Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղությունը միայն կրակոցների բացակայությունը չէ, դա նաև բաց սահմաններն են, ապրանքների և մարդկանց տեղաշարժն է միմյանց տարածքով. Արարատ Միրզոյան

Հունվար 10,2024 17:35

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները պատասխանել են նաև Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերի վերաբերյալ լրագրողի հարցին:

Ստորև` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանը:
💬 « Վերջնական խաղաղությունն անպայմանորեն պետք է խարսխված լինի մի քանի հիմնարար սկզբունքների վրա, որոնք մենք բազմիցս հանրահռչակել ենք և խոսել ենք այդ մասին.

🔹Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն` առանց որևէ այլևայլության, առանց որևէ երկիմաստության: Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, և վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի:

🔹 Նաև, հասկանալիորեն, եթե երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացը կարող է երկար ժամանակ տևել, առնվազն խաղաղության պայմանագրում մենք պետք է տեսնենք այն հստակ հիմքերը, որոնց վրա պետք է հետագայում ընթանա սահմանազատման գործընթաց: Ես ուզում եմ ընդգծել, որ այս երկու հարցերը՝ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը և նաև սահմանների հետագա դելիմիտացիան այն հարցերն են, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չի կարող տեսնել և չի կարող թույլ տալ որևէ անորոշություն նաև առաջնային առումով այն պատճառով, որ որևէ անորոշություն մեծ հիմք է և պարարտ հող է հետագա ագրեսիաների և հետագա էսկալացիաների: Հետևաբար, եթե մենք խաղաղություն ենք հաստատում՝ մենք հաստատում ենք այնպիսի խաղաղություն, որը հնարավորինս դժվար և գրեթե անհնար լինի կասկածի տակ դնել և խախտել, չդնել առնվազն հիմքեր հետագա էսկալացիայի համար այդ պայմանագրում:

🔹 Հաջորդ սկզբունքը, որը մենք, վստահաբար, ուզում ենք տեսնել հաստատված խաղաղության մեջ, տարածաշրջանի տնտեսական կապուղիների, ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, որովհետև խաղաղությունը, կարծում եմ՝ կկիսեք իմ մոտեցումը, միայն կրակոցների բացակայությունը չէ, խաղաղությունը նաև բաց սահմաններն են, խաղաղությունը նաև ապրանքների և մարդկանց տեղաշարժն է միմյանց տարածքով: Այսինքն, երբ Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, այս իրավիճակը դժվար կլինի անվանել Հարավային Կովկասում խաղաղության հաստատում, և մենք շահագրգռված ենք այս կապուղիների ապաշրջափակմամբ, բայց մենք նաև վստահ ենք, և կարծում եմ, որ սա մի մոտեցում է, որն աշխարհում բոլորը կկիսեն, որ այս ապաշրջափակումը պետք է տեղի ունենա մի քանի շատ պարզ, հիմնարար և արդար սկզբունքների հիման վրա: Դրանք ևս հայտնի են, բազմիցս խոսել ենք այդ մասին: Օրինակ՝ այն, որ այդ ենթակառուցվածքները պետք է մնան կոնկրետ այդ երկրների ինքնիշխանության ներքո, այսինքն, մասնավորապես ենթակառուցվածքների հայաստանյան հատվածը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո, դրանք պետք է գործեն մեր իրավազորության ներքո, և ամեն ինչ, իհարկե, պետք է արվի հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Կրկին, եթե միայն Ադրբեջանը կարողանա օգտագործել հայկական, ենթադրենք, երկաթուղիներ, և Հայաստանը չկարողանա օգտագործել ադրբեջանական երկաթուղիները, դա դժվար թե արդար, հիմնարար և երկարատև լուծում համարվի: Սրանք են այն սկզբունքները, որոնք անպայմանորեն պետք է ընկնեն խաղաղության հիմքում»:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031