«Կառավարությունը կրճատեց Երևանի սուբվենցիան․ ավելի քիչ գումար է տրամադրում համայնքին։ Հստակ էր տրամաբանությունը։ Չէ՞ որ ոչ միայն կարմիր գծերի վճարն են բարձրացնում, այլ բարձրացել է մանկապարտեզների վճարը Երևանի գրանցում չունեցողների համար, վճարը սրճարանների, գիշերն աշխատող տնտեսվարողների համար։ Եթե խոսեք նրանց հետ, կհասկանաք։ Բարձրացնում են, որ լրացնեն այն բացը, որը չի ստանալու համայնքը կառավարությունից»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված «Կարմիր գծերի թանկացումից առաջ և հետո․ ի՞նչ է փոխվել Երևանի փոքր Կենտրոնում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։
Ըստ նրա՝ եթե Երևանի ավագանին կարիք ուներ ավտոբուս գնելու, ոչ թե պետք է ստեղծեր էլիտար մեքենա կանգնեցնողներ, այլ պարտատոմս թողարկեր, ասեր՝ ժողովուրդ, ինձ գումար է պետք ավտոբուս գնելու համար, գնայինք այդ պարտատոմսը գնեինք։
Կարդացեք նաև
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն արձագանքեց՝ այդ դեպքում պարգևավճարների գումար չէին ունենա, շքեղություն թույլ տալու գումարներ չէին ունենա․ «Առանց քաղաքացուն որևէ բան առաջարկելու՝ մտնում են նրա գրպանը։ Մենք առաջարկել ենք, որ դուք նախ պարտավոր էիք լուծել վեց տարվա ընթացքում մետրոյի խնդիրը, հանրային տրանսպորտի խնդիր, և ի վերջո ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիներ գոնե կարող էին կառուցել և հրամցնել քաղաքացուն։ Այ, դրանից հետո, երբ քաղաքը չէր բեռնաթափվի, այդ պարագայում ամենավերջին մեթոդը կարելի էր անել վճարի բարձրացումը»։
Դիտարկմանը՝ Երևանի քաղաքային իշխանությունը նշում է, որ 30 նոր ավտոբուս է Փոթիի նավահանգիստ տեղափոխվել, լուծվում է տրանսպորտի խնդիրը, Սոնա Աղեկյանն այսպես արձագանքեց․ «Եթե Երևանի իշխանությունները հրաժարվեն իրենց ծառայողական մեքենաներից և երթևեկեն հանրային տրանսպորտով, որը հրամցնում են երևանցուն, չկտրվեն իրականությունից, սթափ ապրեն, կկարողանան իրականությունը հասկանալ, որ հանրային տրանսպորտն այս պահին խնդիր է էկոլոգիայի, սանիտարական, առողջապահական առումով։ Երբ այդ երեսուն ավտոբուսները կլինեին Երևանում, հետո քաղաքացին իր վճարի դիմաց նստած կուղևորվեր, այդ պարագայում նոր մենք իրավունք կունենայինք քաղաքացուն ասել, որ որոշել ենք քաղաքը բեռնաթափել, կարմիր գծերի գումարը դարձնել ասենք 24 հազար դրամ։ Ուղղակի անբարոյականություն է 13,5 անգամ ավել մտնել քաղաքացու գրպանն այն պարագայում, երբ իրենք այն թիմն են, որ ասում էին՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Ի՞նչ է՝ քաղաքացին վեց տարի անց դարձավ տուգանքի մատերիա՞լ։ Քաղաքացու սպառողական զամբյուղը ոչնչով չեք ավելացրել, միայն իշխանության ապարատի աշխատակիցներինն ենք ավելացրել, պարգևավճարների ինստիտուտ եք ներմուծել, որը չի էլ հրապարակվում»։
Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ ինքն ու իր ընտանիքը օգտվում են հանրային տրանսպորտից ու նշեց․ «Իշխանությունն անամոթաբար ասում է՝ Մարությանն ինչո՞ւ է գազել բերել, որը փչացել է։ Այդ մարդիկ իրականում չեն զբաղվում տրանսպորտի հարցով, եթե զբաղվեին, կիմանային, որ կոլապս էր, կառավարությունը ոչ մի կոպեկ չէր տալիս, փոքր բյուջե էր, եթե շտապ այդ գազելները չգային, առհասարակ երևանցին ոտքով էր մնալու։ Հայկ Մարությանի ժամանակ իշխանությունը սաբոտաժ էր անում այդ ավտոբուսների գնումը, քանի որ դրանք իրենց պետք չէին․ իրենք չէին սառչում կանգառներում։ Նույն թիմը թե′ Հրաչյա Սարգսյանի ժամանակ, թե′ հիմա ներմուծում է նույն ավտոբուսը։ Ի՞նչ է սա։ Եթե վատն է, ինչո՞ւ եք բերում»։
Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանը հիշեցրեց՝ նախկինում մարդիկ տարեկան 12 հազարը չէին վճարում «ինադ ընկած», այդ 160 հազարը էլիտայի պահ է դառնում․ «12 միլիոն սարքելը կարող էր նորմալ լինել, բայց երբ ավտոբուսի գծերը կգան, կքչանան տեղերը՝ հասարակ սպառողի համար այլընտրանք կլինի։ Եվրոպայում ժամի սահմանափակում կա․ մի մեքենան երկու-երեք ժամից ավել մնալ չի կարող նույն տեղում։ Բեռնաթափելը դա է։ Դա բյուջե լցնել է, բեռնաթափելու ծրագիր էլի դեմ չեմ, բայց այս ամենը զուգահեռաբար ու համաչափորեն եթե արվի։ Հիմա էդ ամենն անհամաչափ է, բայց նաև զուգահեռ էլ չէ, քանի որ մյուսը չի արվում, քանի որ այլընտրանքը չկա։ Հանկարծ մեկը ստորգետնյա կայանատեղիների անունը չտա։ Դրանց արժեքն ու դրսի կանգնելը բերեցին, հավասարեցրին իրար։ Օրինակ՝ տեսեք՝ մարդ գալիս է, գործն անի՝ մեկ-երկու ժամ կանգնի գնա։ Հավաստիացնում եմ՝ հիմա էլ այդ կանգնելու տեղը չի լինելու։ Այսինքն՝ ինչ անցյալ տարի, նույնն էլ այս տարի։ Եթե լավ չի աշխատում այդ բեռնաթափման ծրագիրը, ինչ էլ անենք, չի աշխատելու, եթե 600 հազար սարքենք, մինչև ամբողջ քաղաքը բեռնաթափվի, պրծնենք»։
Այս պահին վճարման հետ կապված մի շարք խնդիրներ կան․ օրինակ՝ քաղաքացիները բողոքում են, որ հաղորդագրություն չեն ստանում, որ վճարումը կատարվել է, գումարը գանձվել է, հետո ո՞նց ապացուցեն, Արտակ Խաչատրյանը պատասխանեց․ «Վճարումն անում ես 13-րդ րոպեին, բայց հաղորդագրությունը գալիս է 18-րդ րոպեին։ Քաղաքապետարանում չգիտեմ՝ կարող է ասեն, որ մենք ստացել ենք 18-րդ րոպեին, հետևաբար տուգանքի է ենթակա։ Այդ երեք հարյուր դրամի համար քաղաքացին պիտի հասնի դիվան բաշուն, մինչև Լենինի դամբարան պիտի գնա»։
Ըստ Սոնա Աղեկյանի՝ ծրագրի արդյունավետությունը կարող ենք միայն մեկ տարի անց գնահատել, բայց մինչ այդ քաղաքացիների գրպանն են մտնում այսօրվա իշխանությունները։
Ըստ Իզաբելլա Աբգարյանի՝ միևնույն է խցանումները շարունակվելու են, նաև օդն է ավելի աղտոտվելու, քանի որ եթե անձը չի կայանում, անընդհատ պտտվում է, ավելի է աղտոտում օդը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոն»-ի