Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարտիրոսյան. «2023 թվականին արձանագրել ենք ընդհանուր բնապահպանական խախտումների 2483 դեպք, որը 2022-ի համեմատ աճել է 100-ով»

Հունվար 10,2024 15:35

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում ամփոփելով 2023 թվականին կատարված աշխատանքները՝ ասաց, որ անցած տարի ունեցել են նախատեսված ծրագրով 14 միջոցառում եւ ստուգումների տարեկան ծրագրով հաստատված 155 ստուգում:

«Ըստ ոլորտների, պայմանավորված նաեւ ռիսկերի մեթոդաբանությամբ՝ ընտրել ենք ավելի գերակա եւ ավելի ռիսկային, մասնավորապես, հանքարդյունաբերության, ջրօգտագործման, շինարարության, թափոնների ոչնչացման, անտառային տնտեսության ոլորտները: Բացի ծրագրային ստուգումներից՝ իրականացրել ենք նաեւ 137 արտածրագրային ստուգումներ, ինչը պայմանավորված է եղել տարբեր գերատեսչություններից, մարմիններից, նաեւ քաղաքացիներից ստացված բողոքներով»,-ասաց պարոն Մարտիրոսյանը:

«Շինարարության ոլորտում 2023 թվականին իրականացրել ենք 34 ստուգում, որից 23-ը՝ Երեւան քաղաքում: Խոսքը խոշոր շինարարական ընկերությունների մասին է, որոնք մեծ կառուցապատումներ են իրականացնում:

Անցած տարվա ընթացքում արձանագրել ենք ընդհանուր բնապահպանական խախտումների 2483 դեպք, որը 2022 թվականի համեմատ աճել է 100-ով: 2483-ի կառուցվածքի մեջ բաշխվածությունն ըստ ոլորտների այսպիսին է. բուսական եւ կենդանական աշխարհի պահպանության ոլորտ՝ 868 խախտում, մթնոլորտային օդի պահպանության՝ 330, որից 193-ը միայն Երեւանում: Սրա մեջ մտնում են ինչպես փոշու արտանետումների, այնպես էլ առանց համապատասխան թույլտվության սահմանային արտանետումների՝ ածխածին եւ այլ տարրերի դեպքերը:

Ընդերքօգտագործման եւ պահպանության ոլորտում արձանագրել ենք 174 խախտման դեպք:

Ամբողջ խախտումների մասով կայացվել է 1114 վարչական տույժի որոշում՝ մոտ 135 միլիոն դրամ:

2023-ին կայացրել ենք նաեւ տնտեսվարողների գործունեության կասեցման 46 որոշում, որից 33-ը ջրօգտագործման ոլորտում: Մթնոլորտային սահմանային արտանետման պատճառով կատարվել է 10 կասեցում:

Երկու կասեցում ենք իրականացրել ընդերքօգտագործման ոլորտում: Խոսքը, մասնավորապես, Արաքս գետի ավազանում իրականացվող ընդերքօգտագործման գործունեության հետեւանքով առաջացած խնդիրների մասին է, որից հետո դիմել ենք լիազոր մարմնին եւ ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է», ասաց բանախոսը:

Հովհաննես Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ բավականին մեծ վնաս է պատճառվել շրջակա միջավայրին եւ պետությանը: Մասնավորապես, 2023 թվականին բացահայտվել եւ ընդհանուր հաշվարկվել է պետությանը պատճառված վնաս՝ շուրջ 4 մլրդ. 882 մլն դրամ դրամ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031