«40 հազարից ավելի աշխատունակ տարիքի մարդիկ կան անապահովության համակարգում։ Երբ անապահովության նոր համակարգը կուսումնասիրենք եւ անհատական ուսումնասիրությամբ կհասկանանք, որ անձն աշխատունակ տարիքում է, ապա ավտոմատ հանելու ենք նպաստի համակարգից»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա վստահեցմամբ՝ նպաստի համակարգից կհանվեն այն անձինք, ովքեր իրոք իրենց հոգածության ներքո չունեն հաշմանդամություն ունեցող ծնող, երեխա եւ այլն․ «Բայց երբ աշխատունակ տարիքի անձն ուղղակի գտնվում է անապահովության համակարգում, դա իր համար կոմֆորտային վիճակ է, ամսական էլ աշխատավարձի նման գումար է ստանում, միջինը 33 հազար է, ու ասենք մի ուրիշ ֆորմալ բանով էլ կփորձի զբաղվել, գլուխը պահել, դուրս են գալու համակարգից։ Մենք ասում ենք՝ ոչ, մարդը պետք է աշխատի ու մենք պետք է խրախուսենք, որ մարդն աշխատի»։
Նախարարի ներկայացմամբ՝ նախատեսվում է միջին նպաստի չափն էլ բարձրացնել, զուգահեռ նպաստի հասցեականությունն էլ է բարձրանալու։
«Մինչեւ 2026 թվականը 20%-ով փորձելու ենք կրճատել նպաստառու ընտանիքների թիվը եւ 25 տոկոսային կետով, ըստ մեր նոր համակարգի, հասցեականությունն ենք բարձրացնելու։ Մարդիկ կլինեն, որ դուրս կգան համակարգից, մարդիկ էլ կլինեն, որ պետք լինեին, բայց չեն եղել, կներգրավվեն համակարգում։ Ամենակարեւոր բանը, որ պետք է անենք, պետք է մարդկանց աշխարհայացքի վրա աշխատենք, եւ փորձենք մարդկանց դուրս հանել այդ նպաստների քարանձավից եւ ասել, որ աշխատանքով է հնարավոր փոխել կարգավիճակը»,-ասաց նախարարը։
Կարդացեք նաև
Մկրտչյանը հայտնեց, որ նախատեսվում է նաեւ օրենսդրական փոփոխություն, որպեսզի մարդը խրախուսվի աշխատելու համար։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ