Ամանորից հետո աշխատանքային օրերը սկսվելուն պես՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը փոփոխություն է կատարել հայեցողական պաշտոններում, նոր մարդու բերել պաշտոնի։
Ինչպես տեղեկանում ենք մարզպետարանի պաշտոնական կայքից, Շիրակի մարզպետը մարզպետի օգնականի պաշտոնից ազատել է Գնունի Աղաբեկյանին՝ նրան նույն օրը նշանակելով մարզպետի խորհրդական։
Իսկ այսօր մարզպետի օգնականի պաշտոնում նոր նշանակում է կատարել․ նշանակել է Հակոբ Գևորգյանին (լուսանկարում)։ Նշենք, որ Հակոբ Գևորգյանը երկար ժամանակ՝ մոտ 9 տարի, զբաղեցրել է Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասի դպրոցի տնօրենի պաշտոնը։ Այն համարվում է Գյումրու ամենամեծ դպրոցներից մեկը։ Իսկ մինչ այդ եղել է Բենիամին գյուղի դպրոցի տնօրենը։
Նկատենք, որ մարզպետի այս նոր նշանակումը քննադատության է արժանացել հենց որոշ ՔՊ-ականների կողմից, որոնք իրենց գրառումներում նշել են, թե մարզպետը օգնական է նշանակել թիվ 23 դպրոցի նախկին տնօրեն, ՀՀԿ-ական Հակոբ Գևորգյանին՝ այդ նույն դպրոցի տնօրենի պաշտոնում էլ նշանակելով Գևորգյանի կնոջը՝ Անի Գևորգյանին։
Կարդացեք նաև
Հակոբ Գևորգյանի կենսագրությունը մարզպետարանի պաշտոնական կայքում դեռ տեղադրված չէ, փորձեցինք նրանից ճշտել որոշ մանրամասներ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Այդուհանդերձ այս թեմայի շուրջ մենք կփորձենք պարզաբանումներ ստանալ թե՛ մարզպետից և թե՛ Հակոբ Գևորգյանից։
Այսպիսով`Շիրակի մարզպետը երկու օգնական և երեք խորհրդական ունի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ