Լրահոս
Օրվա լրահոսը

Ի սկզբանե Արմեն Չարչյանին առաջադրվել է ապօրինի մեղադրանք, այլ բան, քան արդարացնող դատական ակտ կայացնելը, ուղղակի հնարավոր չէ. Էրիկ Ալեքսանյան. «Փաստինֆո»

Հունվար 10,2024 17:11

«Փաստինֆո». «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպանը պահանջում է արդարացնել Չարչյանին՝ առաջադրված մեղադրանքում՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հանրային մեղադրողը նախորդ դատական նիստում պահանջել էր մեղավոր ճանաչել Արմեն Չարչյանին և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացած դատական նիստում հրապարակվեց Արմեն Չարչյանի պաշտպանական ճառը։ Ճառում պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ի սկզբանե քրեական գործը հարուցվել է ոչ օրինական առիթի հիման վրա, այլ՝ ՀՔԾ մամուլի քարտուղարի զեկուցագրի հիման վրա, մինչդեռ, ՀՔԾ մամուլի քարտուղարը քրեադատավարական իմաստով չի կարող համարվել պատշաճ սուբյեկտ՝ նման զեկուցագիր ներկայացնելու համար։ Ավելին՝ զեկուցագրում հղում է կատարվում անանուն աղբյուրին՝ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքում հրապարակված ձայնագրությանը, հետևաբար, ո՛չ հրապարակված ձայնագրությունը, ոչ էլ՝ դրա հիման վրա մամուլի քարտուղարի ներկայացրած զեկուցագիրը չեն կարող օրինական առիթ լինել՝ քրեական գործի հարուցման համար։ Պաշտպանը հիշեցրեց, որ ոչ օրինական առիթի հիման վրա հարուցված քրեական գործն, ի սկզբանե, անօրինական է, հետևաբար՝ քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բոլոր տվյալները, ապացույցները՝ անթույլատրելի։ Ալեքսանյանի խոսքով՝ պաշտպանության կողմը չպետք է կրի վարույթն իրականացնող մարմնի շտապողականության բացասական հետևանքները։ Բացի այդ, թեև պաշտպանության կողմի պնդմամբ՝ «չկա օրինական առիթ, չկա և քրեական գործ», այդուհանդերձ, անդրադարձ կատարեց նաև բուն մեղադրանքին՝ նշելով, որ, եթե անգամ պայմանականորեն ընդունեն, որ քրեական գործի հարուցման համար լիներ օրինական հենք, ապա, միևնույն է, գործում առկա փաստական տվյալները բավարար չեն՝ Արմեն Չարչյանի մեղավորությունը հիմնավորելու համար։ Ըստ պաշտպանության կողմի՝ Չարչյանին առաջադրված մեղադրանքը որոշակի չէ, չկա որևէ կոնկրետացում՝ հարկադրանքի ձևի, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը, ճնշումը եղել է հոգեբանական, թե ֆիզիկական, առկա չէ կոնկրետացում՝ բացասական հետևանքների վերաբերյալ,ավելին, ձայնագրության համաձայն՝ խոսքը եզրափակելով Չարչյանը խոստացել էր, որ չի լինելու որևէ ռեպրեսիա։ Ինչ վերաբերում է ենթադրյալ սպառնալիքների մասին տուժողների սուբյեկտիվ ընկալմանը, ապա պաշտպանը հիշեցրեց նրանց ցուցմունքները, համաձայն որոնց՝ Չարչյանն իրենց հետ հանդիպել է ոչ թե որպես «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն կամ «Հայաստան» դաշինքի անդամ, այլ՝ որպես ընկեր։ Ավելին, պաշտպանը պնդում է, որ Արմեն Չարչյանը ոչ թե հորդորել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել «ՔՊ»-ին՝ քվեարկելով այլ դաշինքի, այլ՝ ընդամենը խնդրել է մասնակցել քվեարկությանը ու կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Պաշտպանը միջնորդեց՝ արդարացնել Չարչյանին՝ առաջադրված մեղադրանքում՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը։

Փաստաբանը պաշտպանական ճառը եզրափակեց՝ դատարանի ուշադրությունը հրավիրելով նաև այն հարցին, որ տելեգրամյան ալիքում տարածվել է մոնտաժված ձայնագրությունը, որով,թեև ևս չի որոշվում մեղավորությունը, սակայն ձայնագրության ամբողջական տարբերակը չի հրապարակվել, քանի որ այդկերպ կփոշիացվեր ամբողջ մեղադրանքը։ Ալեքսանյանը նշեց՝ այլ բան, քան՝ արդարացումն է ՝ ընդունելի չէ։ Վերջին խոսքով հանդես գալ Չարչյանը չցանկացավ՝ նշելով, որ արդեն իսկ դիրքորոշումը ներկայացվել է իր ցուցմունքով և պաշտպանական ճառով։ Դատախազ Հայկ Հովհաննիսյանը եզրափակիչ խոսքում պնդեց՝ քրեական գործը հարուցվել է օրինական առիթի հիման վրա։ Ըստ մեղադրանքի կողմի՝ պաշտպանության կողմը պնդումներն անհիմն են, որով փորձ է արվում ստեղծել դատավարական խախտումների պատրանք, քրեական գործի հարուցման հարց լուծելիս քննության առարկա է դարձվել «Փաստերի ստուգման հարթակում» տեղ գտած հրապարակումները, Գլխավոր դատախազության կողմից ներկայացված տվյալները։

Դատախազն անդրադարձավ նաև մեղադրանքի շուրջ պաշտպանության կողմի դիտարկումներին՝ պնդելով իր մեղադրական ճառը եւ խնդրելով բավարարել ճառով ներկայացված միջնորդությունը,

այն է՝ մեղավոր ճանաչել Չարչյանին և դատապարտել 5 տարվա ազատազրկման։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ևս եզրափակիչ ելույթ ունեցավ՝ կրկին արձանագրելով, որ քրեական գործ հարուցելու որոշման մեջ մատնանշվել է զեկուցագիրը և անարժանահավատ աղբյուրում՝ տելեգրամյան ալիքում, հրապարակված ձայնագրությունը, իսկ հետագայում «Փաստերի ստուգման հարթակում» ուսումնասիրությունը և ձայնագրությունը հրապարակվել է՝ «տեղը լցնելու» համար, քանի որ իրավապահները շատ գիտակցել են, որ անանուն աղբյուրում ձայնագրությունը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում։
Դատարանը խորհրդակցական սենյակ կհեռանա՝ հունվարի 26-ին։

Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։ Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ֊ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031