Բանակում երկու զոհ կա: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կատաստրոֆիկ բառը շատ խիստ է ասված, բանակում իրավիճակը շատ մտահոգիչ է. «Բնականաբար, նախաքննական պրոցես է գնում՝ պարզելու բոլոր հանգամանքները»:
Կլինե՞ն պաշտոնանկություններ, թե՞ ոչ՝ նա ասաց, որ պարզ կդառնա նախաքննությունից հետո. «Ոնց որ թե գործ ունենք երկու առաջնային դեպքերի հետ՝ ինքնասպանություն եւ սպանություն»:
Հարցին՝ նախկինում, երբ նման դեպք էր լինում, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից շատ սուր քննադատության էր արժանանում, հիմա այդ հետեւողականությունն ինչո՞ւ չկա, կպատժվե՞ն մեղավորները, ովքե՞ր կկրեն պատասխանատվություն՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Եթե մեղավորները հայտնաբերվեն, բոլորն էլ կստանան պաշտոնանկություն»:
Հարցին՝ Սուրեն Պապիկյանը, որպես քաղաքական պատասխանատու, չպե՞տք է պաշտոնանկ արվի՝ նա պատասխանեց. «Ո՛չ: Պաշտոնանկ կարվի այն մարդը, պատասխանատվություն կրող այն անձնավորությունը, որի պատճառով տեղի են ունեցել ինչ-որ դեպքեր: Ում ենք համարում պատասխանատու՝ նախաքննությունը ավարտվելուց հետո պարզ կդառնա: Նախ` պետք է հասկանալ՝ ինչու է եղել ինքնասպանություն, եթե դա ինքնասպանություն է եւ ինչու է եղել սպանություն, եթե դա սպանություն է, քննությունը ավարտվելուց հետո պարզ կդառնա մեղավորների շրջանակը եւ մինչեւ ուր կհասնի դա: Դուք միանգամից ուզում եք սենսացիոն պաշտոնանկություններ, այդպես չի: Այդպես որ գնա, այսօր ոչ մի պաշտոնյա իր տեղում պետք է չլինի: Ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում»:
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին՝ Ազատ գյուղի դեպքերից հետո կորպուսի հրամանատարը առանց քննության ազատվեց՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Գիտե՞ք, որ քրեական գործեր կան հարուցված»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը 2018-ին գրառում էր արել, որ այս մահվան դեպքերը լրատվամիջոցներում չպետք է լինեն վերնագրեր եւ անցնեն, գնան, պետք է կոնկրետ պատասխանատուներ լինեն, այս դեպքում ինչո՞ւ մենք ձեր իշխանության օրոք չենք տեսնում կոնկրետ պատասխանատուների՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Լավ էլ տեսնում եք: Երբ որ ուզում եք, տեսնում եք, երբ չեք ուզում՝ չեք տեսնում, նայած էդ օրը ոնց եք արթնացել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ