ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում
«Բարև ձեզ,
Մեծարգո՛ պարոն նախարար,
Մեծարգո՛ պարոն Գերապետրիտիս,
Կարդացեք նաև
Ձերդ գերազանցություն, իմ լավ բարեկամ,
Սիրելի՛ հյուրեր,
Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը։ Սա մեզ համար տարվա առաջին պաշտոնական այցն է և այս առումով ևս բավականին խորհրդանշական է: Ձեր այցը համերաշխության կարևորագույն դրսևորում է մի ժամանակաշրջանում, երբ մենք իսկապես զգում ենք այդ համերաշխության և աջակցության կարիքը, պարոն նախարար:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայ և հույն ժողովուրդների միջև բարեկամությունն, իհարկե, գնում է դարերի և հազարամյակների խորքը, և՛ հայկական, և՛ հունական պետականություններն են սերտ համագործակցություն ունեցել պատմության տարբեր դրվագներում, բայց անդրադառնալով մեր ժամանակակից պետություններին՝ Հայաստանի Հանրապետությունը Հունաստանի հետ անցած 30 տարիների ընթացքում հաջողել է կառուցել ամուր գործընկերային, բարեկամական հարաբերություններ, մեր օրակարգը բավականին հարուստ է բոլոր ոլորտներում: Ինչ վերաբերում է մեր այսօրվա այցին, անշուշտ, այսօրվա այցը և հանդիպումը ևս շատ լավ հնարավորություն էր անդրադառնալ այդ օրակարգին, նոր լիցք հաղորդել հարաբերություններին, մի քայլ առաջ մղել մեր ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, անդրադառնալ բազմաթիվ թեմաների՝ տնտեսությունից, անվտանգությունից, պաշտպանությունից մինչև մշակույթ: Մենք նախանշեցինք նաև այս տարվա համար մեր գործողությունները՝ մի յուրօրինակ, կարելի է ասել, ճանապարհային քարտեզ՝ սկսած բարձրաստիճան պաշտոնական այցելություններից մինչև տարբեր ոլորտներում միջոցառումներ: Իհարկե, շատ մեծ դեր այստեղ կարող է ունենալ տարվա առաջին կիսամյակում նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Ես շնորհակալություն եմ հայտնել նաև իմ հույն գործընկերոջը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում Հունաստանի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Մենք իսկապես տրամադրված ենք զարգացնել այդ հարաբերությունները՝ հիմնված այն արժեքների վրա, որ մենք կիսում ենք Հայաստանում, Հունաստանում և Եվրոպական միությունում. խոսքը, բնականաբար, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և մյուս արժեքների մասին է: Եվ ես ակնկալում եմ Հունաստանի հետագա աջակցությունն այս գործընթացում ևս:
Պետք է նշել, որ մեր համագործակցությունը բավականին արդյունավետ և ինտենսիվ է նաև բազմակողմ հարթակներում, և սա վերաբերում է նաև առանձին եռակողմ ձևաչափերի, որ մենք ունենք Հունաստանի հետ: Մենք մտադիր ենք այս ձևաչափերով ևս շարունակել մեր համագործակցությունը:
Իհարկե, հարգելի՛ գործընկերներ, իմ գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը հանգամանալից կերպով ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո, ինչպես նաև խաղաղության գործընթացը: Ներկայացրել եմ խաղաղության գործընթացի մանրամասները, խնդիրները, ծրագրերը և նախաձեռնությունները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել՝ որպես լուծում, օրինակ «Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման հարցում և, իհարկե, մյուս մանրամասները: Ընդգծել եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին և բարդություններին, չնայած դանդաղեցումներին և ապակառուցողականությանը, որոնց մենք ականատես ենք լինում որոշ դեպքերում, ՀՀ-ն վճռական է և հաստատակամ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու խաղաղության բանակցությունները, և մենք հավատում ենք, որ երկուստեք կառուցողական մոտեցման ցուցաբերման դեպքում, քաղաքական կամքի դեպքում մենք շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում:
Եզրափակելով, մեծարգո՛ պարոն նախարար, ուզում եմ շնորհակալություն հայտնել այցի համար և հայտնել վստահություն, որ սա միայն մեկ օրն էր մեր շատ ինտեսիվ և՛ բարեկամական, և՛ եղբայրական հարաբերությունների:
Շնորհակալ եմ»:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն