Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանի կառավարությունը պատրաստակամ է Հայաստանին սատարելու բոլոր հնարավոր ուղղություններով. Գերապետրիտիսը՝ Փաշինյանին

Հունվար 10,2024 14:58

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսին:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Սա մեզ համար շատ կարևոր այց է, որովհետև մենք բավականին ընդգրկուն օրակարգ ունենք եղբայրական և բարեկամ Հունաստանի հետ, ինչպես նաև շատ կարևոր համագործակցություն՝ Եվրոպական Միության շրջանակում։ Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Հունաստանը Եվրոպական Միության և ընդհանրապես, միջազգային հանրության հետ միասին մատուցել և մատուցում է մեզ։ Իհարկե, մենք չենք կարծում, որ կարողացել ենք ամբողջությամբ օգտագործել մեր հարաբերությունները զարգացնելու ներուժը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ առումով։ Հուսով եմ, որ այս այցի արդյունքում կբարձրացնենք այդ ներուժի օգտագործման մակարդակը։ Կխնդրեմ Ձեզ փոխանցել իմ ջերմագին ողջույնները վարչապետ Միցոտակիսին։ Հույս ունեմ, որ նրա հետ հանդիպելու նոր հնարավորություններ կլինեն։ Կարծում եմ՝ շատ կարևոր առանձնազրույց ենք ունեցել Գրանադայում, և, իհարկե, Հունաստանի հետ մեր հարաբերությունների խորացումը շատ կարևոր է մեզ համար»։

Իր հերթին Հունաստանի ԱԳ նախարարը նշել է. «Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ, ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և Ձեզ անձամբ տեսնել։ Շատ արդյունավետ ու կառուցողական հանդիպում ունեցա իմ ընկեր և գործընկեր արտգործնախարար Միրզոյանի հետ։ Մեր երկու ազգերը կապված են ամուր պատմական կապերով, և մենք ոչ միայն ցանկանում ենք պահպանել այս կապերը, այլ նաև առաջ մղել դրանք, որովհետև կարծում ենք, որ հայ ժողովուրդը ոչ միայն մեր գործընկերն է, այլ նաև մեր մտերիմ ընկերը։ Մենք դարերի խորքից եկող եղբայրական հարաբերություններ ունենք։  Պարոն վարչապետ, իմ այս այցը կարևոր ազդանշան է մեր երկկողմ հարաբերությունների համար և մեր երկրի վարչապետի պատրաստակամության մասով, ով Ձեզ է հղում ջերմ ողջույններ: Ընդգծեմ, որ Հունաստանի կառավարությունը պատրաստակամ է Հայաստանին սատարելու բոլոր հնարավոր ուղղություններով, ինչպես Եվրոպական միության հետ հարաբերություններում, այնպես էլ Հայաստանի Եվրոպական ընտանիք ինտեգրման երկխոսության հեռանկարի շրջանակներում»:

Զրուցակիցները քննարկել են հայ-հունական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցությանը, համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող թեմաներ:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերի վերաբերյալ: Այս առումով, կողմերը կարևորել են միջազգային հանրության աջակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացմանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031