Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանյութերում երեւում են ոստիկանների բռնի գործողությունները, բայց որեւէ ոստիկանի նկատմամբ քրեական վարույթ չկա. Հովհաննես Խուդոյան

Հունվար 10,2024 14:54

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվեցին «Տաթեւիկ Վիրաբյանի եւ 10»-ի գործով նախնական դատական լսումները:

Հիշեցնենք, այս գործով կան 11 մեղադրյալներ՝ պայմանավորված Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում զարգացած իրադարձություններով։ Այդ օրը Ադրբեջանը պատերազմ էր սկսել Արցախում եւ Երեւանում մարդիկ ինքնաբուխ հանրահավաքի էին դուրս եկել Հանրապետության հրապարակում: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշոցներ տեղի ունեցան, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ բերման ենթարկվեցին: Մի մասի նկատմամբ մեղադրանքը զանգվածային անկարգություններին մասնակցելն է, մյուս մասինը՝ խուլիգանությունը։ Տաթեւիկ Վիրաբյանը տեւական ժամանակ գտնվում էր կալանքի տակ, որը հետագայում փոխարինվեց տնային կալանքով, ապա տնային կալանքը նույնպես հանվեց: Տաթեւիկ Վիրաբյանը մեղադրվում է խուլիգանություն եւ զանգվածային անկարգությունների կոչեր հնչեցնելու մեջ:

Այս գործով մեղադրանքները ներկայացված են մեկ ոստիկանի ցուցմունքով:

Այսօր կայացած նիստում քննվեց գույքային պահանջի հարցը. հանրային մեղադրողը նման պահանջ չներկայացրեց:

Գոռ Հակոբյանի պաշտպանն Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ առարկություն ունի հանրային մեղադրող Աբգար Առաքելյանի՝ սույն վարույթին մասնակցության հարցով: Նա նկատեց, որ դատարանին ներկայացված տեսանյութում, հենց սկզբից եւ մեծ պլանով տեսանելի է, թե ինչպես է ոստիկանն առաջին շարքից վերցնում պլաստմասե շիշը եւ նետում ցուցարարների ուղղությամբ, նույն տեսանյութում կա նաեւ դրվագ, որ այդ միեւնույն ոստիկանը ցուցարարների շարքից քաշում է մեկ ցուցարարի եւ վերջինիս կողմից դիմադրության բացակայության պայմաններում տեսանելի է նրան ոստիկանների կողմից խմբակային ծեծի ենթարկելու դրվագ: Հանրային մեղադրողի նկատմամբ առարկության պատճառն այն է, որ ոստիկանների գործողություններին քրեադատավարական գնահատական չի տրվել, ինչը նախաքննական մարմնի անմիջական պարտականությունն էր: Հովհաննես Խուդոյանն այս ամենից հետեւություն է անում, որ քննիչն ու դատախազն ի սկզբանե գործել են համաձայնեցված եւ միակողմանի եւ հանրային մեղադրողն օբյեկտիվ չէ:

Փաստաբաններից Արսեն Բաբայանն էլ հայտարարեց, որ ողջ նախաքննությունն իրականացվել է ոչ օբյեկտիվ, ոչ իրավական եւ դա փաստում է այն, որ վարույթի նյութերում չկա հարցաքննված որեւէ վկա, որը ոստիկան չէ: Մինչդեռ տեսանյութերում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ներկա են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում: Չի հարցաքննվել նաեւ որեւէ լրագրող: Փոխարենը հարցաքննվել են մարդիկ, ովքեր դեպքի վայրում չեն եղել, բայց ճանաչել են իր վստահորդներին եւ կարծիք են հայտնել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հանրային մեղադրողն անհիմն է համարում իր դեմ ներկայացված միջնորդությունը՝ հայտարարելով, որ այս վարույթը հիմնական գործի անջատված մասն է եւ վերաբերում է մեղադրյալների կատարած հանցագործության հիմնավորումներին ու պաշտպանական կողմը ծանոթ չէ վարույթի շրջանակներում իրականացված բոլոր գործողություններին: Նա հայտարարեց, որ երեք քրեական վարույթ կա՝ հենց ոստիկանների գործողությունների մասով, ուստի իր բացարկի միջնորդությունը անհիմն է: Նա վստահեցրեց, որ սույն քրեական վարույթով այլ անձանց քննություն նույնպես իրականացվել է, դրանք տեսագրված են: Հանրային մեղադրողը պատասխանելով Հովհաննես Խուդոյանի հարցին, ասաց, որ ոստիկանների գործով վարույթներն իր հսկողության ներքո չեն եւ տեղյակ չէ դրանց մանրամասներից:

Պաշտպաններից Արսեն Բաբայանն էլ տարակուսեց հանրային պաշտպանի այն հայտարարությունից, որ կան հարցաքննված այլ վկաներ, բայց դրանք ներկայացված չեն այս վարույթում. նա ենթադրում է, որ հնարավոր է դրանք արդարացնեն իր վստահորդներին, ուստի հանրային մեղադրողին բացարկի միջնորդությունն ավելի հիմնավոր է համարում:

Հովհաննես Խուդոյանն էլ հայտարարեց, որ իր տեղեկությամբ, որեւէ ոստիկանի նկատմամբ քրեական վարույթ հարուցված չէ, ուստի հանրային մեղադրողի այն հայտարարությունը, որ կան այլ վարույթներ ոստիկանների նկատմամբ, այդ պատճառով ինքը հավելյալ ջանքեր չի գործադրել, կրկին ավելի են հաստատում միջնորդությունը: Ավելին, եթե անգամ ոստիկանների նկատմամբ կան այլ վարույթներ ու պաշտպանական կողմը դրանց չի տիրապետում, ինչն էլ հնարավորություն չի ընձեռում ամբողջական պաշտպանություն իրականացնել, նույնպես հանրային մեղադրողի թերացումն է:

Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը:

 

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031