Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավալի է, որ դատավորի որոշման արդյունքում 18-ամյա տղան զրկվելու է ուսումից. Տաթեւիկ Վիրաբյանը իր եւ 10 արցախցի երիտասարդների գործի մասին

Հունվար 10,2024 16:35

«Պատահական չէ, որ մենք այս գործի անունը դրել ենք «Արցախը չհանձնողների գործ» եւ բնական է, որ դատարանն էլ կաշկանդվածություններ ունի՝ նաեւ մեր միջնորդությունների հետ կապված»,- այսօր «Տաթեւիկ Վիրաբյանի եւ 10»-ի գործով նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արսեն Բաբայանը՝ խուսափելով նախնական գնահատականներ տալուց, քանի որ կան հետաձգված միջնորդություններ: Նրա գնահատմամբ, հետաձգված միջնորդությունների մասին որոշումներից հետո ավելի պարզ կլինի այս գործին քաղաքական մասնակցությունը: Ամեն դեպքում, դատարանի կողմից օբյեկտիվության տարրը պաշտպանը չի տեսնում, մասնավորաբար՝ կալանքների մասով: 10 մեղադրյալներն էլ արցախցի երիտասարդներ են, ովքեր Հանրապետության հրապարակ էին դուրս եկել իրենց բողոքն արտահայտելու՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման օրը: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ վարչապետն այդ օրը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ ՀՀ-ն չի միջամտելու որեւէ կերպ:

Այս գործով 11 մեղադրյալներից շարունակում են կալանավորված մնալ 4 կամ 5 մարդ: Տուժողները ոստիկանության ծառայողներն են: Արսեն Բաբայանի համոզմամբ՝ որեւէ մեկի նկատմամբ կալանք չպետք է կիրառվեր, քանի որ ՔՕ-ն այսօր թույլ է տալիս կիրառել տնային կալանք, որը բավական ծանր խափանման միջոց է, վարչական հսկողություն եւ այլն:

Արսեն Բաբայանի դիտարկմամբ, կալանքի տակ են պահվում այն մարդիկ, ովքեր մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, խուլիգանության, զանգվածային անկարգության կոչերի մեղադրանք ունեցող անձինք կալանավորված չեն, ինչը խոսում է այն մասին, որ կալանավորման հիմքերը օբյեկտիվ չեն:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Գործով մեղադրյալ Տաթեւիկ Վիրաբյանը հայտարարեց, որ ոչինչ իրենց չի կոտրելու, քանի որ գիտեն, թե ինչի համար են նստած մեղադրյալի աթոռին: Ամեն դեպքում, ցավալի է համարում, որ դատավորները եւ դատախազները կաշկանդված են, անգամ այն պարագայում, երբ 18 տարեկան տղան իր որոշման արդյունքում զրկվելու է ուսման հնարավորությունից: Սա, Տաթեւիկ Վիրաբյանի գնահատմամբ, նշանակում է, որ արժե ավելի ամուր պայքարել: Խոսքը Գոռ Հակոբյանի մասին է, որի կալանքը վերացնելու միջնորդությունը դատարանն այսօր մերժեց:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ ասաց, որ իր տպավորությամբ, ամեն ինչ արվում է, որպեսզի մարդկանց թողնեն կալանքի տակ, մասնավորաբար, մերժելով առաջնահերթ քննել այն վկաներին, որոնց ցուցմունքները վերաբերում են կալանավորված անձանց:

Հովհաննես Խուդոյանը տարակուսած է, որ նախաքննական մարմինը գործ է կազմել ոչ թե լրատվամիջոցների հեռարձակումներից, այլ հիմք են ընդունվել կառավարության շենքի տեսանկարահանումները, որոնք առանց ձայնի են:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվեցին «Տաթեւիկ Վիրաբյանի եւ 10»-ի գործով նախնական դատական լսումները: Հիշեցնենք, այս գործով կան 11 մեղադրյալներ՝ պայմանավորված սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում զարգացած իրադարձություններով։ Այդ օրը Ադրբեջանը պատերազմ էր սկսել Արցախում, եւ Երեւանում մարդիկ ինքնաբուխ հանրահավաքի էին դուրս եկել Հանրապետության հրապարակում: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշոցներ տեղի ունեցան, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ բերման ենթարկվեցին: Մի մասի նկատմամբ մեղադրանքը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելն է, մյուս մասինը՝ խուլիգանությունը։ Տաթեւիկ Վիրաբյանը տեւական ժամանակ գտնվում էր կալանքի տակ, որը հետագայում փոխարինվեց տնային կալանքով, ապա տնային կալանքը նույնպես հանվեց: Տաթեւիկ Վիրաբյանը մեղադրվում է խուլիգանություն եւ զանգվածային անկարգությունների կոչեր հնչեցնելու մեջ:

Այս գործով մեղադրանքները ներկայացված են մեկ ոստիկանի ցուցմունքով:

Ի դեպ, այսօրվա նիստում բաշխվեց նաեւ ապացույցների բեռը: Վկաների, նաեւ կալանավորված անձանց գործերով վկաների հարցաքննությունը դատարանը թողեց վերջնական փուլին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031