Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձրի ճաշ չկա, ինչ-որ մեկը ստիպված է վճարել այդ ճաշի փողը եւ հենց այդ ճաշի փողը փակելու համար թաքնված փորձում են սակագները բարձրացնել». Արթուր Խաչատրյան

Հունվար 10,2024 18:07

Այսօր ԱԺ-ում ԿԲ ղեկավար կազմի եւ պատգամավորների հետ քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ ինքն այն քչերից է, որ 20-րդ դարից քարտով է գործարքներն անում. «Նույնիսկ այստեղ բուֆետում եմ քարտով վճարում: Բայց դուք ինչի՞ եք ոտնահարում կանխիկ վճարողների իրավունքները: Եթե պահանջում եք, որ այն մարդը, որը կանգնում է կայանատեղիիում, վճարի անկանխիկ, այդ դեպքում ինչի՞ քաղաքում parking meter-ները չեք դնում, որ ես էլ կարողանամ դրամով վճարեմ: Այս խտրականությունը, որն արվում է, անընդունելի է: Մարդը այսօր, երբ գնում է բանկ 1800 դրամի գույքահարկ վճարելու համար ու բանկը իրենից վերցնում է 1000 դրամ, մարդը, որը չունի բավարար գիտելիք, իր համար ծառայությունը 1000 դրամ է դառնում, իր ողջ զայրույթը ուղղվում է բանկային համակարգի դեմ: Այդ մարդկանց անողոքաբար շահագործելը պետք է կանխվի ԿԲ-ի կողմից»:

Արթուր Խաչատրյանն ասաց, որ բանկային միջնորդավճարները անընդհատ թանկանում են, եթե առաջ 400 հազար դրամ շեմ էր սահմանված, հիմա՝ 100 հազար է այդ շեմը. «Դուք ուզում եք մարդկանց գրագիտությունը բարձրացնել, բայց այսպիսի մանր ֆինտեր են անում՝ բարձրացնելով սակագները: Մամուլում տեղեկություն կա, որ բանկերը հրաժարվում են մասնակցել cash back ծրագրին, որովհետեւ 2,3 մլրդ-ի ստիպված են եղել վճարել իրենց գրպանից: Հիմա բոլորս գիտենք, որ ձրի ճաշ չկա, ինչ-որ մեկը ստիպված է վճարել այդ ճաշի փողը եւ հավանաբար հենց այդ ճաշի փողը փակելու համար է, որ այսպես թաքնված փորձում են սակագները բարձրացնել: Ճի՞շտ է, որ հրաժարվել են»:

Պատասխանեցին, որ պետությունն է հրաժարվել այդ ծրագրից, թոշակների 10% ավելացում է եղել:

Ինչ վերաբերում է 1800 դրամի համար 1000 դրամ գանձելուն, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ այդ դեպքը նայել է, իրականում այդ մարդը, չհանդիսանալով տվյալ բանկի հաճախորդ, մտել էր այդ բանկ ու արել այդ վճարումը, HSBC բանկը չէր անի գործարքը, եթե իր հաճախորդը չլիներ, այդ բանկն արել է՝ իր սակագնով: Իսկ եթե այդ մարդը լիներ այդ բանկի հաճախորդ, դա կլիներ 0:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031