք ունեն, և դրանցից մեկի մասին հայտարարվեց 2023 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեցին Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացելու մասին։ Հենց Թավրիզում հայկական հյուպատոսության բացման հնարավորությունը ևս մեկ անգամ փաստում է, որ իրանական իշխանությունները հակված են բազմավեկտոր և երկարաժամկետ արտաքին և ներքին քաղաքականություն վարել։

Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնադրելով, Արեւելյան Ատրպատականից բացի, հնարավոր կլինի հյուպատոսական սպասարկման տարածքը ընդլայնել ՀՀ հարակից այլ շրջանների, այդ թվում՝ ԻԻՀ Արեւմտյան Ատրպատական, Արդեբիլ, Գիլան ու Մազենդարան նահանգներ, ինչը կնպաստի այս տարածաշրջանների միջև տնտեսական, մշակութային և կրթական կապերի զարգացմանը և ամրապնդմանը։ Ներկայումս հյուպատոսական սպասարկման այդպիսի լայն տարածքում գործունեություն ծավալելու հնարավորություն ունեն երկու հյուպատոսություններ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունները։

Հարկ է հիշեցնել, որ 1920 թվականին Խորհրդային իշխանության հաստատումից հետո Հայաստանը նույնպես հյուպատոսություն է ունեցել Թավրիզում, սակայն Խորհրդային միության կազմավորումից հետո այն լուծարվել է։ Հետևաբար, հյուպատոսության բացումը կարելի է դիտարկել նաև երկու եղբայրական ժողովուրդների միջև պատմական և ավանդական կապերի վերականգման ուղղված կարևոր քայլ։

Թավրիզում հայկական հյուպատոսության բացումը պետք է դիտարկել Կապանում (Սյունիք, Հայաստան) Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացելու(2022թ․) հայելանման պատասխանը։ Հայկական և իրանական հյուպատոսությունների բացումը առաջին հերթին քաղաքական և անվտանգային  բաղադրիչ ունի և ուղղված է հյուսիս-հարավ միջանցքի ապահովմանը։ Անշուշտ այն կարող է զսպել թուրք-ադրբեջանական այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը կարմիր գիծ են․ այլ երկրների ապակառուցողական և ագրեսիվ պահվածքը և քարոզչությունը, որն ուղղված է Հայաստանի և Իրանի դեմ, պետք է կասեցնել բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ դիվանագիտական։ Եվ առհասարակ Հայաստանի տարածքով միջանցք ցանկացող երկրները, արդյո՞ք պատրաստ են իրենց երկրի տարածքով նման միջանցքներ տալ այլ երկրներին, կարծում եմ, որ ոչ։

Թավրիզում և Կապանում գործող հյուպատոսությունները կարող են ուղղակի կամ անուղղակի եղանակով նպաստել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներին, մասնավորապես՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի կառավարության և իրանական 3 ընկերությունների միջև ստորագրվել է նոր պայմանագիր, ըստ որի՝ իրանական կողմը կառուցելու է Ագարակ (Իրանի սահմանից)-Վարդանիձոր-Քաջարանի թունել ճանապարհահատվածը՝ 32կմ (Սյունիք, Հայաստան)։ Հայաստանի այս տարածաշրջանում իրանական շինարարական ընկերությունների գործունեությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգային և քաղաքական նշանակություն ունի։ Հիշեցնեմ, որ թուրք-ադրբեջանական ծրագրի համաձայն՝ հենց Ագարակով (Մեղրիով) էի նախատեսում անցակցնել այսպես կոչված «միջանցքը»։ Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներում իրանական շինարարական ընկերությունները կարող են ներգրավել Թավրիզից, սահմանակից այլ շրջաններից աշխատուժ, տեխնիկա, սարքավորումներ և շինանյութեր, ինչը կխթանի տնտեսական ակտիվությունը այս տարածաշրջանում։

Միանշանակ է նաև, որ Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը կարող է նոր խթան հանդիսանալ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում կտրուկ ավելացել է Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը, մասնավորապես՝ 2022 թվականին Իրանից Հայաստան է ներկրվել շուրջ 526 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, որը 2017 թվականի համեմատ ավելի է 3 անգամ, իսկ 2021 թվականի համեմատ ավելի է 20 տոկոսով․ Իրանից Հայաստան են ներկրվում հիմնականում բնական գազ, շինանյութ, երկաթեղեն, կաթնամթերք, չոր և թարմ մրգեր, լոլիկ և այլն։ 2022 թվականին Հայաստանից արտահանումը Իրան կազմել է 102,3 մլն ԱՄՆ դոլար, որը 2021 թվականի համեմատ ավելի է 56,1 տոկոսով․ Հայաստանից Իրան արտահանվում են հիմնականում էլեկտրաէներգիա, մետաղի ջարդոն, սիգարետ, տավարի միս, գառ և այլն։

Այսինքն՝ կարելի արձանագրել, որ իրանական ապրանքների արտահանման աճի տեմպը ավելի մեծ է, քան հայկականը։ Անշուշտ, իրանական ապրանքների արտահանմանը էապես նպաստել է Եվրասիական տնտեսական միության(ԵԱՏՄ, որի անդամ է նաև Հայաստանը և միակը, որն ունի ցամաքային կապ Իրանի հետ) և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագիրը, որի շնորհիվ իրանական 306 ապրանքներ զրոյական մաքսատուրքերով կարող են արտահանվել Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան։ Նախատեսվում է, որ 2024 թվականին Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կդառնա մշտական։

Միաժամանակ ազատ առևտրի մշտական համաձայնագիրը և երկու երկրներում հյուպատոսությունների բացումը կնպաստեն կոոպերացիոն կապերի զարգացմանը, մասնավորապես՝ վերջին տարիների ընթացքում իրանական լոլիկը, կաթնամթերքը Հայաստանում վերամշակվում են և արտահանվում  ԵԱՏՄ և այլ եվրոպական երկրներ։ Տեղին է նշել, որ Հայաստանը ազատ առևտրի համաձայնագրեր ունի նաև Եվրոմիության, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և այլ երկրների հետ, այսինքն՝ Հայաստանում վերամշակված ապրանքները կարող են արտահանվել այն երկրներ, որոնք փակել կամ սահմանափակել են իրանական ապրանքների ներկրումը։

Անշուշտ, Թավրիզում Հայաստանի հյուպատոսությունը կարող է սպասարկել նաև իրանցի և հայ զբոսաշրջիկների այցերը՝ նրանց ապահովելով տեղեկատվությամբ և այլ հյուպատոսական այլ ծառայություններով։ Ամեն տարի ավելի քան 200 հազար իրանցիներ իրենց հանգիստ են կազմակերպում Հայաստանում, միաժամանակ Իրանը, մասնավորապես՝ Թավրիզ կարող է հանդիսանալ հայ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների մեկը՝ հաշվի առնելով  հայ-իրանական պատմական և հարուստ ժառանգության առկայությունը․ սա նոր խթան կդառնա երկու երկրների միջև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար։

Իրանահայության կողմից իրականացվող ակտիվ և արդյունավետ ծրագրերին զուգահեռ ներկայում պետք է քայլեր իրականացնել Հայաստանի և Իրանի միջև կրթական, մշակութային կապերի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ հյուպատոսարանները պետք է իրենց շուրջ համախմբեն մտավորականությանը, ուսուցիչներին, դասախոսներին, ուսանողներին և աշակերտներին, կազմակերպեն փոխադարձ այցեր և համատեղ ծրագրեր իրականացնել, ինչը թույլ կտա ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ գործնական շփվել միմյանց հետ։

Ամփոփելով` պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական և դիվանագիտական հարաբերությունների խորացումը ուղղված չէ երրորդ երկրների դեմ, այդ հարաբերությունները հիմնված են արժանապատվության, իմաստության և փոխշահավետության սկզբունքների վրա։ Հայ-իրանական համատեղ ծրագրերի արդյունքներից կարող են օգտվել ոչ միայն տարածաշրջանի, նաև այլ երկրները։

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ,

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031